Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և ազգային փոքրամասնությունների իրավունքները


Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և ազգային փոքրամասնությունների իրավունքները

  • 03-03-2016 19:13:52   | Վրաստան  |  Վերլուծություն

Հունվարին ներքաղաքական կյանքը Վրաստանում բավական ակտիվ էր և դարձավ 2015թ. տարեվերջյան իրադարձությունների տրամաբանական շարունակությունը։ Այն ժամանակ, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո, դեկտեմբերի 29-ին 86 «կողմ» ձայնով խորհրդարանը վստահության քվե տվեց նոր կառավարությանը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, և իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի «Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստան» թարմացված կառավարական ծրագրին (տե՛ս 2015թ. դեկտեմբերի ներքին քաղաքականության տեսությունը)։ Նշենք, որ բացի կառավարության ղեկավարի փոփոխությունից, կառավարության մյուս բոլոր անդամները մնացին իրենց պաշտոններին։
 
GDS հեռուստաալիքին տված նախաամանորյա հարցազրույցում Վրաստանում իշխող կոալիցիայի ոչ ֆորմալ առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ «երջանիկ է ու գոհ» Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականի որոշումից, քանի որ նա հեռացել է «իր անձնական որոշման» հիման վրա։ Նա նաև ասել է, որ կառավարող կոալիցիայի անդամները «շփոթված» էին Ղարիբաշվիլու որոշումից, որովհետև նրանք նախապես տեղեկացված չէին նրա այդ մտադրության մասին։ Ըստ նրա՝ դրա պատճառը նաև այն էր, որ Իրակլի Ղարիբաշվիլին «շտապել» է։ «Ես չեմ տեսնում և չգիտեմ խնդիրներ, որոնք Ղարիբաշվիլին չկարողանար լուծել... Նա հեռացավ իր հաջողության գագաթնակետին... իր հաջողության զենիթում թողեց իշխանությունն այնպես, ինչպես ես <…>։ Թողեց միայն այն բանի համար, որ թողնի... Հեռանալու պատճառը միայն հեռանալն է, որպեսզի հնարավորություն տա նաև մյուսներին փորձել իրենց»,- ասել է Իվանիշվիլին։
 
Վրաստանի նախկին վարչապետը նշել է նաև, որ Ղարիբաշվիլին ընտրության հնարավորություն և բոլոր ռեսուրսներն ունի, որպեսզի ցանկության դեպքում, «ճգնաժամային կամ ոչ ճգնաժամային իրավիճակում» վերադառնա քաղաքականություն և «ազատ ձևավորի նոր քաղաքական թիմ»։ Այս հայտարարությունն առիթ է տվել վրաց քաղաքագետների և փորձագետների մի մասին ենթադրելու, թե Իվանիշվիլին նախկին վարչապետ Ղարիբաշվիլու համար «հատուկ առաքելություն» է նախատեսել։ Նշենք, որ նման բանավեճերի համար լրացուցիչ պատրվակ է հանդիսացել նաև այն, որ Ղարիբաշվիլին թողել է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնը։
 
Չնայած երկրի ներսում կառավարության ղեկավարի փոփոխության դրական արձագանքներին՝ տնտեսական խնդիրների (ազգային արժույթի՝ լարիի արժեզրկում, արտահանման և դրսից դրամական փոխանցումների նվազում և այլն) առկայությունը, ըստ փորձագետների, կառավարության նոր ղեկավարի առջև դնում է մի քանի կարևոր նախարարների փոխելու անհրաժեշտության հարցը։ Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, թե «չի բացառում, որ մոտ ապագայում կառավարության կազմում կարող են փոփոխություններ իրականացվել»։ Չնայած ինչպես ընդդիմադիր դաշտում, այնպես էլ «Վրացական երազանք» կոալիցիայի «խայտաբղետ» շարքերում կառավարության ղեկավարի փոփոխության հետ կապված ոչ միանշանակ մեկնաբանություններին՝ կոալիցիայի ներկայացուցիչ Զուրաբ Թքեմալիձեն նշել է, որ Գեոոգի Կվիրիկաշվիլին, «հապճեպ որոշումներ չկայացնելու համար, երկրի կառավարությունում որոշակի կադրային փոփոխություններ կիրականացնի 2016թ. գարնանը»։
 
Խոսելով նոր վարչապետի մասին՝ Բիձինա Իվանիշվիլին այդ նույն GDS-ին տված հարցազրույցում Գ.Կվիրիկաշվիլուն բնութագրել է որպես «զարմանալիորեն հավասարակշռված անձնավորություն», որը կարող է լինել «շատ հաջող» ղեկավար։ «Այն, որ Գեորգին (Կվիրիկաշվիլի) լավ մենեջեր է, այդ մասին արդեն բոլորը գիտեն... Ես կարծում եմ, որ նա հաջող առաջնորդ կլինի»,- ասել է նա և հավելել, որ Կվիրիկաշվիլուն «լավ են ընդունել ամերիկյան և եվրոպական գործընկերները»։
 
Իր հաստատումից հետո Վրաստանի գործող վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին սկսեց մտնել կառավարող կոալիցիայի առաջնորդի դերի մեջ՝ չլինելով այն կազմող կուսակցություններից և ոչ մեկի անդամ։ Ամսվա կեսին «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ասաց, որ կուսակցությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո կառավարում է նրա քաղխորհուրդը, իսկ նախկին վարչապետը լոկ ձևականորեն է պահպանել կուսակցության նախագահի պաշտոնը։ Բայց Ղարիբաշվիլու՝ պաշտոնից հեռանալուց և կուսակցությունից դուրս գալուց հետո խոսակցություններ սկսվեցին, թե Գ.Կվիրիկաշվիլին կարող է մտնել իշխանության կուսակցության շարքերը՝ գլխավորելով այն և շարունակելով կառավարող կոալիցիայի կորիզը կազմող կուսակցության բարեփոխմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեությունը։ Կուսակցության նոր նախագահն ընտրվելու է կուսակցության՝ 2016թ. գարնանը կայանալիք համագումարում։
 
Վրաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման առումով ուշագրավ է Վրաստանի ԱԳՆ-ում կադրային նշանակումը. ԱԳ նոր նախարար Միխայիլ Ջանելիձեն իր տեղակալ է նշանակել ԱԳ նախկին փոխնախարար և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ Դավիթ Զալկալիանուն։ Մինչ այդ Զալկալիանին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության այն ներկայացուցիչներից էր, ովքեր կառավարող կոալիցիայից կուսակցության դուրս գալու ժամանակ քննադատության էին ենթարկել Վրաստանի արտաքին քաղաքականությունը՝ «Վրացական երազանքին» մեղադրելով արևմտամետ վեկտորից շեղվելու մեջ։
 
Նշանակումն առաջ բերեց Զալկալիանու նախկին կուսակիցների տարաբնույթ արձագանքը և ի հայտ բերեց այն իրողությունները, որոնք առկա են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներսում։ Կուսակցության առաջնորդներից Վիկտոր Դոլիձեն ողջունեց այս նշանակումը և նշեց, որ Դավիթ Զալկալիանին բարձրամակարդակ դիվանագետ է։ Բարեկամական չէր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի դիրքորոշումը, որը Ֆեյսբուք սոցցանցի միջոցով շնորհավորել և կշտամբել է իր նախկին կուսակցին։ Պատասխանելով նրան՝ Զալկալիանին նշել է, որ որևէ քաղաքական պարտավորություն չունի «Ազատ դեմոկրատների» առջև, քանի որ կուսակցությունից հեռացել է դեռևս 2015թ. ամռանը, երբ գլխավորում էր Լևան Միքելաձեի անվան ֆոնդը։
 
Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեի խոսքով՝ Զալկալիանու նշանակումն ԱԳՆ-ում ուղերձ է Արևմուտքին։ Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Իրակլի Ալասանիայի համար այսօր ավելի օգտակար է խորհրդակցություններ անցկացնել «Վրացական երազանքի» հետ, քանի որ «արևմտյան ընկերներին նույնպես դուր չի գալիս այս առճակատումը»։ «Այս ամենը (կոնֆլիկտն «Ազատ դեմոկրատների» հետ) կկկոտրվի Իրակլի Ղարիբաշվիլու վրա, թեև միայն նա չէր, որ մեղավոր էր դրանում։ Բայց «Վրացական երազանքը» և «Ազատ դեմոկրատները» փորձելու են ընդհանուր լեզու գտնել»,- ամփոփել է Մամուկա Արեշիձեն։
 
Թե որոնք են այս նշանակման դրդապատճառները և ինչի կարող է այն հանգեցնել՝ ցույց կտա ժամանակը, սակայն հիմա արդեն կարելի է համարձակորեն պնդել, որ կառավարության նոր ղեկավարը ներքին քաղաքականության մեջ կողմնակից է բոլոր առողջ դատող քաղաքական ուժերի, այդ թվում և «Ազատ դեմոկրատների» համախմբման դիրքորոշմանը։ Չի բացառվում, որ իշխող կոալիցիային ապագայում ևս կարող են հարել կուսակցության ուրիշ անդամներ, իսկ համաձայն ավելի պոզիտիվ սցենարի՝ կուսակցությունն ինքը կարող է դառնալ կոալիցիայի անդամ՝ առճակատման վերացման պարագայում, որը ծագել էր նախկին վարչապետ Ղարիբաշվիլու և Իրակլի Ալասանիայի միջև այսպես կոչված մալուխների գործի հետ կապված (կոռուպցիոն սկանդալ Վրաստանի պաշտպանության նախարարությունում 2014թ. նոյեմբերին)։ Մի բան կարելի է վստահաբար ասել, որ վրացական քաղաքական դաշտը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, և այդ ամենն արագանում է մոտեցող խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
 
Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված՝ անցնող հունվարը կհիշվի նաև ևս մեկ փոփոխությամբ՝ լրացումներով Վրաստանի Ընտրական օրենսգրքում, որ ընդունվել են 2015թ. դեկտեմբերի 23-ին կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի և ստորագրվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կողմից հունվարի 8-ին։ Լրացումները նախատեսում են 2016թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական տեղամասերի ձևավորման կանոնների փոփոխություն։
 
Այսօր Վրաստանում գործում է խառը ընտրահամակարգ, որի շրջանակում խորհրդարանի 150 անդամից 77-ն ընտրվում է համամասնական համակարգով, իսկ 73 մեծամասնական պատգամավորները՝ միամանդատ ընտրատարածքներում։ Սակայն 2012թ. վերջից իշխող կոալիցիան և ընդդիմադիր կուսակցությունները բանակցություններ են վարում լիակատար համամասնական համակարգի անցման վերաբերյալ, որը կոալիցիայի նախընտրական խոստումներից մեկն է։ Ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև դիտորդ հասարակական կազմակերպությունները պնդում են, որպեսզի 2016թ. ընտրությունների ժամանակ վերացվի մեծամասնական բաղադրիչը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի օգնությամբ, որի տակ ստորագրել է ավելի քան 200 հազար ընտրող։ Սակայն «Վրացական երազանք» կոալիցիան համաձայնում է այս առաջարկությունն ընդունել միայն ընթացիկ տարվա ընտրություններից հետո՝ պատճառաբանելով, որ կա նախապատրաստական բոլոր ընթացակարգերի անցկացումը չհասցնելու ռիսկ։ Ըստ նրանց, հաջորդ՝ 2020թ. խորհրդարանական ընտրություններն արդեն կանցնեն համամասնական համակարգով, որին անցնելու նախագիծն արդեն նախաձեռնվել է կառավարող կոալիցիայի կողմից։
 
Նախագահի ստորագրած օրենքը, որն ուժի մեջ է մտել Վրաստանի «Օրենսդրական տեղեկագրում» (Սաքանոնմդեբլո Մացնե) հրապարակվելուց անմիջապես հետո, նախատեսում է 73 մեծամասնական ընտրատարածքի ձևավորում, որոնք հավասարեցվում են իրար մեծ կամ փոքր չափով՝ ըստ ընտրողների թվաքանակի։ Նոր կանոնները երկրի կառավարության կողմից Սահմանադրական դատարանի որոշման իրագործումն են հանդիսանում և հենվում են Վենետիկի հանձնաժողովի («Դեմոկրատիա իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) հանձնարարականների վրա։
 
Ընդունված օրենքի համաձայն՝ փոխվում են 73 մեծամասնական ընտրատարածքների սահմանները՝ որոշ տարածքներ միավորվում են, որոշներն էլ առանձնանում։ Թբիլիսիի 18 ընտրատարածքի փոխարեն, օրինակ, նրան Գարդաբանի քաղաքապետարանի միացմամբ կստեղծվի 22 ընտրատարածք, իսկ միջին ընտրատարածքը երկրում կունենա 47,5 հազար ընտրող։ Միևնույն ժամանակ, ուժի մեջ են մտել «Վրացական երազանքի» նախաձեռնած առանձին փոփոխությունները, որոնց համաձայն՝ ընտրաշեմը մեծամասնական պատգամավորի ընտրության համար 30-ից բարձրացվել է 50%-ի։
 
Ինչ վերաբերում է հայաբնակ Սամցխե-Ջավախքին, ապա այստեղ, փոփոխությունների համաձայն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքները, բացի մի քանի գյուղերից, միավորվել են մեկում, իսկ 2016թ. գումարման խորհրդարանում շրջանը կներկայացնի մեկ պատգամավոր՝ ներկա պահին աշխատող երկուսի փոխարեն, որոնք սովորաբար ներկայացնում են հայերը (Սամվել Պետրոսյան՝ Ախալքալաք և Հենզել Մկոյան՝ Նինոծմինդա)։ Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ վերը նշված փոփոխությունները «խախտում են ազգային փոքրամասնությունների իրավունքները»։ Ախալքալաքից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը Jnews.ge գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ թեև փոփոխությունները «լրիվ դեմոկրատական» են, բայց դրանցում հաշվի չեն առնվել ազգային փոքրամասնությունների իրավունքները։ «Ելնելով Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներից՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերում ընտրատարածքները պետք է մնան նույն սահմաններում, որպեսզի չխախտվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները»,- նշել է Պետրոսյանը։
 
Գալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված թեմաներից մեկն էլ բանավեճն է կառավարող կոալիցիայից պատգամավորների ապագա թեկնածուների վերաբերյալ։ Հունվարին քննադատաբար ընդունվեց «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի այն գաղափարը, թե կառավարող կոալիցիան կփոխի մոտեցումը գալիք խորհրդարանական ընտրություններում նախընտրական ցուցակների կազմման վերաբերյալ։ Ըստ Կոբախիձեի՝ ապագա խորհրդարանում կուսակցության շարքերից չի լինի «դերասանների և մարզիկների այնպիսի առատություն», ինչպիսին որ կա գործող խորհրդարանում։ Նրա խոսքով՝ ապագա խորհրդարանի անդամների պարագայում շեշտադրումը կկատարվի «պրոֆեսիոնալ մարդկանց վրա, որոնք կոնկրետ բնագավառներում աշխատելու փորձ ունեն», և այս հարցը կուսակցությունում կենթարկվի «թիմային քննարկման»։
 
Հատկանշական էր կառավարող կոալիցիայում Կոբախիձեի կողմնակիցների արձագանքը։ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին, պատասխանելով նրա հայտարարությանը, նշել է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները կոալիցիայում քննարկում են իրենց թեկնածուների հարցը, և յուրաքանչյուր կուսակցություն իր նկատառումներն ունի, թե ինչ թեկնածուներ է ներկայացնելու։ Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ներկա պահին կոալիցիայում այս թեմայի որևէ քննարկում չի եղել։
 
Հարկ է նշել նաև հունվարի 28-ին տեղի ունեցած Գարդաբանի գամգեբելիի (տեղական վարչակազմի ղեկավարի) ընտրությունների մասին։ Դրանց անհրաժեշտությունը ծագել էր այն պատճառով, որ 2015թ. նոյեմբերի վերջին մահացել էր 2014թ. «Վրացական երազանք» կոալիցիայից ընտրված Գելա Նիորաձեն։ Այսպիսով, գամգեբելիի երկու թեկնածուներից՝ «Վրացական երազանքի» թեկնածուից և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» թեկնածուից ձայների 70,15%-ով (16.104 մարդ), այն պարագայում, երբ ընտրություններին մասնակցությունը եղել էր 33,13% (71.968 ընտրողներից), անցողիկ ընտրաշեմը՝ 50%, հաղթանակ է տարել գարդաբանցի ֆուտբոլիստ, «Վրացական երազանքի» անդամ Գոչա Ջամարաուլին։ Նա այս պաշտոնում կաշխատի մինչև 2017թ. հոկտեմբերին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։ Նրա ընդդիմադիր մրցակիցը Բեսիկ Կախաբրիշվիլին էր (29,85% ձայն կամ 6851 մարդ), որը նույն պաշտոնի համար պայքարել է նաև 2014թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ (ստացել էր ընտրողների 27,86%-ի աջակցությունը, ինչը բավարար չէր հաղթանակի համար)։
 
Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտողար Իրակլի Կոբախիձեն նշել է, որ կառավարող կոալիցիան «կայուն պահպանում է իր բարձր վարկանիշը և գերիշխող քաղաքական ուժ է մնում վրացական քաղաքական դաշտում»։ Նա նաև նշել է, որ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» «սնանկացած քաղաքական միավորում է, որն արդեն չի կարողանա կարևոր գործոն լինել վրացական քաղաքականությունում 2016թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո»։ ՄԱՇ գործադիր քարտուղար, պատգամավոր Սերգո Ռատիանին, իր հերթին, հայտարարել է, թե ընտրություններում հաղթանակի հասնելու համար «իշխանություններն օգտագործել են բոլոր մեթոդները. վարչական ռեսուրսներ, Վրաստանի ազգային անվտանգության ծառայություն, վախեցում, զոնդերներ և կռիվներ տեղամասերում»։
 
«Հանուն արդար ընտրությունների և դեմոկրատիայի միջազգային ընկերություն» և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ոչկառավարական կազմակերպությունների դիտումների համաձայն, որոնք մասնակցել են Գարդաբանի ընտրություններին որպես դիտորդներ, միջադեպեր և քաղակտիվիստների դիմակայություն տեղի են ունեցել ընտրատեղամասերից դուրս, ինչը «չի խանգարել քվեարկության գործընթացին», որն «անցել է խաղաղ իրադրությունում»։ Նրանք նաև նշել են առանձին ընթացակարգային խախտումների մասին։
 
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու խոսքով՝ ընտրությունների ընթացքում «եղել է որոշակի լարվածություն ընտրատեղամասերից դուրս»։ Նա նաև կոչ է արել բոլոր կողմերին՝ թե՛ կոալիցիայի, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին, «առավելագույնս իջեցնել ջերմությունը»։ Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ վարչապետը խնդրել է արդարադատության նախարարին վերանայել օրենսդրությունը, որպեսզի «ավելի խիստ» պատիժ սահմանվի ֆիզիկական վիրավորանքի համար։ Գ.Կվիրիկաշվիլին նաև շնորհավորել է Գոչա Ջամարաուլուն հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել դիտորդ կազմակերպություններին կատարած աշխատանքի համար։
 
Վրաստանը թվերով.
- Այցելու/զբոսաշրջիկներ. 2015թ. Վրաստան միջազգային այցելուների թիվն ավելացել է 6,9%-ով (կամ 382.126 այցելուով)՝ անցած տարվա համեմատ, կազմելով 5,89 մլն մարդ։ Զբոսաշրջիկների թվաքանակի հաշվման վրացական համակարգի համաձայն՝ 2015թ. երկիր է այցելել 2,27 մլն զբոսաշրջիկ (5,89 մլն այցելուից), ինչը 2,2%-ով ավելի է, քան 2014-ին։ Այցելուների թվով առաջատարն են Վրաստանի հարևաններ Հայաստանը - 1,46 մլն այցելու (10,7%-ով ավելի, քան 2014թ.), Ադրբեջանը - 1,392 մլն (8,5%-ով ավելի, քան 2014թ.) և Թուրքիան - 1,391 մլն (3,5%-ով պակաս, քան 2014թ.), Ռուսաստանը – 925.061 (14%-ով ավելի, քան 2014թ.) և այլն։
 
- Տրանսֆերտներ. Համաձայն Վրաստանի Ազգային բանկի տվյալների՝ 2015թ. Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալները կրճատվել են 25%-ով և կազմել $1,08 մլրդ ($1,44 մլրդ 2014թ.)։ Ռուսաստանը փոխանցումների գծով առաջատարն է, որտեղից 2015թ. Վրաստան է ուղարկվել $432,68 մլն (39%-ով պակաս, քան 2014թ.)։ Ռուսաստանի բաժինը դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում կրճատվել է մինչև 40% 2014թ. 49%-ից։ Հունաստանը, չնայած 42,5%-ով դրամական փոխանցումների կրճատմանը, մնացել է երկրորդ տեղում՝ $117,68 մլն։ Այնուհետև Իտալիան է ($109 մլն), ԱՄՆ-ը ($91.42 մլն), Թուրքիան ($68.87 մլն), Իսրայելը ($32.78 մլն), Իսպանիան ($26.69 մլն), Գերմանիան ($26.64 մլն)։
 
- Առևտուր. Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2015թ. Վրաստանի արտաքին առևտուրը կրճատվել է 13%-ով՝ նախորդ տարվա համեմատ, կազմելով $9,92 մլրդ։ Բացասական առևտրային հաշվեկշիռը կրճատվել է 3,7%-ով՝ նախորդ տարվա համեմատ, և կազմել $5,5 մլրդ։ 2015թ. ներմուծման ծավալը կրճատվել է 10,1%-ով՝ կազմելով $7,72 մլրդ, իսկ արտահանման ծավալը կրճատվել է 23%-ով՝ նախորդ տարվա համեմատ, կազմելով $2,2 մլրդ։ Վրաստանի առևտրաշրջանառությունն ունի հետևյալ պատկերը. Վրաստան-ԵՄ՝ $2,16 մլրդ, Վրաստան-ԱՊՀ՝ $2,8 մլրդ։ Թուրքիան Վրաստանի խոշոր առևտրային գործընկերն է՝ $1,51 մլրդ առևտրաշրջանառությամբ (արտահանումը կրճատվել է 22%-ով՝ կազմելով $186 մլն, իսկ ներմուծումը կրճատվել է 23%-ով՝ կազմելով $1,33 մլրդ)։ Ռուսաստանը՝ $788,5 մլն-ով (ներմուծումն ավելացել է 8,7%-ով՝ կազմելով $625,6 մլն, արտահանումը կրճատվել է 40,7%-ով և կազմել $162,8 մլն), երկրորդ տեղում է, Ադրբեջանը՝ $783,3 մլն-ով (արտահանումը՝ $240,4 մլն, ներմուծումը կրճատվել է 14,8%-ով՝ կազմելով $542,9 մլն), չորրորդ տեղում է, Չինաստանը՝ $712,7 մլն-ով (արտահանումն աճել է 39,1%-ով՝ կազմելով $125,8 մլն, ներմուծումը կրճատվել է 19,9%-ով և կազմել $586,9 մլն), հինգերորդն է։
 
Ջոնի Մելիքյան 
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play