Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին


Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին

  • 17-12-2015 14:45:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
Կառավարության պահուստային ֆոնդից  130 մլն   դրամ կհատկացվի  Տավուշի  մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝ գումարը կհատկացվի մարզի ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի  համաֆինանսավորման նպատակով:  Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվում է  Հանրապետության Նախագահի հանձնարարականով: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ն իրականացնում է սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքները չունեն համաֆինանսավորման համար այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք այդ 130 մլն դրամը հատկացնում ենք սահմանապահ համայնքներին»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:  
Կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն կտրամադրվի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել  2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով,  սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, ոռոգման ջրի սակագնի մասնակի, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով:
 
 
Աջակցություն է ստանում  ներդրումային հերթական ծրագիրը
 
Կառավարության որոշմամբ մինչև երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է  Ջերմուկ քաղաքում կառուցել ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության ու փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի չափով, որից մոտ 3.46 մլրդ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ. ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 50 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.-ին՝ 170, 2017թ.-ին՝ 187 և 2018թ.-ին՝ 205 հազար դրամ: 
Կառավարության մեկ այլ որոշմամբ  կապահովվի արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ս.թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play