Հենց գործը հասնում է Արցախին, պարզվում է, որ բոլորը ծախված են.Քաղաքագետ


Հենց գործը հասնում է Արցախին, պարզվում է, որ բոլորը ծախված են.Քաղաքագետ

  • 23-11-2015 18:48:15   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարդեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրոպական Հարևանության վերանայված՝ շրջանակային ծրագրի մասին ասել էոր այն կարևոր բաղադրիչներ է իր մեջ պարունակումայդ թվում նաև անվտանգությանՆա նշել էոր նախկինում դա ուժեղ արտացոլված չէր ծրագրումայժմ մտցվել և ուժեղացվել է գործընկերների խնդրանքովԻ՞նչ է սանշանակումարդյոք Հայաստանը անվտանգության այլ երաշխիքներ է փնտրում, ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից բացի:

 

Քաղաքականության մեջ երբեք չի կարելի միայն մեկ ուժի վրա խաղադրույք դնել: Արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա: Այսօր մեր ամբողջ անվտանգության համակարգը կապված է Ռուսաստանի հետ, բայց մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը: Ինքը` Ռուսաստանը, ի դեպ, ևս հետևում է դիվերսիֆիկացիայի սկզբունքին. մենք մնում ենք Ռուսաստանի դաշնակիցը, բայց Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է նաև Ադրբեջանի հետ: Այլ խնդիր է, որ «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր», և երբ այդ նույն սկզբունքին փորձում է հետևել Հայաստանը, դա արժանանում է շատ խիստ արձագանքի Մոսկվայի կողմից: Իսկ քանի որ մեր իշխանության հենարանը Հայաստանի ներսում բավական փխրուն է, նրանք չեն կարող իրենց թույլ տալ, որ Մոսկվայում իրենցից դժգոհ լինեն: Այնպես որ, կարծում եմ, որ այս հայտարարությունները այդպես էլ կմնան հայտարարությունների մակարդակով: Սակայն, ինքնին այն փաստը, որ անվտանգության խնդիրը մտել է եվրոպական կառույցների դիսկուրսի մեջ, պետք է դրական գնահատել: Դա նշանակում է, որ նրանք սկսել են ավելի իրատեսական գնահատել իրավիճակը մեր տարածաշրջանում:

 

ԵԽԽՎ-ն նոյեմբերի 23-ին պատրաստվում է հերթական խայտառակ բանաձև ընդունել, այս անգամ Սարսանգի ջրամբարի հետ կապվածԸստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի՝ ԵԽԽՎ վերջին ձախողումներըԱրդյոք սա կարո՞ղ ենք պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշմամբ:

 

Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը որոշակի դեր խաղում է, բայց պետք չէ այն չափազանցնել: Վերջին տարիներին Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են, և այսօր կարելի է ասել, որ այդ հարաբերություններն ավելի լարված են, քան Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Այստեղ խնդիրը, կարծում եմ, մեր դիվանագիտության ցածր մակարդակի մեջ է: Հատկապես դա վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը: Իհարկե, կան որոշակի բացառություններ, բայց ԵԽԽՎ-ում հանդես եկող մեր պատգամավորների մեծ մասը չեն կարող խոսել եվրոպացիների համար հասկանալի լեզվով: Ընդ որում, «լեզու» ասելիս, ես ի նկատի ունեմ ոչ միայն լեզու փոխաբերական իմաստով, այլ նաև ուղիղ` ոմանք պարզապես բավարար չափով անգլերեն և այլ եվրոպական լեզուներ չգիտեն: Առանց լեզվի իմացության դժվար է ոչ ֆորմալ կապեր ստեղծել, իսկ այդպիսի կապերը շատ բան են փոխում. կարևոր հարցերը հաճախ որոշվում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ասենք, գարեջուր խմելիս: Բայց սա երկրորդական է. կարելի է որևէ օտար լեզու չիմանալ, բայց խոսել եվրոպական արժեքների լեզվով, սակայն սա էլ չկա: Մեր պատգամավորների մեծամասնությունն ուղղակի չեն հասկանում այն տրամաբանությունը, որը գործում է եվրոպական կառույցներում, արդյունքում հայտարարում են, որ բոլորը ծախված են, հիշում են «խավիարային դիվանագիտությունը»: Բայց, չգիտես ինչու, այդ նույն «խավիարային դիվանագիտությունը» չի խանգարում, որ եվրոպական կառույցները խստացեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Բայց հենց գործը հասնում է Արցախին, պարզվում է, որ բոլորը ծախված են: Սա, մեղմ ասած, կասկածելի բացատրություն է: Ի վերջո, այն ոլորտներում, երբ մեր դիվանագիտությունը նորմալ կարողանում է աշխատել, և նրան օգնում է քաղաքացիական հասարակությունը, մենք ունենք որոշակի արդյունքներ: Ճիշտ է համեստ արդյունքներ, բայց արդյունքներ: Օրինակ՝ Եվրահանձնաժողովի հետ հարաբերություններում մեր դիվանագետներին, մեր քաղաքացիական հասարակության օգնությամբ, հաջողվեց հասնել նրան, որ այսօր բանակցությունները վերսկսվել են, և Բրյուսելը, պատկերավոր ասած, մեզ վրա «խաչ չի քաշել»: Այնպես որ, կարծում եմ, առաջնայինը պրոֆեսիոնալիզմի խնդիրն է: Եթե մեկը չի կարողանում լավ անել իր գործը, պետք է իր տեղը զիջի ուրիշին: Բայց այս սկզբունքը մեր պետական ապարատում չի աշխատում. ընդհակառակը, ինչքան ավելի վատ է աշխատում պաշտոնյան, այնքան երկարակյաց է, քանի որ ինչքան վատ է աշխատում, այնքան քիչ վտանգ է ներկայացնում վերադասի համար:

 

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, ըստ Ձեզ,  ի՞նչ արձագանք կունենա աշխարհքաղաքական զարգացումների վրա՝ հաշվի առնելով դրան հաջորդած գործողությունները:

 

Այս հարցին պատասխանելու համար երևի մի քանի ժամ կպահանջվեր, բայց ես կփորձեմ մի քանի միտումներ նշել: Նախ, որոշակի ջերմացում է նկատվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, սակայն, կարծում եմ, սա ժամանակավոր բնույթ է կրելու և հեռու գնացող հետևանքներ չի ունենա: Ղրիմի հետ կապված իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև այլևս չկա վստահություն. Ռուսաստանին այլևս վստահելի և կանխատեսելի գործընկեր չեն համարում: Նրանք կարող են առանձին հարցերում համագործակցել և գնալ փոխզիջումների, բայց վստահությունը վերականգնել այլևս հնարավոր չէ:

 

Երկրորդ, կակտիվանան գործողությունները Սիրիայում` Իսլամական Պետության դեմ: ԻՊ-ը արդեն իսկ բավական թուլացած էր ահաբեկչությունից առաջ: Քրդական ուժերը, ազատագրելով Սինջարը, լուրջ հարված հասցրեցին ԻՊ-ին, և նրանց առաջխաղացումը շարունակվում է: Դրան կգումարվեն ավելի ակտիվ ռմբակոծությունները: Այնպես որ, ռազմական առումով ԻՊ-ին պարտության մատնել հնարավոր է: Սակայն, քաղաքական առումով ԻՊ-ին հաղթելը շատ ավելի դժվար խնդիր է: Նախ պետք է ցամաքային օպերացիա իրականացնել, զինվորներ ուղարկել Սիրիա, բայց ՆԱՏՕ-ի պետությունները դա չեն ուզում անել: Գուցե դա կանի Ռուսաստանը, բայց այսպիսի օպերացիան բավականին դժվար գործ է: Խնդիրն այն է, որ եթե ԻՊ ներկայիս տարածքը հաջողվի ազատել ԻՊ-ի գրոհայիններից, կառաջանա այդ տարածքը վերահսկելու խնդիր, իսկ դրա համար շատ ավելի լուրջ ուժեր և ռեսուրսներ են պահանջվում: Այնտեղ կարող է սկսվել պարտիզանական պատերազմ, և կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում: Եվ ընդհնրապես, քանի դեռ չեն վերացվել իսլամական արմատականությունը սնող պատճառները, անգամ եթե ԻՊ-ը ոչնչացվի, նրա տեղում կարող է առաջանալ մեկ այլ, էլ ավելի զարհուրելի կազմակերպություն, ճիշտ այնպես, ինչպես ԻՊ-ը զբաղեցրեց թուլացած Ալ-Քաիդայի տեղը:

 

Երրորդ, ահաբեկչության պատճառով ԵՄ երկրներում կուժեղանան ծայրահեղ աջ, եվրասկեպտիկ տրամադրությունները, ինչն, իհարկե, կթուլացնի ԵՄ-ին և նոր դժվարություններ կստեղծի: Դրան նպաստում է նաև փախստականների հոսքը, որը Սիրիայում վերջին զարգացումների արդյունքում ուժեղացել է: Իհարկե, թե որքանով այդ տրամադրությունները երկարատև կդառնան՝ կախված է զարգացումներից: Մասնավորապես, շատ բան կախված է անվտանգության ծառայությունների աշխատանքից: Եթե հաջողվի այսօր գոյություն ունեցող ահաբեկիչների ցանցը ջախջախել և կանխել նոր ահաբեկչությունները, ինչպես նաև ինչ-որ ձևով լուծել փախստականների խնդիրը, ապա այդ տրամադրությունները շուտով կթուլանան: Եթե լինեն նոր ահաբեկչական հարձակումներ և եթե շարունակվի փախստականների զանգվածային ներհոսքը դեպի ԵՄ, ապա այդ միտումները կխորանան:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ