«Վրաստանն ամբողջությամբ կախված է իր հարևանների բարի կամքից». Փոխնախարար


«Վրաստանն ամբողջությամբ կախված է իր հարևանների բարի կամքից». Փոխնախարար

  • 10-03-2016 12:30:43   | Վիետնամ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Երբ սկսվեցին խոսակցություններն այն մասին, թե Վրաստանը կարող է Գազպրոմից գազի լրացուցիչ ծավալներ գնել, տվյալ թեման միանգամից քաղաքական երանգ ստացավ:
 
Եթե խոսենք տնտեսության տեսանկյունից, երկիրը ռեսուրսի ինչքան շատ մատակարարող աղբյուր ունենա, այնքան ավելի շահավետ կլինի գնել տվյալ ռեսուրսը: Այդպիսին են շուկայական տնտեսության կանոնները: Մինչդեռ, գազպրոմի դեպքում միանգամից սկսվեց քննադատություն` նրանք բռնագրավել են մեր տարածքները, ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել Գազպրոմի հետ… Այսինքն, կանաչի և գինի նրանց կարելի՞ է վաճառել: Եթե նայենք այդ տեսանկյունից, Թուրքիայից մենք ներմուծում ենք բազում զանազան աղբեր… Նրանք չե՞ն բռնագրավել մեր տարածքները», -մարտի 9-ին ելույթ ունենալով Վրաստանի Խորհրդարանում` հայտնել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գոգի Թոփաձեն:
Թուրքական շահերը պաշտպանելու համար անմիջապես գործի անցավ «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիգի Ծերեթելին: «Կարծում եմ, Թոփաձեի ելույթից հետո մենք, այնուամենայնիվ, կկարողանանք խուսափել աշխարհաքաղաքական բախումից և ճգնաժամից: Կարծում եմ Թուրքիան չի նեղանա մեզնից և կմնա մեր ռազմավարական համագործակիցը», -Թոփաձեի հայտարարությանն ի պատասխան` ասել է Գիգի Ծերեթելին:
Գիգի Թոփաձեի հայտարարությունը քննադատել են նաև խորհրդարանական մեծամասնությանից իր թիմակիցները: «Խորհրդարանական մեծամասնությունը և իշխող կոալիցիան չի աջակցում Թուրքիայի մասին պատգամավոր Թոփաձեի այսօրվա հայտարարությանը: Մենք հայտարարում ենք, որ տվյալ հայտարարությունը լիովին հակասում է մեծամասնության դիրքորոշմանը», -հայտնել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զազա Կվաճանտիրաձեն:
«Եթե մեր երկրին անհրաժեշտ լինեն գազի լրացուցիչ ծավալներ, մենք չկարողանանք այն վերցնել մեր հարևան Ադրբեջանից, ապա ոչ մի խնդիր չկա, որ մենք գնենք այդ գազը Ռուսաստանից: Իհա´րկե, լավ չի լինի, եթե մենք սկսենք խոսել մեր ռազմավարական համագործակից Ադրբեջանին ամբողջությամբ ռուսական Գազպրոմով փոխարինելու մասին», -երկրի Խորհրդարանում ելույթ ունենալիս հայտնել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
«Առաջիկա 15-20 տարիների ընթացքում էլեկտտրաէներգիայի գործածումն ամեն տարի կաճի 5%-ով: Մեր երկրի համար ամենամեծ սպառնալիքը էլեկտրաէներգիայի աճող դեֆիցիտն է, հատկապես ձմռան ամիսներին: Երկիրը, որի էլեկտրէներգիայի դեֆիցիտը կազմում է 14 000 000 000 կվտ, անհեռանկարային է: Այստեղ ոչ մի զարգացման մասին չի կարելի խոսել: Ոչ մի գործարար չի ցանկանա գումար ներդնել մի երկրում, որը խնդրի լուծման տեսություն չունի և որն ամբողջությամբ կախված է արտաքին գործոններից: Վրաստանն այսօր ամբողջությամբ կախված է իր հարևանների բարի կամքից: Այսօր մեր երկիրն անհեռանկարային է, երկիր, որը էներգետիկա չունի և որը խաղահրապարակ է այլ խաղացողների համար», -ելույթ ունենալով Վրաստանի Խորհրդարանում` մարտի 9-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի փոխնախարարը: Նրա խոսքերի համաձայն` «Էներգետիկայի նախարարությունը անում է հնարավորինս, որպեսզի դուրս բերի երկիրն այս տխուր իրավիճակից»: «Էներգետիկայի նախարարությունն արդեն մշակել է մեր էներգետիկ ցանցի զարգացման ծրագիրը: Արդեն ավարտված է 15 ՀԷԿ-ի և 1 ՋԷԿ-ի շինարարությունը: Այսօրվա դրությամբ երկրում ևս 20 հիդրոէլեկտրակայանների շինարարություն է ընթանում»:
Մարտի 9-ին ԱՄՆ-ի Եվրոպական բանակի հրամանատար գեներալ Բեն Հոջերսը հայտարարել է, որ մայիս ամսին Վրաստանում տեղի կունենան զորավարժություններ ամերիկացի զինծառայողների, ինչպես նաև ամերիկյան տանկային ջոկատի մասնակցությամբ: «Մայիսին Վրաստանում տեղի կունենան «Noble Partner» զորավարժությունները: Նման զորավարժություններ անցկացվել են նաև անցյալ տարիներին: Զորավարժությունների նպատակն է վրացական Ազգային բանակի մարզումը: Նշված զորավարժություններին մասնակցելու համար Սև ծովով Վրաստան կմտնեն ԱՄՆ-ի տանկային և օդային ջոկատներ: Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորները կենթարկվեն վրացի հրամանատարի հրամաններին», -մարտի 9-ին հայտարարել է ամերիկացի գեներալը:
Վրաստանի փոխվարչապետի հայտարարության համաձայն` «մոտակա ժամանակներս վարչապետը ծրագրում է հանդիպումներ անցկացնել իշխող կոալիցիայի կազմում մտնող կուսակցությունների ներկայացուցիչների հետ»: «Ես լսել եմ այն հայտարարությունը, որն արել է երկրի Խորհրդարանի նախագահը: Ուզում եմ ասել, որ մամուլը տվյալ հայտարարության միտքը փոքր-ինչ այլ համատեքստով է ներկայացրել: Ինչ վերաբերում է միջկուսակցային համաձայնությանը, մենք անպայման այն կստորագրենք: Վարչապետը կհանդիպի բոլոր կուսակցությունների հետ, և բոլորի հետ կհստակեցվեն մեր հարաբերությունները», -մարտի 9-ին հայտնել է Վրաստանի փոխվարչապետը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play