Առաջարկ` Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին<br />


Առաջարկ` Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին

  • 25-10-2010 14:45:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման իրավական գործընթացի մասին 1988-1991-ից ի վեր ԼՂՀ հիմնախնդիրը ԽՍՀՄ-ով դրվեց ու գտնվում է միմիայն քաղաքական դաշտում, որի պատճառով առ այսօր, այսպես կոչված, «մադրիդյան» եւ բոլոր այլ սկզբունքներով եւ առաջարկներով հանդերձ կարգավորումը չի իրագործվել: Փաստ է, կատարված իրողություն, որ արդեն շուրջ 20 տարի է ինչ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական կայացած պետություն: Թերացումը արտաքին հարաբերությունների դաշտում է, ԼՂՀ-ն զրկված է արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Եռանախագահների թողտվությամբ 18 տարի ձգձգվող բանակցային գործընթացը, թե հանրապետությանը, թե նրա ժողովրդին դուրս է թողել միջազգային կենսական նշանակության իրողությունններից, ասես ենթարկելով տնային կալանքի, որի հետեւանքում մի ամբողջ ժողովուրդ զրկված է մարդկային քաղաքակրթական զարգացման իր բոլոր միջազգային հիմնարար իրավունքներից ու ազատություններից: Եթե այս իրավիճակը հանդուժելի էր պատերազմին հաջորդող մեկ-երկու տարիներին, երբ ԼՂՀ ժողովուրդը պատերազմի հասցրած վերքերն էր բուժում, ապա պատերազմից 16 տարի անց այլեւս անհանդուրժելի է հենց միայն միջազգային իրավական սկզբունքներից ու նորմերից մեկնած, այդ թվում` հետեւյալ կոնվենցիաներից ելնելով. - «Զարգացման իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.: - «Միջազգային մշակութային համագործակցության սկզբունքների մասին» Յունեսկոյի Հռչակագիր, 4 նոյեմբերի 1966թ.: - «Սոցիալական առաջընթացի եւ զարգացման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 11 դեկտեմբերի 1969թ.: - «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» Միջազգային Դաշնագիր, 16 դեկտեմբերի 1966թ.: - «Տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների փոխկապակցության եւ չտարանջատման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.: - «Աշխարհի խաղաղության եւ մարդկության բարօրրության համար գիտատեխնիկական առաջընթացի օգտագործման մասին» ՄԱԿի Հռչակագիր, 10 նոյեմբերի 1975թ.: Այս իրավիճակում ԼՂՀ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները միջնորդված կերպով քիչ թե շատ պաշտպանելու ՀՀ-ի բոլոր փորձերը ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ ԵՄ-ի կողմից դիտվել են որպես բանակցային գործընթացին իբր խանգարող միջամտություններ: Ելնելով ստեղծված փակուղային իրավիճակից առաջարկում ենք սկսել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթաց: ՀՀ-ն, առանց այլոց կողմից նույնի ակնկալիքի, ճանաչում է ԼՂՀ անկախությունը հենց միայն միջնորդելու եւ երաշխավորելու համար ԼՂՀ ժողովրդի եւ ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատություններն ու զարգացման հնարավորություններն արտաքին հարաբերություններում իրականացնելու իրավունքը, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավական հայտնի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ, ելնելով` ԼՂՀ Անկախության հանարաքվեյի արդյունքների մասին 6 հունվարի 1992թ. Հռչակագրից, առաջնորդվելով` ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Գերագույն Խորհրդի 8 հուլիսի 1992թ. որոշումով: Խնդիրն իրագործելու համար որպես ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբ. ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունն ու ինքիշխանությունը: ՀՀ-ն հաստատում է դիվանագիտական հարաբերություններ ԼՂՀ-ի հետ: ՀՀ-ն բացում է դեսպանատուն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: ՀՀ-ի բոլոր դեսպանատներում բացվում են ԼՂՀ ներկայացուցչյուններ, որպես միջնորդ նպաստելու համար ԼՂՀ մարդու իրավունքների եւ զարգացման խնդիրների գործնական իրագործմանը: ՀՀ-ն որպես ՄԱԿ-ի անդամ պետություն` միջազգային իրավասուբյեկտ, երաշխավորում է ԼՂՀ ներկայացուցչությունների ողջ գործունեությունը եւ պատասխանատվություն է կրում ԼՂՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ: Հակամարտության իրավական կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում ԼՂՀ հակամարտության իրավական խաղաղ կարգավորումը ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Մինսկի խմբին (որի ստեղծումը համապատասխանում է «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիայի (18 հոկտեմբերի 1907թ.) 2-րդ բաժնի 2-8 հոդվածներին) առաջարկում է հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացը այսուհետ կազմակերպել, կառուցել եւ համաձայնեցնել վերոնշյալ Կոնվենցիայի սկզբունքներին ու դրույթներին: Ըստ այդմ հաշվի առնելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը` միջնորդական առաքելությունը, ձգձգվել է շուրջ 18 տարի, մինչդեռ պետք է տեւեր առնվազն մեկ-երկու տարի, համաձայն նույն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-36 հոդվածների պահանջի` կատարել երկրորդ քայլը, ստեղծել հակամարտության ուսումնասիրման Միջազգային հետաքննող հանձնաժողով, որը քննության կառնի հետեւյալ իրողությունները. - Ադրբեջանի հայ քաղաքացիների նկատմամբ 1988-1990 թթ. ադրբեջանցիների կողմից իրականացրած բռնությունները, կոտորածները, թալանը, - Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիան, պատերազմը եւ դրա հետեւանքով հասցված վնասները, - Ադրբեջանի կողմից, անցյալում եւ վերջին 20 տարիներին, հայկական մշակութային եւ քաղաքակրթական արժեքների ոչնչացման, մասնավորապես Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման խնդիրը, - Ադրբեջանից բռնագաղթված շուրջ կես միլիոն հայ փախստականների թալանված ու հափշտակված ունեցվածքի խնդիրը, - ԼՂՀ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրները, - Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող ազգամիջյան ատելության սերմանման, պատերազմի հրահրման, ռասայական խտրականության քարոզչության խնդիրը: - Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայոց եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի, քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարությունը: Միջազգային քննիչ հանձնաժողովի գործունեության ավարտին, եթե կողմերից մեկը չի ընդունում ներկայացված իրողությունը` առաջարկվող իրավական լուծումը, ապա Մինսկի խումբը` ըստ նշյալ Կոնվենցիայի 4-րդ բաժնի 37-90 հոդվածների, ձեռնարկում է երրորդ քայլը, այն է` հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը տանում է Միջազգային միջնորդ դատարան: «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն 21.10.2010թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն