Նախատեսվում է թվայնացնել հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը


Նախատեսվում է թվայնացնել հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը

  • 20-01-2016 18:18:53   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի  թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում:
 
Ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը: Ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը: Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկատվության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված` Հայաստանի Հանրապետության ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:  
Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցվող վճարներից, ինչպես նաև վերջինիս ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացման և կենտրոնի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները կարգավորելու նպատակով  կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կենտրոնի ֆինանսական գործունեությունը կարգավորող իրավական փաստաթղթում: Մասնավորապես, փոփոխություններն ուղղված են կանոնադրության 31-րդ կետով նախատեսված ոչ բյուջետային միջոցների՝ ըստ ծախսային ուղղությունների տոկոսային բաշխվածության:
 
Ծառայողական երկու բնակարանները կհատկացվեն կարիքավոր ընտանիքների
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի՝                      2015թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք կատարած այցի շրջանակում տրված հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
Հանձնարարվել էր Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 40 բնակարաններից մնացած երկու ծառայողական բնակարանները հատկացնել այդ համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երկու ընտանիքների:
 
 
 
Այլ հարցեր 
 
Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության համակարգման ու ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունմամբ ՋՕԸ-երի գործունեության համակարգումը տարբեր գերատեսչությունների և մասնագետների ներգրավմամբ կիրականացվի մեկ մարմնի միջոցով, և վերջինս հնարավորություն կստեղծի առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելու ՀՀ պետբյուջեից ՋՕԸ-երին տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, կբարձրացնի նրանց գործունեության համակարգման արդյունավետությունը:
Հայաստանում խմելու ջրի կառավարման ոլորտում բարձր որակավորում և մասնագիտական փորձ ունեցող մասնակիցներ ներգրավելու և մրցակցություն ապահովելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է նախաորակավորման հայտերի ներկայացման ժամկետը սահմանել 2016թ. փետրվարի 22-ը:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված որոշ դրույթների  իրավակիրարկումն ապահովելու պահանջով կառավարությունը սահմանել է.
- ՀՀ սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի բացատրական նշումները,
-մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը,
-մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց ՀՀ պետբյուջեի միջոցներից փոխհատուցման իրականացման կարգը:
 
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է  նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին, որ հատուկ ուշադրություն դարձնեն աշխատանքային կարգապահության վրա:  
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play