Տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումը և «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսը


Տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումը և «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսը

  • 05-11-2015 18:59:23   | Հայաստան  |  Մշակույթ

 
Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսությունը և «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսը:
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Նա մասնավորապես նշեց. «Մեծ ուրախություն և հպարտություն է փաստել, որ այսօր մենք նշում ենք 60-ամյակը մի հաստատության, որը, գործելով Հայրենիքից դուրս, դարձել է հայագիտության ամենահեղինակավոր և բարձրակարգ կենտրոններից մեկն ամբողջ աշխարհում: Որքան ուժ, եռանդ ու սեր ունեին կրթության ու գիտության հանդեպ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները, որ 1955թ. Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերության (ԱՀԱԸ) և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանչական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) աջակցությամբ հիմնեցին Հայկազյան քոլեջը, որը տարեցտարի ընդլայնեց իր գործունեությունը և 1966թ. Լիբանանի կրթության նախարարության կողմից ստացավ համալսարանի կարգավիճակ»:
 
ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ իր գործունեության 60 տարիների ընթացքում, հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների, Հայկազյանը ոչ միայն չընկրկեց դժվարությունների առջև, այլև ավելի զարգացավ ու հզորացավ: «Եվ այսօր Համալսարանը ոչ միայն իր ուսանողներին ապահովում է անհրաժեշտ գիտելիքներով, այլև հայրենագիտության և հայրենասիրության դարբնոց է, հայոց լեզվի, պատմության ու մշակույթի, հայ հավատքի պահպանման և զարգացման կենտրոն», - հավելեց նա:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց համալսարանի հայկականության պահպանման ձգտումը, որի շնորհիվ ապահովվում է հայոց լեզվի և գրականության, պատմության, քաղաքագիտական հարցերի և մշակույթի ակադեմիական հիմնարար գիտելիքների մատուցումը ուսանողներին և նրանց պատրաստումը ուսուցչության և համայնքային ծառայության գործին: 
ՀՀ սփյուռքի նախարարը խոսեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև ծավալված սերտ գործակցության մասին՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և համահայկական նշանակության գաղափարների շուրջ համախմբվելու: «2011թ. սեպտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկազյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Բեյրութում անցկացվել է «Հայաստան-Սփյուռք գործակցություն. երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում քննարկված հարցերը ընդգրկվել են Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի և Հայկազյան համալսարանի Սփուռքի ուսումնասիրության կենտրոնի առաջիկա աշխատանքային ծրագրերում: Որպես օրինակ՝ առանձնացվեց այն, որ 2014թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող գիտական թեմատիկ պատվերների շրջանակներում Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի հետ պայմանագիր է կնքվել «Լիբանանահայ համայնքի պատմությունը» թեմայով գիտական հետազոտություն պատրաստելու վերաբերյալ, որը շուտով կդրվի ընթերցողի սեղանին: Կարծում եմ նման հետազոտությունը մեծ ներդրում կլինի Սփյուռքի ամենահայաշունչ համայնքի պատմության ամբողջացման առումով:
Համալսարանի 60-ամյա փայլուն գործունեության, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների, Սփյուռքի համայնքների միջև և հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բեյրութի Հայկազյան համալսարանին պարգևատրեց նախարարության Ոսկե հուշամեդալով և այն հանձնեց համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Յուրի Սուվարյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է է՛լ ավելի սերտացնել համագործակցությունը հայաստանյան հայագիտական կենտրոնների, մասնավորապես ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ: Յ.Սուվարյանը հավաստիացրեց, որ ակադեմիայի ինստիտուտներն ունեն մասնագիտական ներուժ՝ Հայկազյան համալսարանում անհրաժեշտ փորձի փոխանակում և վերապատրաստումներ իրականացնելու համար: 
 ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը հանդիսության մասնակիցներին փոխանցեց ռեկտոր Արամ Սիմոնյանի ողջույնի խոսքը և Փոլ Հայդոսթյանին հանձնեց ԵՊՀ Ոսկե հուշամեդալ:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի և պարգևների համար՝ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը նախ շեշտեց, որ հանձինս ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար  Հրանուշ Հակոբյանի, Հայրենիքում ունեն հարազատ ներկայություն:  «Տարիներ շարունակ նախարարության հետ սերտ գործակցում ենք, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայացված և ճանաչելի է դարձել Հայաստանում», - նշեց նա: Փոլ Հայդոսթյանը ներկաներին փոխանցեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալը նվիրում է Հայկազյան համալսարանի հիմնադիր Արմենակ Հայկազյանին: Վերապատվելի դոկտորը ներկայացրեց հայագիտական համալսարանի անցած ճանապարհը՝ նշելով, որ բուհը տասնամյակներ շարունակ լավագույնս ներկայացնում է հայությանը ողջ արաբական աշխարհում:
Փ.Հայդոսթյանը Համալսարանի 60-ամյակին նվիրված հուշամեդալը շնորհեց ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանին և վստահեցրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարի՝ Բեյրութ և մասնավորապես Հայկազյան համալսարան պարբերական այցելությունները մեծ լիցքեր են հաղորդում համալսարանականներին:
Փոլ Հայդոսթյանը հուշամեդալներ հանձնեց նաև ՀՀ ԳԱԱ-ին և ԵՊՀ-ին:
Այնուհետեւ տեղի ունեցավ «Հայկազյան հայագիտական հանդես»-ի հոբելյանական՝ 35-րդ համարի շնորհանդեսը:
Զեկույցով հանդես եկավ Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը: Խոսելով 1970 թվականից հրատարակվող  Հայկազյան համալսարանի «Հայկազյան հայագիտական հանդես»-ի մասին՝ Ա.Դաքեսյանը նշեց. «Հանդեսի նպատակն է քաջալերել Սփյուռքի՝ մասնավորապես լիբանանահայ մտավորականների գործունեությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Հայաստանի գիտնականների համագործակցությանը: Հանդեսում լույս են տեսնում հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ՝ հայերեն, նաև արաբերեն, արևմտաեվրոպական լեզուներով: Աշխատակցել են Հայաստանից, սփյուռքից և օտարազգի հայագետներ», -նշեց նա:
Զեկույցներով հանդես եկան Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը:
«Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսին նվիրված ելույթներով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը, բ.գ.թ. պատմաբան, կինոգետ Արծվի Բխչինյանը և բանասեր Միհրան Մինասյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ