«Իշխանությունը պետք է որոշի, թե քաղաքացին որտեղ կարող է Նոր Տարի նշել ու ինչպես».Մեկնաբան


«Իշխանությունը պետք է որոշի, թե քաղաքացին որտեղ կարող է Նոր Տարի նշել ու ինչպես».Մեկնաբան

  • 08-01-2016 18:26:46   | Հայաստան  |  Վերլուծություն
«Դուք պատկերացնու՞մ եք, ինչ կլինի, եթե Հայաստանի ամեն մի քաղաքացի ցանկանա Ազատության հրապարակում տոնածառ դնել ու Նոր տարին այնտեղ տոնել», հայտարարում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իրավաչափ համարելով դեկտեմբերի 31-ին Նոր Հայաստան միավորման դեմ ոստիկանության գործողությունը:
 
Քաղաքապետարանը Նոր Հայաստանին թույլ չէր տվել տոնածառ դնել Ազատության հրապարակում, ոստիկանությունն էլ խոչընդոտել էր տոնածառի համազգեստով ակտիվիստների մուտքը հրապարակ: Դրա հետեւանքով բերման էին ենթարկվել մի քանի երիտասարդներ, իսկ ոստիկանի հանդեպ ուժ կիրառելու մեղադրանքով էլ ձերբակալվել ու կալանավորվել է Նոր Հայաստանի ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:
Փաստորեն, Վահրամ Բաղդասարյանը համարում է, որ իշխանությունը պետք է որոշի, թե քաղաքացին որտեղ կարող է Նոր Տարի նշել ու ինչպես: Օրինակ, Վահրամ Բաղդասարյանը երբեք չի տարակուսի, թե «պատկերացնու՞մ եք, քաղաքացիները վարկ վերցնեն ու Նոր տարի նշեն»:
Որովհետեւ եթե Վահրամ Բաղդասարյանը դրա վերաբերյալ տարակուսի, ապա նրա խմբակցության «ենթակա» Սամվել Ալեքսանյանը կարող է նեղանալ Բաղդասարյանից: Չէ՞ որ երբ քաղաքացին վարկով Նոր տարի է նշում, դա հարստացնում է Սամվել Ալեքսանյանին: Իսկ եթե Սամվել Ալեքսանյանը հարուստ է, ապա հարուստ է ամբողջ իշխանությունը: Հետեւաբար, ՀՀԿ-ի համար «թույլատրելի» է, որ քաղաքացիները կարող են վարկով Նոր Տարի դիմավորել, իսկ ահա տոնածառով, այն էլ հրապարակում, անթույլատրելի է:
Բայց, պարզվում է, որ Վահրամ Բաղդասարյանի համար ոչ միայն տոնածառով Ազատության հրապարակում Նոր Տարի դիմավորելն է հակապետական, այլ քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքը:
Նոր Հայաստանը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ քաղաքացիները ստիպված կլինեն զենքով ինքնապաշտպանվել, եթե իրավապահները չեն կարողանում քաղաքացուն պաշտպանել բռնությունից: Նոր Հայաստանի հայտարարությունը տարածվել էր միավորման ակտիվիստ Սյուզի Գեւորգյանի հանդեպ բռնությունից հետո: Ինչպես բոլոր այդօրինակ դեպքերում, այս դեպքում էլ իրավապահները չեն հայտնաբերել բռնություն գործադրողներին:
«Այդ հայտարարությունն անողներին ես, օրինակ, մտածում եմ, որ ընդհանրապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի կո՞չ են անում: Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը: Ինչ է՝ Հայաստանում կամ ցանկացած երկրում նման միջադեպեր չե՞ն լինում, և ոստիկանությունն էլ պետք է զբաղվի այդ գործերով: Կոչ են անում, որ երիտասարդներին հանեն իրար դե՞մ, ազգը ազգի դեմ՞: Վտանգավոր է, որ ընդհանրապես նման կոչ անողները շփվեն հասարակության հետ, դրա մեջ կհամոզվեք ապագայում», հայտարարում է Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը: Փաստորեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը քաղաքացուն զրկում է ինքնապաշտպանության իրավունքից: Ի՞նչ է ասում Նոր Հայաստանը: Շատ պարզ բան: Եթե պետական համակարգը չի կարողանում քաղաքացուն պաշտպանել բռնությունից, ապա քաղաքացին ունի ինքնապաշտպանության իրավունք: Բայց, Վահրամ Բաղդասարյանը քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքը դարձնում է քաղաքացիական պատերազմի հոմանիշ:
Ինքնապաշտպանության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ավելին, ոչ միայն մարդու, այլ ընդհանրապես պետության անվտանգության, առաջադիմության գրավականներից մեկը: Ինքնապաշտպանության իրավունքն է, որ պետությանը եւ սուբյեկտներին ստիպում է գալ սահմանադրական համակեցության:
Հակասահմանադրականությունը սկսվում է այնտեղ, որտեղ կասկածի տակ է դրվում քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքը: Նոր Հայաստանը արել է ոչ թե քաղաքացիական պատերազմի, այլ սահմանադրական կարգի բերող կոչ: Իսկ սահմանադրական կարգը քաղաքացիական համերաշխության, ոչ թե պատերազմի հոմանիշն է: Քաղաքացիները համերաշխության են գալիս խաղի իրավական կանոնների շուրջ:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը փաստացի անում է հակասահմանադրականության կոչ: Դա է քաղաքացիական պատերազմի կոչը: Որովհետեւ քաղաքացուն ինքնապաշտպանության իրավունքից զրկելը, այդ իրավունքը որեւէ կերպ կասկածի տակ դնելը քաղաքացիական պատերազմի հրահրման առաջին քայլն է:
Ինքնապաշտպանության իրավունքը հասարակական-պետական կյանքի հավասարակշռությունն ապահովող առանցքն է բոլոր արդիական պետություններում: Եթե չկա այդ առանցքը՝ չկա հավասարակշռություն: Չկա այդ հավասարակշռությունը, խախտվում է պետության դիմադրունակությունը թե ներքին, թե արտաքին սպառնալիքների հանդեպ: Հետեւաբար դա բերում է ոչ միայն ներքին՝ քաղաքացիական պատերազմի սպառնալիքի, այլ նաեւ արտաքին ագրեսիայի սպառնալիքի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play