Մարտնչող տգիտության հաղթարշավը


Մարտնչող տգիտության հաղթարշավը

  • 28-02-2016 09:44:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Մարդկային անտեղյակությունը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պասիվ և ակտիվ: Պասիվ անտեղյակությունը մարդու չիմացությունն է մեկ կամ բազմաթիվ ոլորտներում, որը չունի հասարակական մեծ հետևանք, այն չի ձգտում տարածվել: Ակտիվ անտեղյակությունը մարդկային չիմացությունն է, որը ձգտում է տարածվել ու բազմանալ՝ խելացիության քողի ներքո կամ առանց դրա: Սա կոչվում է ջանք՝ ոչ ըստ խելքի: Սա այն է, ինչ կոչվում է մարտնչող տգիտություն:
 
 
Բալոր առողջ ու զարգացող հասարակություններում կարծիքներ ձևավորողները և որոշում կայացնողները, նույն ինքը՝ էլիտան, առողջ բանականության կրողներն են: Առնոլդ Թոյնբին սա կոչում է ստեղծագործ փոքրամասնություն, որն առաջ է մղում հասարակությանը: Բոլոր անառողջ հասարակություններում «էլիտան» (դրա որոշիչ մասը) ոչ թե առողջ բանականության, այլ մարտնչող տգիտության կրողն է, որը հասարակությանը մղում է դեպի հետ: Միայն մարտնչող տգիտությունը կարող է մնալ այդքան տգետ ու բարձրանալ այդքան վեր: Հայաստանը դրա վառ օրինակն է:
Միացրեք հեռուստացույցը, գնացեք Ազգային Ժողով, լսեք կառավարության անդամներին, քաղաքական դաշտին նայեք: Գո՞հ եք: Ովքե՞ր են Հայաստանում հաջողակները, ինչպե՞ս են նրանք հաջողել: Ամեն մի հասարակության արժեքային համակարգը բյուրեղացված է այն սկզբունքների մեջ, որով մարդիկ այդ հասարակության մեջ հասնում են հաջողության: Հայաստանի քաղաքական էլիտայի վիթխարի մասն իր հաջողության պատմությունը կերտել է ստորաքարշ քծնանքի և մարտնչող տգիտության սիմբիոզով: Իսկ քաղաքական էլիտան, մանավանդ մեր պես երկրներում, որոշում է հասարակության մեծ մասի արժեքային համակարգը:
Իհարկե, ամենուր կան որակյալ բացառություններ, բայց դրանք չեն փոխում ընդհանուր որակը, բավարար չեն: Ինչպես մի կաթիլ թեյը մեծ բաժակի մեջ տարրալուծվում է, բայց ջուրը թեյ չի դառնում: Ուրեմն, մեզ հարկավոր են այնքան մարդիկ, որ ջուրը թեյ դառնա: Բայց ինչպե՞ս անել դա, երբ նշաձողը սահմանված է չափազանց ցածր և դա խաղի կանոն է: Միջակության կանոնը՝ սահմանված միջակության կողմից: Կամ հաշտվի՛ր, կամ գնա՛: Ուրեմն ինչպե՞ս անել, որ չհաշտվես, բայց նաև չգնաս:
Ֆ. Նիցշեն իր «Զրադաշտում» այսպիսի միտք է զարգացնում՝ հասարակության մեջ միջակները միշտ հաղթում են խելացիներին, որովհետև խելացիները չունեն նախաձեռնողական ագրեսիվություն: Նախաձեռնողական ագրեսիվություն. սա այն ուժն է, որ առաջ է մղում մարտնչող տգիտությանը և սնուցում նրան: Սա այն է, ինչ պակասում է համեստ խելամտությանը, որ դահլիճի վերջում նստած՝ հետևում է բեմի չարչիներին, սրտնեղում ու դժգոհում կիսաձայն, բայց չի հանդգնում կանգնել, քայլ անել ու նվաճել բեմը: Եվ մնում է անտեսված, կամ հեռանում աննկատ՝ բեմը թողնելով չարչիներին:
Հայաստանում պետք է խախտել համակեցական ստատուս-քվոն, այդ թվում՝ մտավոր բնագավառում: Մեզանում կա ստեղծագործ փոքրամասնություն, թեկուզ ցրիվ եկած ու մասնատված՝ գրադարաններում և համալսարանական սենյակներում, թատրոններում կամ  իրենց տանը, բայց աննկատ ու պասիվ՝ հանրայնորեն պասիվ: Հարկավոր է  գտնել նրանց և բերել բեմահարթակ: Բայց ո՞վ բերի: Բեմի «տերերը» չեն բերի, որովհետև դա նրանց համակեցական հականիշն է: Դա կարող է անել միայն իմաստուն ղեկավարությունը, որի խնդիրը լավագույններին պեղելն ու կենտրոն բերելն է:
Մեր հասարակությունը չափազանց ընկալունակ է և՛ լավի, և՛ վատի նկատմամբ: Միայն պետք է նրան կառչելու բան տալ, և նա կբարձրանա դեպի վեր: Իշխանություններն այդ կառչելու բանը չեն տալիս: Դրա համար, խելոքներն իրենք պետք է ստանձնեն նախաձեռնողական ագրեսիվություն և իրենց առաջարկեն հասարակությանը: Հակառակ դեպքում, չարչիներն են իրենց պարտադրելու հասարակությանը, ծանրանալու են մարդկանց ուսերին և այդ ուսերին բազմած՝ նվաճելու են մարտնչող տգիտության հերթական օլիմպը:
 
ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ, Պատմաբան
lragir.am
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play