Սերժ Սարգսյանը Կովկասը հայտարարել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս. Մեկնաբան


Սերժ Սարգսյանը Կովկասը հայտարարել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս. Մեկնաբան

  • 22-12-2015 19:18:07   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Դեկտեմբերի 21-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ ՌԴ ԱԳՆ պատվիրակությունների քաղաքական խորհրդակցություն, որի թեման եղել է բավական ուշագրավ: Խոսքը վերաբերում է սպառազնությունների ոլորտին:
 
Քննարկվել են միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր:
Քաղաքական խորհրդատվություններն արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության մաս են, դրանք տեղի են ունենում պարբերաբար: Տվյալ պարագայում, հետաքրքիր է թե թեմատիկան, թե նաեւ ժամանակաշրջանը, որում անցկացվել են խորհրդատվությունները: Բանն այն է, որ դրանք զուգորդվել են երեք էական զարգացումների՝ ռուս-թուրքական լարվածություն, հայ-ադրբեջանական սահմանի գերլարվածություն եւ տանկերի կիրառման հետեւանքով դրա մակարդակի էական ընդլայնում, Մոսկվայում ՀԱՊԿ Վեհաժողով, որի ընթացքում էլ Սերժ Սարգսյանը աչքի է ընկել Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ դաշնակցային պարտավորությունների չկատարման մասին կոշտ ելույթով:
Այդ ֆոնին, սպառազինությունների թեմատիկայով Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունների խորհրդատվությունը դառնում է իսկապես բավական ուշագրավ, եթե նկատի առնենք նաեւ այն, որ արդեն տեւական ժամանակ՝ 2015 թվականի հունիսից, խոսվում է Հայաստանին արդիական սպառազինության մատակարարման մասին, որը պետք է ունենա զսպող նշանակություն: Ոչ պաշտոնական մակարդակում խոսվում է մասնավորապես Իսկանդեր օպերատիվ-տակտիկական հրթիռների մատակարարման մասին, որոնց բնույթը մատակարարումների առումով անխուսափելիորեն ենթադրում է քաղաքական խորհրդատվություններ:
Դրանց մասով մամուլում տեղ են գտել տարբեր հակասական տեղեկություններ: Մասնավորապես, հնչել են գնահատականներ, թե Ռուսաստանն ունի այդ սպառազինությունների մատակարարման խնդիրներ, քանի որ Հայաստանի հետ չունի անմիջական սահման, եւ ճանապարհն անցնում է երկրներով, որոնք այնքան էլ փայլուն հարաբերություն չունեն կամ Ռուսաստանի, կամ Հայաստանի հետ: Միաժամանակ, բոլորովին վերջերս տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանն այդուհանդերձ իրականացնում է մատակարարումը՝ Կասպից ծովով եւ Իրանով:
Հետաքրքիր է, որ երբ Հայաստանում Երեւանն ու Մոսկվան քննարկում էին սպառազինության վերահսկման եւ արտահանման ռեժիմին առնչվող հարցեր, Մոսկվայում Սերժ Սարգսյանը կոշտ քննադատություն էր հնչեցնում ՀԱՊԿ հասցեին:
Արդյո՞ք ՀԱՊԿ հանդեպ այդ կտրուկ եւ անսպասելի կոշտությունը պայմանավորված չէր նրանով, որ Հայաստանի համար լուծվել է ռուսական սպառազինության մատակարարման խնդիրը, որի մասին խոսվում էր դեռեւս հունվարից:
Մեծ հաշվով, մոսկովյան ելույթում Սերժ Սարգսյանը կասկածի տակ է դրել ՀԱՊԿ-ը, բայց ոչ Ռուսաստանը: Ավելին, ռուս-թուրքական հակադրությունը ՀԱՊԿ-ը կասկածի տակ դրեց նաեւ Ռուսաստանի համար, եւ այդ իմաստով ՀԱՊԿ հասցեին Սարգսյանի քննադատությունը մեծ հաշվով պարունակում էր նաեւ Ռուսաստանի համար շահեկան թիրախներ:
Բացառված չէ, որ Մոսկվան ՀԱՊԿ-ից դժգոհել է Երեւանի շուրթերով, իսկ Երեւանն էլ գնացել է այդ քայլին այն բանից հետո, երբ Հայաստանը ստացել է ռուսական այն սպառազինությունը, որը կունենա Ադրբեջանին գոնե լայնամասշտաբ պատերազմի հարցում զսպելու կարեւոր նշանակություն:
Մեծ հաշվով, Մոսկվայում Սերժ Սարգսյանը հրաժարվել է ՀԱՊԿ դաշնակիցներից, քանի որ միամտություն կլինի կարծել, թե դեկտեմբերի 21-ից հետո նրանք ներողություն են խնդրելու Հայաստանից անտարբերության համար եւ անցնելու են Ադրբեջանին դատապարտելու գործին:
Փաստացի, Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասը դե ֆակտո հայտարարել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս: Դա գուցե արվում է Կովկասը որպես ՌԴ ռազմական պատասխանատվության գոտի ամրագրելու հաշվին, բայց իրավիճակը դե ֆակտո ստանում է նոր երանգ:
Սարգսյանի ելույթով Կովկասը հայտնվում է համակարգային անվտանգության այդ սխեմայից դուրս: Հարցն այն է, թե ինչ համակարգով կլրացվի այդ տեղը, այսինքն ինչ նոր սխեմայի համար է Հայաստանն ազատում այդ տեղը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play