Հայաստանի սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային 344 գյուղեր ապահովվել են անվճար Wi-Fi-ով


Հայաստանի սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային 344 գյուղեր ապահովվել են անվճար Wi-Fi-ով

  • 13-11-2015 11:43:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող թվով 344 գյուղական բնակավայրերում տեղադրվել են անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ ցանցի սարքեր, որոնց շնորհիվ գյուղացիները հնարավորություն կունենան անվճար օգտվել ինտերնետի ընձեռած հնարավորություններից: 
 
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ինտերնետային հասանելիությունը և բարձրացնել դրա կիրառելիության մակարդակը Հայաստանի գյուղական համայնքներում։
WiFi մոդեմները դրված են յուրաքանչյուր գյուղի որևէ հասարակական վայրում՝ դպրոցում, քաղաքապետարանում կամ մշակույթի տանը։ Մեկ մոդեմին միաժամանակ կարող է միանալ մինչև 25 մարդ։ 
Ծրագիրը, որը մեկնարկել է 2015թ. հունվարին, համակարգում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: 
Ծրագիրը կտևի մեկ տարի, որից հետո մոդեմները կտրամադրվեն համայնքներին։ 
Հաջորդ 2 տարում կապը պետք է ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինները։
Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման համար մեծածավալ աշխատանք է իրականացվել: 
Օրինակներից է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որն ավելացրել է մարզերում համակարգչից օգտվողների թիվը: Հաջորդ քայլը ինտերնետ օգտագործողների թվի աճին նպաստելն է, ինչը կիրագործվի նաև ՁԻՀ-ի կողմից համակարգվող «ՀՀ գյուղերում անլար (Wi-Fi երթուղղիչ) ինտերնետ ցանցի սարքերի մատակարարում և տեղադրում» ծրագրի միջոցով: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play