ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան փակում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհը...


ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան փակում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհը...

  • 29-02-2016 18:34:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախորդ շաբաթավերջին լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անհամաձայնություն էր հայտնել այն գնահատականների հետ, թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան փակում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհը: Դաշնակցական գործիչը դրական էր գնահատել նրա կառավարման տարիները եւ ասել անգամ, թե կողջունեն վերադարձը:
 
Արմեն Ռուստամյանը նախորդ տարի սեպտեմբերին էր բավական կոշտ պատասխանել Քոչարյանի հետ գործակցության եւ նրա վերադարձի վերաբերյալ տեսակետներին: Նա հայտարարել էր, թե վերադարձողը վերադառնում է, ոչ թե խոսում ինչ-ինչ հանգամանքներից: Այդ գնահատականը թերեւս ՀՅԴ հուսահատ սպասման դրսեւորում էր: Դաշնակցությունը երկար սպասեց Ռոբերտ Քոչարյանի աշխույժ նախաձեռնություններին, եւ ի վերջո որոշեց արձագանքել Սերժ Սարգսյանին:
Այդ համատեքստում, թերեւս իրականությանը շատ ավելի մոտ է այն, որ ՀՅԴ-ն ոչ թե օգնեց Սարգսյանին փակել Քոչարյանի վերադարձի ճանապարհը՝ Սարգսյանն այն փակել էր 2015-ի փետրվարին, իսկ գուցե այդ ճանապարհը երբեք էլ չի եղել այնքան բաց, որ լրջորեն մտահոգեր Սարգսյանին, այլ ընդամենը փորձեց դասավորել իր կյանքն առանց Քոչարյանի:
Թեեւ, հնարավոր է նաեւ, որ իրականում դասավորվել է թե ՀՅԴ, թե Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական կյանքը»: Այլ կերպ ասած, որքան էլ առաջին հայացքից չհնչի տարօրինակ, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան թերեւս ավելի շուտ Քոչարյանի վերադարձ է ապահովել, քան արգելափակել դրա հեռանկարը: Խոսքն իհարկե չակերտավոր վերադարձի մասին է:
Ըստ ամենայնի, ՀՅԴ հետ գործակցությամբ Սերժ Սարգսյանը նաեւ փորձում է որոշակի երաշխիքներ տալ Ռոբերտ Քոչարյանին, ինչի դիմաց էլ Քոչարյանը գուցե կդադարեցնի Սերժ Սարգսյանի իշխանության պարբերական «տորպեդահարումը»:
2008 թվականի ապրիլից հետո Ռոբերտ Քոչարյանը կամա թե ակամա ստանձնեց հարաբերական-հակասական դերակատարում: Հատկապես միջազգային մի շարք առանցքային տնտեսական եւ քաղաքական իրողությունների, իսկ ներսում էլ Մարտի 1-ի արյունահեղության առաջացրած լրջագույն լարման հետեւանքով Հայաստանում առկա էր մի վիճակ, երբ անգամ իշխանոթյան մեջ շատերը «կարոտում» էին մինչեւ 2007-08-ը եղած ժամանակաշրջանը: Դրա հետեւանքով Սերժ Սարգսյանը ստացել էր նաեւ ներհամակարգային լեգիտիմության դեֆիցիտի լուրջ խնդիր: Դա գումարվում էր նրա առանցքային խնդրին՝ ժառանգելով Քոչարյանի ձեւավորած իշխանությունը, իհարկե նաեւ իր մասնակցությամբ եւ աջակցությամբ, Սարգսյանն այդուհանդերձ «նախագահ» լինելու համար պետք է ձեւավորեր իր իշխանությունը կամ այն դարձներ իրենը:
Ռոբերտ Քոչարյանը հմտորեն օգտագործում էր այդ վիճակը, թարմ պահելով ներհամակարգային «կարոտն» իր հանդեպ եւ մշտապես տորպեդահարելով Սերժ Սարգսյանի քայլերը:
Մյուս կողմից, Քոչարյանը Սարգսյանի համար հարմար ֆոն էր, որին պարբերաբար հղում էր կատարվում խնդրահարույց իրավիճակներում՝ «Քոչարյանի վերադարձի» սպառնալիքի տեսքով, կամ անցանկալի եւ վտանգավոր այլ գործընթացների հետեւում նրա «ականջները» տեսնելով:
Այդ հակասականությունը Սերժ Սարգսյանին մի կողմից խանգարեց ձեւավորել իր իշխանությունը, մյուս կողմից սակայն թույլ տվեց պահել պաշտոնը՝ խաղալով դրա վրա:
Սակայն, պաշտոնաթողության եւ իշխանության անցման տասնամյակային հերթական փուլին ընդառաջ Սարգսյանի համար այլեւս անհնար էր բավարարվել այդ իրողությումբ, եւ հարցը այս դեպքում դրվում է կամ-կամ՝ կամ նա հեռանում է, կամ ձեւավորում իր իշխանությունը: Դա է պատճառը, որ 2015-ի փետրվարից Սարգսյանն անցավ համեմատաբար առավել կտրուկ քայլերի, հատկապես որ արտաքին աշխարհքաղաքական զարգացումների ճնշմանն ավելանում էր նաեւ ներքին ոչիշխանական ճնշումը:
Լուծելով առանցքային, գլխավոր հարցը բավական կտրուկ՝ գրեթե վիրահատական քայլերով, Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին որոշեց մյուս հարցերը լուծել փոխզիջումային տարբերակով, խուսափելով ավելորդ լարումներից: Ու քանի որ ստացել էր 2015-ի առանցքային առավելությունը, նա կարող էր լինել փոխզիջման պայման թելադրողը:
Այդ իմաստով, Սարգսյան-ՀՅԴ գործակցությունը կարող է լինել Սարգսյան-Քոչարյան փոխզիջման արտաքին ձեւաչափը: ՀՅԴ-ն կապահովի Քոչարյանի քաղաքական «թիկունքը», իսկ Քոչարյանն այդպիսով կդադարի տորպեդահարել Սերժ Սարգսյանի իշխանություն ձեւավորելու ջանքը: Դատելով առկա ներքին ու արտաքին իրողություններից, Ռոբերտ Քոչարյանի համար դժվար էր պատկերացնել այդ իրավիճակում վերոհիշյալից ավելի ներկայացուցչական վերադարձի հնարավորություն: Եվ այդ իմաստով, երկրորդ նախագահը գուցե ստացել է առավելագույնը:
Հետաքրքիր է սակայն, թե ինչ ժամանակահատվածի համար է ներկայիս փոխզիջումը կամ Սարգսյան-Քոչարյան անուղղակի պայմանավորվածությունը, քանի որ դատելով Հայաստանի ներքաղաքական կյանքի գործընթացներից, այն հաստատ առաջինը չէ, հետեւաբար կա ոչ միայն պայմանավորվածությունների, այլ դրանք խախտելու նախադեպ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play