2016թ պետք է պահպանել սիգ ձկնատեսակի որսի արգելքը. Բարդուխ Գաբրիելյան


2016թ պետք է պահպանել սիգ ձկնատեսակի որսի արգելքը. Բարդուխ Գաբրիելյան

  • 29-12-2015 17:13:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Կայացել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից  գիտատեխնիկական խորհրդի  հերթական նիստը։
 
     ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից  գիտատեխնիկական խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված էին Սևանա լճի Էկոհամակարգի  ներկա վիճակի և ՀՀ տարածքի` սնդիկով աղտոտվածության վերաբերյալ հարցերը: 
    Սևանա լճի Էկոհամակարգի  ներկա վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես  է եկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բ. Գաբրիելյանը: Վերջինս նշել է, որ 2013-2015թթ. Սևանա լճում արձանագրվել է սիգի արդյունագործական պաշարների աճի միտում, ինչը նախորդ տարիներին բեղուն սերնդով պոպուլյացիայի համալրման  արդյունքն է: Անկախ այդ փաստից, նա առաջարկել է 2016թ պահպանել  այս ձկնատեսակի որսի արգելքը, ապահովելով լճում նրա բնական վերարտադրության բարենպաստ պայմանները:
       Ինչ վերաբերում է սիգ ձկնատեսակի պաշարների վերարտադրության ապահովմանը, ապա առաջարկվել է Սևանա լճում ձկնագողության նկատմամբ հսկողությունն առավել խստացնել տվյալ տարվա  նոյեմբերի կեսից մինչև հաջորդ տարվա  հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկացվել է նաև, որ, ի տարբերություն նախորդ տարվա, 2015թ. լճում արձանագրվել է  արծաթափայլ լճածածանի քանակի կրճատում, ինչը գերորսի արդյունք է: Սակայն, հաշվի առնելով Սևանա լճում այս ձկնատեսակի անցանկալի կարգավիճակը, բանախոսը առաջարկել է առաջիկա տարում շարունակել նրա չսահմանափակված որսը:
     Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը նշել է, որ ձկնաբանական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սևանի իշխանի պոպուլյացիան լճում շարունակում է գոյատևել ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան: Համաձայն փորձագիտական գնահատման, նրա պաշարները շարունակում են մնալ մոտավորապես նախորդ տարվա մակարդակին՝ մոտ 1-2 տոննայի սահմաններում: Առաջարկվել է ուժեղացնել իշխանի պահպանության հսկողությունը լճում, իսկ ձվադրման շրջանում` հատկապես գետաբերանների հատվածներում:
  Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Լ. Սահակյանը՝ ներկայացնելով Կենտրոնի կողմից 2005-2013թթ. ընթացքում ՀՀ տարբեր շրջաններում իրականացված էկոլոգաերկրաքիմիական համալիր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն` սնդիկի չափաքանակներ  են հայտնաբերվել ՀՀ տարբեր շրջաններում, այդ թվում` հանքալեռնային, դրանց կից գյուղատնտեսական տարածքներում և քաղաքներում, ինչն էլ փաստում է, որ ՀՀ տարածքում  սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն:      
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play