Պուտինը չի վերադարձնելու Արարատը, Պուտինը ընդամենը կարող է վերցնել Արարատը.Մեկնաբան


Պուտինը չի վերադարձնելու Արարատը, Պուտինը ընդամենը կարող է վերցնել Արարատը.Մեկնաբան

  • 15-02-2016 18:23:42   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան օրերս հայտարարեց, թե Հայաստանում ռուսական ռազմակայանը տարածաշրջանում կայունության ապահովման համար է, ոչ թե հայ-թուրքական հարաբերության լուծումների:
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզորոշ կերպով հանգստացրեց բոլոր նրանց, ովքեր սոցիալական ցանցերում եւ համացանային այլ տիրույթներում ազգային-ազատագրական խանդավառությամբ տարածում էին, թե ռուս-թուրքական հակադրության արդյունքում Պուտինը վերադարձնելու է Արարատը:
Բորդյուժան պարզորոշ կերպով բացատրում է, որ Պուտինը չի վերադարձնելու Արարատը, Պուտինն ընդամենը կարող է վերցնել Արարատը: Իսկ վերադարձնելն ու վերցնելը տարբեր բաներ են: Որովհետեւ, վերադարձնելը պահանջում է հայ ժողովրդի գոյություն, իսկ վերցնելը վտանգի տակ է դնում հայ ժողովրդի գոյությունը: Հենց այդտեղ է նաեւ պատասխանն այն հարցերի, որ այդ առիթով հռետորաբար տալիս են ռուսական քարոզչության մեծ կամ փոքր խոսափողները, թե ինչու՞ տագնապել կամ մտահոգվել, երբ խոսվում է այն մասին, թե Ռուսաստանը կարող է լուծել Արարատի հարցը:
Մտահոգվել պետք է, որովհետեւ Ռուսաստանը լուծելու է իր, ոչ թե Հայաստանի համար կարեւոր խնդիրները: Իսկ դրանք տարբեր բաներ են: Դա հենց վերադարձնելու եւ վերցնելու տարբերությունն է, որը հստակ եւ պարզորոշ առկա է Բորդյուժայի խոսքում: Նա բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը կապ չունի Հայաստանի խնդիրների հետ, Հայաստանի համար կարեւոր լուծումների հետ: Իսկ «Արարատի վերադարձը» դա հայ-թուրքական հարաբերության լուծում է:
Բորդյուժան այդ առումով ասում է, որ ռուսական ռազմակայանը, հետեւաբար Ռուսաստանն ընդհանրապես չունի այդպիսի խնդիր: Միեւնույն ժամանակ, Բորդյուժան հայտարարում է, որ ռուսական ռազմակայանն ունի նախանշված խնդիրները կատարելու պոտենցիալ եւ եթե այն գործադրվի, ապա այն որոշումների շրջանակում, որ կկայացնեն «տարածաշրջանի երկրները»: Փաստորեն, ռուսական ռազմակայանը գործելու է ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի որոշումների, այլ «տարածաշրջանի երկրների» որոշումների շրջանակում:
Թե հատկապես ո՞ր երկրները նկատի ունի Բորդյուժան, պարզ չէ, բայց հատկանշական է, որ նա ռուսական ռազմակայանի պոտենցիալի գործադրումը համարում է ոչ թե հայ-ռուսական, այլ «տարածաշրջանի երկրների» որոշումների հնարավոր արդյունք:
Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչել է այն բանից օրեր անց, երբ Մոսկվայում կոմունիստները նախաձեռնեցին ռուս-թորքական 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի վերանայման հարց: ՌԴ ԱԳՆ-ներկայացուցիչն էլ հայտարարեց, թե հարկ եղած դեպքում կարող են քննարկել այդ հարցը:
Դրան հետեւում է Բորդյուժայի հայտարարությունը ռուսական ռազմակայանի մասին, որտեղ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն իհարկե հանգստացնում է Թուրքիային, փաստացի հայտնելով Ռուսաստանի հավատարմությունը Մոսկվայի պայմանագրին: Ո՞րն է Կովկասի կայունությունն ըստ Ռուսաստանի: Դա այն ստատուս-քվոն է, որտեղ անվտանգության երաշխավորներն են Ռուսաստանն ու Թուրքիան՝ հենց Մոսկվայի պայմանագրի համաձայն:
Ներկայում տեղի են ունենում աշխարհքաղաքական զարգացումներ, որոնք կարող են բերել անվտանգության այդ համակարգի վերափոխման: ՆԱՏՕ-ն ներկայություն է հաստատում Վրաստանում, այդպիսով փաստացի կոտրելով ռուս-թուրքական մենաշնորհը: Միաժամանակ, Ռուսաստանի թուլացող տնտեսությունն ու ճաք տվող ներքին կայունությունը էական ազդեցություն են ունենում Մոսկվայի աշխարհաքաղաքական «ինքնաբավության» հարցում: Ռուս-թուրքական հակադրությունն այդ իմաստով դառնում է ճակատագրական, եւ Ռուսաստանին այլ բան չի մնա, քան Կովկասի «կայունության» հարցում պայմանավորվել արդեն ոչ թե Թուրքիայի, այլ ՆԱՏՕ հետ:
Ռուսաստանը Անկարային ասում է այդ մասին, թե Մոսկվայի պայմանագիրը վերանայելու նախաձեռնությամբ, թե Բորդյուժայի հայտարարությամբ՝ զուգահեռ կրեմլամերձ մի շաք փորձագետներ, որոնք հայտարարում են, թե Կրեմլը չի վերանայի Մոսկվայի պայմանագիրը:
Կրեմլի ակնարկն այն է, որ Մոսկվայի պայմանագիրը փաստացի վերանայվում է ռուս-թուրքական հակադրությամբ: Այսինքն, այդ հակադրությունն ինքնին արդեն պայմանագրի վերանայում է, որը նպաստում է տարածաշրջանի անվտանգության համակարգի վերափոխմանը եւ ռուս-թուրքական մենաշնորհի ապամոնտաժմանը: Մի կողմից բարձրացնելով վերանայման հարցը, մյուս կողմից հավաստիացնելով, որ չի անի այդպիսի քայլ, Մոսկվան Անկարային ակնարկում է, որ պետք է փրկել այդ պայմանագիրը:
Բորդյուժայի հայտարարությունը հավաստիացում է Անկարային, որ 102-րդ ռազմակայանը պատրաստ է լինել այդ պայմանագրի երաշխավորը, բայց դա չի կարող անել միայնակ եւ պետք է «տարածաշրջանի երկրների» որոշումը:
Մեծ հաշվով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հայտարարություն է այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը ոչ թե ռազմուժ է Թուրքիայի դեմ, այլ կորցնում է իմաստը տարածաշրջանային առանց Թուրքիայի եւ Ռուսաստանի գործընկերության եւ լուծում ընդամենը հայկական կարծրատիպերն ու միֆերը սպասարկելու խնդիր, որը Ռուսաստանի համար ինքնին շատ փոքր խնդիր է:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play