Արագոնի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ


Արագոնի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

  • 02-12-2015 14:15:50   | Իսպանիա  |  Քաղաքական

2015 թվականի դեկտեմբերի 2-ին Արագոնի խորհրդարանը ընդունեց հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) կազմակերպության կողմից և մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում: Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը՝ ընդունել այս պատմական իրողությունը: 
 
Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողությունները ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:
 
Ի հավելումն ասվածի, բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ  հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն: 
 
Բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ օգտագործել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները և ընտրել հաշտեցման ուղին թուրք և հայ ժողովուրդների միջև: Այն նաև ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաև թուրքական կառույցներին վարվել նույնկերպ:
 
«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև ԵՄ անդամ երկրները և ռեգիոնալ խորհրդարանները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր»,- մեկնաբանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: «Ես կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, և որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը: Այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաև հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 21-րդ դարի առաջին ցեղասպանությունը» ,- հավելում է պարոն Օչոան:
 
Բանաձևը կոչ է անում Իսպանիային՝ օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը՝ պաշտպանել և պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում և առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունը ազգերի միջև հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ: 
 
Արագոնը ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիս-արևելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն և 47, 719 ք/կմ տարածք (փոքր-ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայող ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարեից հետո:
 
 
ՀԵԲ-ն պատրաստակամ է այս թեմայով մեկնաբանություններ կամ վերլուծություն տրամադրել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, լեհերեն, ռուսերեն եւ հայերեն: Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամները նույնպես պատրաստ են մեկնաբանել թեման: Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր քարտուղարություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play