Մեքսիկայի Դաշնային ոստիկանության և դատախազության աշխատակիցները փրկել են Չյապաս նահանգի սուրճի պլանտացիաներում ստրկական աշխատանք կատարող ավելի քան 50 երեխայի։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Տելևիսա» մեդիահոլդինգին, բոլոր անչափահասները և նրանց ծնողները, ընդհանուր առմամբ 18 ընտանիք, Գվատեմալայի քաղաքացիներ են:
Չյապասում Գվատեմալայի գլխավոր հյուպատոս Էկտոր Սիպակի փոխանցմամբ՝ այդ 18 ընտանիքներում եղել է 54 անչափահաս, որոնք շաբաթը 6 օր, 10-ական ժամ աշխատել են` զատելով սուրճի հատիկները: Յուրաքանչյուր կիլոգրամ սուրճի համար նրանց վճարել են ընդամենը 1.5 պեսո (0.09 դոլար) և վատ են կերակրել: Իշխանության ներկայացուցիչները պլանտացիաների սեփականատերերին տուգանել են երեխաներին շահագործելու համար: Դրանից հետո բոլոր ընտանիքները վերադարձել են Գվատեմալա:
Նշվում է, որ Չյապասը սուրճի արտադրանքով զբաղվող մեքսիկական 12 նահանգներից ամենաառաջատարն է: Միգրացիայի ազգային ինստիտուտի տվյալներով` գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար ամեն տարի այս շրջան է ժամանում 75 հազար գվատեմալացի: