Հայկական արտադրության ֆիլմերի շարքը համալրվեց «Փախիր կամ ամուսնացիր» նոր կատակերգությամբ


Հայկական արտադրության ֆիլմերի շարքը համալրվեց «Փախիր կամ ամուսնացիր» նոր կատակերգությամբ

  • 26-02-2016 18:20:43   | Հայաստան  |  Մշակույթ

«Փախիր կամ ամուսնացիր» զվարճալի ընտանեկան կատակերգությունն անտարբեր չի թողնի և ոչ մեկին»,- վստահեցնում են ֆիլմի արտադրության գործում իրենց ներդրումն ունեցած «Յուքոմ» և «Persona Grata Group» ընկերությունների ներկայացուցիչները: 
 
Ինչպես փետրվարի 26-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտաարեց ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը, ֆիլմը պատմում է մի տաքսիստի մասին, ով ոչ այնքան սովորական մեքենա է վարում և ում կյանքը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում այն բանից հետո, երբ իր մեքենան է նստում սեփական հարսանիքից փախած հարսնացուն:
Ըստ նրա` ֆիլմի նկարահանումները սկսվել են անցած ամռանը. «Արդյունքում ստացվել է  կատակերգական ժանրի շատ լուսավոր, շատ պայծառ մի ֆիլմ»,- ասաց նա` հավելելով, որ շարունակելու են համագործակցել «Յուքոմ»-ի և  «Persona Grata Group»-ի հետ` ապագայում այլ ֆիլմեր ևս ստեղծելու նպատակով: 
Անդրադառնալով Ֆիլմի վերնագրին, Մ. Արզումանյանը նշեց, որ այն ընտրվել է իր և «Persona Grata Group»-ի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի կողմից: «Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարուհու ընտրությանը, ապա այդ կերպարում պատկերացրել եմ հենց Իվետա Մուկուչյանին, վերջինս սիրով ընդունեց ֆիլմում նկարահանվելու մասին առաջարկը»,- ասաց Մ. Արզումանյանը` ընդգծելով, որ կատակերգական ֆիլմերում նկարահանվելու փորձ չունեցող Իվետային աշխատասիրության շնորհիվ հաջողվել է հասնել հաջողությունների: 
«Persona Grata Group»-ի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի տեղեկացմամբ, ֆիլմի նկարահանման գաղափարն առաջին անգամ ծագել է դեռևս 2014 թվականի ձմռանը:
«Հենց սկզբից մեր առջև մենք մի քանի պայմաններ էինք դրել. Նախ ֆիլմը պետք է տարբերվեր մյուս բոլոր հայաստանյան ֆիլմերից, մենք մեծ պատասխանատվությամբ  ենք մոտեցել այս գործին և լիահույս ենք, որ մեր բոլոր սպասումները կարդարացվեն»,- նշեց նա:
 «Յուքոմ» ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանի խոսքերով` ի սկզբանե ֆիլմի ստեղծման նպատակն է եղել ստեղծել այնպիսի մի ֆիլմ, որը հնարավոր կլինի դիտել ընտանեկան մթնորորտում:
«Կարծում եմ բավականին հետաքրքիր և զվարճալի ֆիլմ է ստացվել, կփորձենք ապագայում ևս լինել հայկական ֆիլմարտադրության կողքին` միայն լավն ու բարին այս ոլորտ բերելով»,- նշեց Տ. Սաֆարյանը: 
Տեղեկացնենք, որ Ֆիլմի գլխավոր դերերում խաղում են Մկրտիչ Արզումանյանը և Իվետա Մուկուչյանը, իսկ սցենարի հեղինակը Աշոտ Աբրահամյանն է, ռեժիսորը` Հայկ Կբեյանը:
«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի մարտի 3-ից:
 
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ