Սահմանվել են նոր վերջնաժամկետներ՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման


Սահմանվել են նոր վերջնաժամկետներ՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման

  • 29-12-2015 14:13:08   | Հայաստան  |  Տրանսպորտ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թվականը մեր երկրի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց և նվաճումներով: Դժվար է, իհարկե, հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները: Առանձնացնեմ երեք կարևորագույնները:     
Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ: 
2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ: 
Աճ կա արդյունաբերությունում՝ 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0 տոկոս: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով: 
Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում: Պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որ ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը:
Երկրորդ կարևորագույն նվաճումը, որ կուզենայի ընդգծել, սահմանադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունների ընդունումն էր: 
Հանրաքվեով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծն անկասկած արժեքավոր հիմք է ծառայելու մեր հայրենիքի բարեկեցության ու կայուն զարգացման համար: 
Առավելապես կարևորում եմ այն, որ սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարումը, ստեղծվում են խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես արդյունավետ մեխանիզմներ` բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը: 
Երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության կազմում է: Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն: 
Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵՏՄ-ին, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների՝ ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը: 
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 2015թ.-ի դեկտեմբերին սկսեց նոր լայնածավալ բանակցություններ Եվրամիության հետ, որի շրջանակներում քննարկելու ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեծացնելու մեր փոխգործունեությունը Եվրամիության անդամ երկրների տնտեսությունների հետ:
Վստահ եմ, որ 2016 թվականին մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար: Եվ դա անելու ենք մենք բոլորս միասին համատեղ ուժերով»:
 
 
Սահմանվել են նոր վերջնաժամկետներ՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման
 
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2013, 2014, 2015 թվականների արդյունքներով մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող, 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 2016 թվականի մայիսի 1-ը:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն 2016թ. հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով: Նախագծի ընդունման դեպքում կհաստատվի ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ-ապրանքագրի ձևը, որը հնարավորություն կտա հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս գրել էլեկտրոնային եղանակով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տրանսպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play