Արցախում բացվել է վիքիպեդիայի ակումբ


Արցախում բացվել է վիքիպեդիայի ակումբ

  • 30-11-2015 17:28:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Արցախի վիքի ակումբը իր գործունեությունը սկսել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի վիքի ակումբի համակարգող Իրինա Սաֆարյանը նշել է,  որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակության: 

«Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որից կարող են օգտվել բոլորը: Արցախում գործող վիքի ակումբի հիմնական նպատակն է ԼՂՀ-ի մասին գրել ավելի շատ հոդվածներ, քանի որ Արցախի մասին տեղեկությունները հայկական վիքիպեդիայում քիչ են: Հոդվածներ գրելիս օգտվում ենք գրքերից ու պետական-պաշտոնական կայքերից: Ներկա դրությամբ Արցախի մասին ունենք մոտ 100 հոդված»,-նշել է Ի. Սաֆարյան և հավելել, որ իրենք մոտ 10-15 ակտիվ խմբագիրներ ունեն, խմբագրական աշխատանքներին էլ մասնակցում է 30 խմբագիր:

Ի. Սաֆարյանի խոսքով` իրենք չունեն վիքիպեդիայի գրասենյակ. դա է պատճառը, որ խմբագրողների քանակը քիչ է:

«Առաջիկայում պատրաստվում ենք Արցախի շրջաններում և համայնքներում նոր մասնաճյուղեր բացել՝ այդ ուղղությամբ աշակերտների հետ ևս աշխատանքներ տանելու համար: Նախընտրելի է ավելի շատ դպրոցականներ ներգրավել, քանի որ ծրագիրն ավելի գիտակրթական է: Վիքի խմբագիրները աշխատանքներին զուգահեռ զբաղվում են նաև թարգմանություններով. այն նպաստում է խմբագրողների ինտելեկտի բարձրացմանը,-ավելացրել է Ի. Սաֆարյանը և ընդգծել,- կարծում եմ՝ այս ծրագիրը, հավուր պատշաճի ներկայացնելու դեպքում, լուրջ հաջողությունների ենք հասնելու: Իմ կարծիքով, Արցախի ինքնության ճանաչման գործընթացում սա ևս մի քայլ է:

Ի դեպ, լավագույն հոդվածներն էլ թարգմանվելու են այլ լեզուներով: Ցանկալի, որ բոլոր արցախցիները մեկ ամսվա ընթացքում Արցախի մասին գոնե մեկական հոդված գրեն»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ի. Սաֆարյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր ամիսը մեկ 3 օրով իրենք մեկնելու են Աղվերան՝ մասնակցելու համար փորձառու վիքի խմբագիրներների կազմակերպած դասընթացներին:

«Դասընթացների ժամանակ կատարվում է փորձի փոխանակում , որը նպաստում է սկսնակ խմբագիրների կայանալուն: Յուրաքանչյուր համայնքից վիքի դասընթացներին մասնակցում է 4-5 խմբագիր»,-ավելացրել է Ի. Սաֆարյաը` մանրամասնելով, որ տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը, կազմակերպվում է վիքի ճամբար, որին ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Սփյուռքից մասնակցում է ավելի քան 100 խմբագիր:

 

 

 

Ստեփանակերտի վիքի ակումբի ակտիվ խմբագիր Անժելիկա Զաքարյանը, ով ակումբ է հաճախում բացման օրվանից, ասել է. «Թարգմանություններ և խմբագրական աշխատանքներ կատարելիս մենք, լրացուցիչ տեղեկություններ ստանալով, բազմակաղմանի ենք ծանոթանում նյութերին, բարձրացնում մեր ինտելեկտը»

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play