Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը


Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

  • 14-01-2016 19:24:14   | Հայաստան  |  Մշակույթ

Հունվարի 15-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը։ Այն նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին: Այս մասին հունվարի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նշենք, որ երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Փառատոնի բացման համերգին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի Խաչատուր Մարտիրոսյանի ջութակի և նվագախմբի Կոնցերտ-ֆանտազիան, ստեղծագործություն, որը հեղինակը նվիրել է ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։
«Կարևոր փառատոն է, կարևոր երևույթ մեր կոմպոզիտորների համար: Փառատոնն ունի հստակ նպատակ, ձևավորված տեսլական, ստրատեգիկ նշանակության հաղթանակներ։ Օրինակ այն, որ Սերգեյ Խաչատրյանը կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ, խոսում է այն մասին, որ կայացած փառատոն է: Փառատոնն անցկացվում է Նախագահի բարձր հովանու ներքո, ինչը նույնպես կարևոր է, քանի որ  մենք տեսնում ենք այն ուժը, որն ուղղված է հայ մշակույթին»,- ասել է Սերգեյ Սմբատյանը:
Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ առաջին անգամ է, երբ երաժշտական գործ է նվիրվում իրեն: «Ես հեղինակին խոսք տվեցի, որ կկատարեմ, սակայն զբաղվածության պատճառով այս երկու տարիների ընթացքում չհասցրի դա անել: Նոր կոնցերտ կատարելը բավականին ծավալուն աշխատանք է։ Ժամանակ է պահանջվում քեզ այդ գործի մեջ պատկերացնելու և հասկանալու համար, թե ինչպես պետք է կատարես դա»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը:
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը կներառի 4 համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: 
Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի գլուխգործոցներից՝ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները, որոնք երկար ժամանակ չեն հնչել Հայաստանում: 
Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և Արամ Սաթյանի ՙԵրգ բնության՚ սիմֆոնիան:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play