Երեւանում անցկացվեց «Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում» թեմայով սեմինարը


Երեւանում անցկացվեց «Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում» թեմայով սեմինարը

  • 16-11-2010 20:11:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 16-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ԵՄ-ՏՀԶԿ (OECD)-Սիգմա ծրագրի համատեղ նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց «Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում» թեմայով սեմինարը: 2009թ. նոյեմբերին ՔԾԽ առաջարկությամբ SIGMA-ի փորձագետները սկսեցին Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի համակողմանի արտաքին գնահատում` նրա հետագա բարեփոխումների եւ զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու համար: ՍԻԳՄԱ-ի գնահատումը տալիս է անկախ վերլուծություն եւ առաջարկություններ քաղաքացիական ծառայության համակարգի բոլոր ուղղությունների վերաբերյալ /սկզբունքներ, շրջանակ, հաշվետվողականություն, իրավունքներ եւ պարտականություններ, պրոֆեսիոնալ անկախություն, համալրում, վերապատրաստում, վարձատրություն, կատարողականի գնահատում, ինչպես նաեւ համակարգի կառավարման կարողություն/: Նպատակն է ուղեցույց հանդիսանալ Հայաստանում կայուն եւ պրոֆեսիոնալ քաղծառայության համակարգի ամրապնդման համար: Գնահատումը բացահայտում է աշխատակազմի նոր ունակությունների խթանման հատուկ կարիքները, մարդկային ռեսուրսների քաղաքականության եւ գործիքների զարգացումը, էթիկայի կանոնները եւ կառավարման կարողությունը: Անցկացված սեմինարը նպատակ էր հետապնդում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել այդ գնահատման արդյունքները, առաջարկությունները եւ եզրահանգումները, ինչպես նաեւ որոշակիացնել ՍԻԳՄԱ-ի հետագա հնարավոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումներին: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ՔԾԽ-ն, քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված 45 մարմինների աշխատակազմերի ղեկավարները, ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկա էին նաեւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը եւ այլոք: Սեմինարի բացման խոսքում ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցությունը տեղի է ունենում ԵՄ «Հարեւանության քաղաքականության ծրագրից» բխող Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որոնց նպատակը մեր երկրում քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է: «Հեղափոխություններ չենք անելու, որովհետեւ նոր կայացող համակարգը գործ ունի նախկինից ժառանգած հոգեբանական եւ կարծրատիպային խնդիրների հաղթահարման հետ: Մեր նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգը կառուցել արժանիքների գնահատման, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքների վրա: ՍԻԳՄԱ-ի կատարած գնահատման հիման վրա ներկայացվող առաջարկություններից շատերը մենք արդեն փորձել ենք կյանքի կոչել`կատարելով համապատասխան օրենսդրական, կազմակերպչական ու մեթոդական փոփոխություններ»: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ Դե Լյուցենբերգերը նշեց, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի բարեփոխումների համար կա բավարար պոտենցիալ ու ցանկություն եւ անհրաժեշտ է ռեսուրսների ճիշտ բաշխում կատարել: «Մարտահրավերները շատ են, սակայն բարեփոխումների ճիշտ օրակարգի ձեւավորումը կենսական նշանակություն ունի երկրի արդիականացման եւ եվրոինտեգրման հեռանկարի առումով»,- ասաց Ռ. Լյուցենբերգերը: Սեմինարն անդրադարձավ բարեփոխումների տարբեր ասպեկտների, ինչպես օրինակ կադրերի համալրումը եւ առաջխաղացումը, ինչպես նաեւ աշխատանքի կատարողականի գնահատումն ու վարձատրության փոխշաղկապվածության ապահովումը: ՍԻԳՄԱ-ն /Կառավարման եւ ղեկավարման զարգացման աջակցություն/ OECD-ի եւ ԵՄ համատեղ նախաձեռնություն է, որը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այն աջակցում է Հայսատանի հանրային կառավարման բարեփոխումներին սկսած 2008թ-ից` Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո: ՍԻԳՄԱ ծրագիրը նախաձեռնվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության /OECD/ կողմից 1992թ-ին` կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրների հանրային կառավարման համակարգերում ընթացող բարեփոխումներին աջակցելու նպատակով: ԵՄ հարեւանության քաղաքականության ընդունումից հետո հարավկովկասյան երկրները ներգրավվեցին ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցության շրջանակ: Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի մամլո ծառայություն 16.11.2010թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն