Շահան Գանտահարյան.Փոխհատուցելու վտանգավոր խաղը


Շահան Գանտահարյան.Փոխհատուցելու վտանգավոր խաղը

  • 11-01-2016 14:01:53   | Լիբանան  |  Վերլուծություն

Անցյալ տարվա վերջին օրերին, Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Թուրքիայի խորհրդարանին ներկայացրել է մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սեփական հայրենիքից բռնի կերպով հեռացած հայերին ու նրանց մինչեւ 4-րդ սերունդներին տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն:
 
Օրինագծում մասնավորաբար առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն շնորհել Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Թուրքիայի Հանրապետության ներկա սահմանները ընդգրկող տարածքում բնակված բոլոր այն քաղաքացիներին, որոնք բռնի կերպով աքսորվել են, տեղահանվել կամ զրկվել են Թուրքիայի քաղաքացիությունից եւ այժմ ողջ են, կամ նրանց մինչեւ չորրորդ սերնդի ներկայացուցիչներին: Այսինքն, օրենքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին տուժած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորաբար հայերին, ասորիներին եւ հույներին:
Առաջարկվում է, որ քաղաքացիությունից դուրս եկածները դիմեն «այն ժամանակվա անձնագրերով», «եկեղեցու, սինագոգի կամ պաշտամունքային այլ վայրերից մեկի պաշտոնական գրանցման», «փոքրամասնությունների հիմնադրամների կամ այլ առընթեր կազմակերպությունների պաշտոնական արձանագրության» մասին փաստաթղթերով, ինչպես նաեւ արձանագրությամբ` կատարված այն երկրի կողմից, որտեղ նշվում է, թե տվյալ մարդը գաղթել է Թուրքիայից։
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության այս առաջարկը խորքում Էրդողանի գլխավորած խորհրդարանական մեծամասնություն կազմող Արդարություն եւ բարգավաճում կուսակցության ծրագիրն է: Այս ծրագիրը, դիվանագիտական խուսանավումներով, մի քանի անգամ ակնարկվել է ժամանակին արտգործնախարար եւ այժմ վարչապետ Ահմեթ Դավութողլուի կողմից: 
Հիմա Դավութողլուի ծրագրի մասին. «Հայկական սփյուռքը մեր սփյուռքն է» բանաձեւի տակ եթե փորձենք տարբեր առիթներով հայտարարված, սակայն միեւնույն համապատկերի մաս կազմող մասերը իրար կողքի դնել, կստանանք հետեւյալը. 
Ցեղասպանության հետեւանքով կազմված սփյուռքահայության նախահայրերը Օսմանյան կայսրության քաղաքացիներ են: Հետեւաբար, նրանք իրավունք ունեն վերականգնելու իրենց հայրերի քաղաքացիությունը իբրեւ իրավաժառանգորդներ: 
Սակայն իրավաժառանգորդությունը միայն քաղաքացիությանը չի վերաբերում: Նրանք իրավունք կունենան նաեւ վերադառնալու իրենց հայրերի հայրենիքը` «Անատոլիա»: Քաղաքացիությունից եւ վերադարձի իրավունքից հետո կգա երրորդը: Եթե իրենց մոտ ունեն փաստաթղթեր, որոնք կվկայեն կալվածքների պատկանելիության մասին, կարող են վերատիրանալ դրանց: Եթե ոչ` փոխհատուցվել, իբրեւ ծրագրի չորրորդ կետ: Եւ իհարկե հինգերորդը, կալվածքին վերատիրանալուց կամ փոխհատուցվելուց հետո, կստորագրեն անդորրագիր, որտեղ կասվի, թե իրենք ստացել են իրավունքները իրենց նախահայրերի դեմ կատարված բռնությունների կամ բռնագաղթի հետեւանքով կրած անիրավությունների դիմաց: 
Այսքան «մարդասիրական» ծրագիրը  հիմա հրամցվում է բոլոր փոքրամասնություններին: Դերերի բաշխումը եւ համադրումը ավելի քան պարզ է այս դեպքում: 
Դավութողլուի, այսինքն պաշտոնական Անկարայի ծրագիրը իրավական ընթացակարգում տեղադրելու պարտականությունը վերցրել է Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը: Դավութողլուի ծրագրի իրավականացման փորձի դիմաց հայկական կողմը չի կարող պարագայականության եւ պատահականության տեսություններով հակազդել: 
Անկարայի այս ծուղակը, խորքում փոխհատուցելու ձգողականությամբ, չի բացառվում, որ հայկական շրջանակներ ներգրավի: Ծրագրի չերեւացող ծալքերը, քաղաքական բուն շարժառիթները պետք է բացահայտել եւ համակողմանի կեցվածք ճշտել վտանգավոր այս խաղը կանխարգելելու համար:
Այս խաղի դրական բաժինը այն է, որ իրավաժառանգորդության տեսակետը երկկողմանի է աշխատելու: Այս ծրագրում եթե սփյուռքահայերը Օսմանյան կայսրության քաղաքացիների ժառանգորդներն են, ապա Թուրքիայի գործող իշխանություններն էլ՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդները (քաղաքացիություն ստացողն ու քաղաքացիություն շնորհողը). իսկ իրավահաջորդները  նաեւ պատասխանատու են դիտվում իրենց նախահայրերի գործադրած ցեղասպանության համար: Իհարկե ոչ այն տարբերակով, որ պաշտոնական Անկարան հրամցնում է։
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play