Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

  • 24-11-2015 19:10:48   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
 
Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերջինիս մաղթեց արգասաբեր գործունեություն: 
Նորին Սրբությունը դեսպան Պ. Սվիտալսկուն ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական կարևոր առաքելությունն ու դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, նրա մշակույթի և ինքնության պահպանման գործում: Հայոց Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու հարաբերություններին Քրիստոնեական Քույր Եկեղեցիների հետ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունը հայտնեց ԵՄ դեսպանին Փարիզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ` իր աղոթքն ու զորակցությունը փոխանցելով անմեղ զոհերի ընտանիքներին: Դատապարտելով ահաբեկչական գործողությունները` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ պետությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել մարդկության ապահով, բարօր ու խաղաղ կյանքը:
Զրույցի ընթացքում պրն. Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ իր առաքելությանը Հայաստանում` կարևորելով Եվրամիության և Հայաստանի միջև կապերի զարգացումն ու ամրապնդումը: 
Հայոց Հայրապետը և ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսեցին ԼՂ հակամարտության կարգավորմանն ի նպաստ հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող ջանքերի, համընդհանուր հոգևոր-բարոյական արժեքների, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների հանդեպ հայ ժողովրդի հանդուրժողական վերաբերմունքի մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play