ՀՀ գյուղնախարարը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները


ՀՀ գյուղնախարարը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները

  • 30-11-2015 16:24:57   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող  շուրջ  20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:
 
 Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները:
«Այսօր պաշտոնապես հրապարակվել է այն գյուղատնտեսական մթերքների ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարար Կարապետյանի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար  քանակությամբ  թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները և հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել: 
Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում: 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին և խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play