Հայաստանի զինված ուժերը դառնում են միջազգային ռազմա-քաղաքական մանդատի կրող. Մեկնաբան


Հայաստանի զինված ուժերը դառնում են միջազգային ռազմա-քաղաքական մանդատի կրող. Մեկնաբան

  • 22-02-2016 18:05:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը օրերս Վիեննայում մասնակցելով պաշտպանական ռազմավարությունների վերաբերյալ միջազգային համաժողովի հայտարարել էր, որ հայկական բանակը պաշտպանական մարտավարությունից անցնում է սանձահարող/զսպող ռազմավարության: Տոնոյանը հայտարարել էր, որ պաշտպանական ռազմավարությունը նպաստել է հակառակ կողմի ագրեսիվության աճին:
 
Տոնոյանի հայտարարությունը պաշտոնական Երեւանի տեսանյունից սկզբունքորեն նորություն չէ: Նորություն է այն, որ հայտարարությունը կարծես թե առաջին անգամ է հրապարակավ հնչում միջազգային ամբիոնից: Սակայն, առանձնահատկությունը գուցե դա էլ չէ, այլ այն, որ թերեւս առաջին անգամ հայկական զինուժի ռազմավարության փոփոխության խնդիրների եւ նպատակների շարքում նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին աջակցելը, այդ գործընթացի եւ խաղաղ կարգավորման համար բարենպաստ միջավայր ապահովելը:
Գրեթե անկասկած է, որ հայկական կողմը չէր ստանձնի այդօրինակ պատասխանատու առաքելության մասին հրապարակավ բարձրաձայնելու պատասխանատվություն, եթե մինչ այդ ձեռք բերված չլինեին որոշակի պայմանավորվածություններ բանակցային գործընթացի միջնորդ-համանախագահների հետ: Հենց դա գուցե հիմք կարող է հանդիսանալ եզրակացնելու, որ առաքելությունը, որը Հայաստանի զինված ուժերը իրականացնում են մոտ երկու տասնամյակ, փաստացի ստացել է միջազգային ճանաչում, միջազգային մանդատ:
Այլ կերպ ասած, հայկական զինուժը միջազգային քաղաքականության համատեքստում դիտարկվում է արդեն ոչ թե հակամարտ կողմ, կամ ոչ միայն հակամարտ կողմ, այլ փաստացի տարածաշրջանային խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ, որն ապահովում է բանակցային գործընթացի կայունությունը:
Դա տարածաշրջանում լիովին նոր աշխարհքաղաքական իրողությունների արտահայտումն է, որը միաժամանակ կարող է հանդիսանալ նաեւ վերջին երկու-երեք բավական բարդ տարիներին Հայաստանի զինված ուժերի ռազմա-քաղաքական համարժեք պահվածքի արդյունք, այդ պահվածքին տրվող միջազգային գնահատական: Այլ կերպ ասած, Հայաստանի զինված ուժերն այդպիսով, ռազմական մանդատից բացի, դառնում են միջազգային ռազմա-քաղաքական մանդատի կրող:
Հայկական զինուժի փաստացի խաղաղապահ մանդատի ամրագրումը մեծ հաշվով վկայում է այն շոշափելի տրանսֆորմացիան, որին ենթարկվում է թե Կովկասը, թե մասնավորապես Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը, որը վերջին տարիներին կարծես թե մտել էր փակուղի:
Փակուղուց դուրսբերման տարբերակ ընտրվեց հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի հաստատումը, որի նախաձեռնողը Միացյալ Նահանգներն է: Նահանգները աշխուժացրեց դիվանագիտական իր ջանքը վերջին ամիսների ընթացքում, փորձելով գտնել այդ գաղափարի միջազգային աջակիցներ, մասնավորապես ի դեմս Եվրամիության առաջատար Գերմանիայի ու նաեւ Ադրբեջանի հետ պատմականորեն սերտ տնտեսա-քաղաքական գործակցություն ունեցող Մեծ Բրիտանիայի:
Դատելով իրադարձությունների զարգացումից, երբ Ադրբեջանի նախագահը սկսեց հայտարարել նավթի ցածր գներից «հոգեբանական հյուծվածության» մասին եւ նաեւ բացահայտ մեղադրեց Մինսկի խմբի համանախագահներին հակամարտությունը սառեցնելու փորձի համար, ամերիկյան նախաձեռնությունը գտել է անհրաժեշտ աջակիցներին: Դրան օժանդակած մյուս կարեւոր իրադարձությունն այն էր, երբ թուրքական հրթիռը գտավ ռուսական ռազմական օդանավին եւ առաջացրեց ռուս-թուրքական կոնֆլիկտ, ստիպելով Մոսկվային գոնե ընթացիկ քայլերի առումով շեղվել վերջին տարիների իր թուրք-ադրբեջանահենք ռազմավարությունից:
Բաքուն կարծես թե շարունակում է դիմադրել հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը: Կասկածից վեր է, որ ռազմավարական առումով նրան այդ հարցում աջակցում են թե Անկարան, թե Մոսկվան: Նրանք հակադրության մեջ են, այդուհանդերձ բավական լավ հասկանում են, որ Արցախում անվտանգության միջազգային մեխանիզմի ամրագրումը լիովին փոխելու է տարածաշրջանում անվտանգության համակարգը եւ ուժերի հարաբերությունը, Թուրքիային ու Ռուսաստանին զրկելով կովկասյան ապակայունացումը որպես աշխարհքաղաքական շանտաժի գործիք կիրառելու հնարավորությունից, կամ էապես նվազեցնելով դրա հնարավորությունն ու բարձրացնելով կայունության եւ խաղաղության երաշխիքները:
Նախորդ տարեվերջին, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո հայտարարել էր, որ հավանաբար առավելագույնը առաջիկա ամիսների ընթացքում մենք կտեսնենք այդ մեխանիզմի ներդրմանն ուղղված կոնկրետ քայլեր:
Չի բացառվում, որ այդ իմաստով շրջադարձային լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Վաշինգտոն: ԱՄՆ հեռացող նախագահ Բարակ Օբաման նրան հրավիրել է Վաշինգտոն, մարտի 31-ապրիլի 1-ը տեղի ունենալիք միջուկային Վեհաժողովին մասնակցելու համար: Հավանական է, որ ԱՄՆ այդ շրջանակում կփորձի Ալիեւից ստանալ արդեն հստակ պատասխաններ՝ անվտանգության մեխանիզմի ներդրման ուղղությամբ:
Այդ տեսանկյունից, հայկական զինուժի ռազմավարության փոփոխության վերաբերյալ հրապարակային հայտարարությունը՝ նոր շեշտադրումներով եւ միջազգային «խաղաղապահ» մանդատի առկայության ուրվագծերով, հավանական միջոց է Ադրբեջանին խորհելու առիթ տալու համար, նախքան Վաշինգտոն մեկնելը:
Բացառված չէ, որ Բաքվի մերժողական կեցվածքի շարունակության դեպքում անվտանգության մեխանիզմն արցախյան գոտում կձեւավորի հայկական բանակը՝ այդ համեմատաբար մեծ գործողության միջազգային մանդատով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play