Ռուսաստանը նպաստեց Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվացմանը. Մեկնաբան


Ռուսաստանը նպաստեց Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվացմանը. Մեկնաբան

  • 24-12-2015 19:02:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Ինչ է ենթադրում հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգը, որի վերաբերյալ համաձայնագիրը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները: Համաձայնագրի ստորագրումից հետո այդ հարցը առանցքային է, գնահատելու համար, թե միացյալ համակարգը որքանով է բարձրացնում Հայաստանի անվտանգությունը, եւ ընդհանրապես՝ անվտանգությու՞նն է բարձրացնում, թե կախվածությունը Ռուսաստանից:
 
ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի վերաբերյալ հանգամանալից մանրամասներ առայժմ չկան, իսկ քանի դեռ չկան մանրամասներ, հայ-ռուսական համատեղ միացյալ ՀՕՊ ստեղծման մասին համաձայնագիրն ավելի շատ տագնապ է առաջացնում, քան հուսալիության զգացում, նկատի ունենալով հայ-ռուսական հարաբերության բնույթը: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի տնտեսական, ռազմա-քաղաքական ազդեցության ներքո, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ նոր համակարգը ավելի շուտ կմեծացնի Հայաստանի վրա ՌԴ ազդեցությունը, քան անվտանգությունը:
Միեւնույն ժամանակ, ներկայում տարածաշրջանում առկա են նոր իրողություններ, որոնք նախանշում են հնարավոր հիմնարար փոփոխություններ թե կովկասյան, թե ավելի լայն տարածաշրջանային համատեքստում: Այդ առումով հիշարժան է, որ ՌԴ հետ միացյալ ՀՕՊ համակարգի ստորագրումից ընդամենը մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ Վեհաժողովում կոշտ քննադատության էր ենթարկում դաշինքի պահվածքը, անտարբերությունը Հայաստանի հանդեպ:
Իհարկե, այդ քննադատության մեջ բավական նկատելի էին շեշտադրումներ, որոնք բխում էին ՀԱՊԿ առաջատար Ռուսաստանի շահից՝ կապված Թուրքիայի հետ: ՀԱՊԿ-ը մեծ հաշվով աջակցություն չի ցուցաբերել նաեւ Ռուսաստանի՝ ռազմական օդանավի խոցումից հետո ռուս-թուրքական լարվածության հարցում: Սերժ Սարգսյանի ելույթում հստակ ուրվագծվում էր այդ հիշեցումը:
Ռուս-թուրքական միջադեպը լիովին փոխել է տարածաշրջանում զարգացումների տրամաբանությունն ու առաջացրել պատնեշներ, որոնք հաղթահարելը կլինի բավական բարդ: Մեծ հաշվով, այդ հակադրությունը Կովկասում առաջացրել է ռազմավարական վակուում: Կաթվածահար է եղել Կովկասի համար հարյուրամյա ռուս-թուրքական ռազմավարությունը, առավելապես որի շրջանակում են զարգացել տարածաշրջանային իրադարձություններն անցնող հարյուրամյակում, այդ թվում ԽՍՀՄ փլուզումից հետո հատկապես:
Առաջացել են վակուումը նոր ռազմավարությամբ լցնելու հնարավորություններ: Այդ իմաստով, առաջանում է նաեւ հնարավորություն, որ նախկին ռազմավարության տրամաբանությամբ զարգացող իրադարձությունները հնարավոր լինի շրջել եւ դնել ռազմավարական նոր համատեքստում:
Մասնավորապես, մինչ այժմ տարածաշրջանի ապակայունացման վերաբերյալ սպառնալիքների եւ շանտաժի ծառայող ռուսական ռազմա-քաղաքական պոտենցիալը աստիճանաբար բերել կայունության եւ անվտանգության ծառայության: Հետեւաբար, հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը, որի ծրագիրն իհարկե ունի ավելի վաղ արմատ, քան ռուս-թուրքական միջադեպն ու լարումը, նոր իրավիճակում կարող է վերածվել իսկապես անվտանգության ու կայունության երաշխիքի: Իհարկե, ոչ թե Հայաստանի շնորհիվ, այլ Ռուսաստանի միջազգային մեկուսացման քաղաքականության, որի գլխավոր նպատակներից մեկը մեծ հաշվով հանդիսանում է Ռուսաստանը միջազգային անվտանգության գլոբալ միջավայրում առավել կառուցողական եւ կանխատեսելի վարքի բերելը:
Մեծ հաշվով, չնայած Արցախի առաջին պատերազմում Ռուսաստանի հակասական դերակատարմանը, երբ Ռուսաստանի ուղիղ աջակցությունը ադրբեջանական զինուժի համար ապահովել է մի շարք տարածքային նվաճումներ, մեծ հաշվով կիսատ թողնելով հայկական զինուժի հաղթանակը՝ այդպիսով Ադրբեջանի համար պահպանելով այն անելու հնարավորությունը, ինչ այժմ անում է Ալիեւը, 90-ականների Ռուսաստանն այդուհանդերձ Կովկասում ունեցավ առավելապես կայունացնող դերակատարում, քանի որ գտնվում էր միջազգային անվտանգության համակարգի տրամաբանության շրջանակում:
Պուտինի իշխանության գալով, Մոսկվան աստիճանաբար շարժվեց այդ տրամաբանությունից դուրս գալու եւ միջազգային անվտանգության միջավայրին իր տրամաբանությունը թելադրելու ուղղությամբ: Այդպես Ռուսաստանը նպաստեց Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվացմանը, այդ թվում Հայաստանի համար վտանգավոր հեռանկարով, ու դա էլ իր հերթին դարձրեց իր հավակնությունների գործիքի: Միաժամանակ, լայն մակարդակում առաջացավ նոր աշխարհքաղաքական հակադրությունը եւ նոր սառը պատերազմի միջավայրը Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությամբ, որը դիտարկվում է նրան միջազգային անվտանգության միջավայրին համարժեք տրամաբանության բերելու առանցքային միջոց:
Այդ հակադրության եւ մեկուսացման քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվել է տնտեսական բավական ծանր կացության առաջ, որը առավել ցցուն արտահայտվեց Պուտինի տարեվերջյան ասուլիսի ընթացքում, որտեղ համընդհանուր արձանագրմամբ Պուտինն «այն չէր» եւ ըստ մի շարք նշանների, զգալիորեն կորցրել էր իրավիճակի տիրապետումը:
Հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի հետ կապված հարցերի ավելի լայն պատասխանն ըստ երեւույթին այդ համատեքստում է՝ թե որքանով կհաջողվի աշխարհքաղաքական զարգացումների, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության համատեքստում, Ռուսաստանին վերադարձնել միջազգային անվտանգության միջավայրին համարժեք դաշտ, այդ համատեքստում էլ Կովկասում Մոսկվայի ռազմա-քաղաքական ազդեցությունը շանտաժի եւ սպառնալիքի գեներատորից վերածելով կայունացնող եւ զսպող գործոնի:
Բնական է, որ Հայաստանն այդ գործընթացում դիտարկվելու է որպես հենման կետ, հետեւաբար հայ-ռուսական ռազմական գործակցությունը՝ որպես այդ տրանսֆորմացիան իրականացնելու միջոց:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play