Նիդեռլանդները ևս դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Շարմ Էլ Շեյխ


Նիդեռլանդները ևս դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Շարմ Էլ Շեյխ

  • 05-11-2015 18:55:59   | Նիդեռլանդներ  |  Հասարակություն

Նիդեռլանդների ԱԳՆ-ն որոշել է կասեցնել հոլանդական ավիաընկերությունների բոլոր չվերթները դեպի եգիպտական Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ: Անվտանգության նկատառումներից բխող միջոցառումներն ամենաքիչը կգործեն մինչև նոյեմբերի 8-ը:
Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով NL Times-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` բացի այդ, դիվանագիտական կառույցը նաև հանձնարարել է խուսափել Սինայական թերակղզու վրայով կատարվող թռիչքներից:
Երկրի կառավարությունը քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ նշյալ ուղղություններով թռիչքներից, քանի դեռ չկան նոր տեղեկություններ օրերս այդ վայրում ռուսական ինքնաթիռի կործանման բուն պատճառների մասին:
Այնտեղ գտնվող հոլանդացիներին խորհուրդ է տրվում դիմել իրենց զբոսաշրջային գործակալություններ: 
Նիդեռլանդների ԱԳՆ-ի տվյալներով` ներկայումս Շարմ Էլ Շեյխում հանգստանում են այդ երկրի 408 քաղաքացի:
Նշվում է, որ հոլանդական իշխանությունները սպասում են տվյալ հանգստավայրում անվտանգության պայմանների վերաբերյալ բրիտանական հետաքննության արդյունքներին:
Ավելի վաղ, նմանատիպ որոշում էր կայացրել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play