Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանային դիրքը պահելու հարցում հիմնվել են ապակայունացման շանտաժի վրա


Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանային դիրքը պահելու հարցում հիմնվել են ապակայունացման շանտաժի վրա

  • 11-03-2016 13:40:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախի պաշտպանական բանակը հայտնելով Ադրբեջանի զինուժի դիվերսիոն նոր փորձի մասին, ինչը հաճախակիացել է վերջին օրերին, տեղեկացնում է նաեւ, որ Ադրբեջանը 1994 թվականի հրադադարից ի վեր առաջին անգամ հրետանակոծման է ենթարկել ոչ միայն առաջնագիծը, այլ նաեւ դրանից շատ ավելի հետ գտնվող տարածքներ:
 
Հայաստանի հանդեպ Ադրբեջանն այդ մարտավարությունը լայնորեն կիրառեց նախորդ տարի սեպտեմբերին, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած այցից հետո սկսեց ինտենսիվ հետանակոծել Տավուշի մարզը, թե առաջնագծում, թե դրանից մի քանի կիլոմետր հետ գտնվող խաղաղ բնակավայրեր, ընդհուպ Նոյեմբերյան քաղաքը:
Արցախից ստացվող հաղորդագրության մեջ տեղեկություն չկա բնակավայրերի հրետանակոծման մասին, բարեբախտաբար: Սակայն ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանի սանձարձակությունը հերթական անգամ համընկնում է ռուս պաշտոնյաների Բաքու կատարած այցերին: Իսկ օրերս Բաքվում էին ՌԴ ռազմաարդյունաբերության հարցերի պատասխանատու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իսկ հետո նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Ընդ որում, Ռոգոզինը այցելել էր Բաքու ռազմա-տեխնիկական գործակցության հարցերը կարգավորելու եւ դրա հարթ ընթացքը վերականգնելու խնդրով, ինչը, իր իսկ հաղորդագրության համաձայն, լուծել է:
Պատահակա՞ն է արդյոք այդ այցերի եւ Բաքվի ագրեսիվության աճի հերթական համընկնումը: Լինու՞մ են մեծ քաղաքականության այդպիսի պատահականություններ:
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Դրա ընթացքում խոսք է եղել Արցախի խնդրի, նաեւ անվտանգության հարցերի, ՀԱՊԿ գործունեության մասին:
Արդյոք Բաքուն առաջնագծից ավելի խորը հրետանակոծության մարտավարությունը Հայաստանի տարածքից տեղափոխում է Արցախ, որպեսզի ՀԱՊԿ-ին «ազատի» պատասխանատվությունից:
Երբ հրետանակոծվում է Հայաստանի տարածքը, այն էլ առաջնագծից խորը, ՀԱՊԿ-ն կանգնում է գոնե քաղաքական արձագանքի անհրաժեշտության առաջ: Եթե հրետանակոծվում է Արցախի առաջնագծից հետ ընկած տարածքը, ՀԱՊԿ-ն այստեղ արձագանքի պարտավորություն կարծես թե չունի:
Տարածաշրջանում ստեղծվել է բավական բարդ եւ բավական բազմաշերտ իրավիճակ: Ռուս-թուրքական լարվածությունը քանդել է նախկին հանգույցները, ստիպելով բոլոր կողմերին փոխել մարտավարությունը: Ակնհայտ է, որ տարածաշրջանը գնում է անվտանգության նոր համակարգի ձեւավորման, որտեղ չի լինի ռուս-թուրքական գերակայություն:
Այստեղ առանցքային նշանակություն է ստանում արցախյան գոտին, որը գտնվում է Կովկասի հանգուցային կետում: ԱՄՆ նախաձեռնությամբ առաջ է քաշվել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի գաղափարը, որը գործնականում հանդիսանալու է տարածաշրջանի կայունության առանցքային գործոն:
Շատ հավանական է, որ այդ հարցում էական զարգացում լինի մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում տեղի ունենալիք միջուկային Վեհաժողովի շրջանակում, որին ԱՄՆ նախագահ Բարա Օբաման հրավիրել է Սերժ Սարգսյանին՝ ինչպես չորս տարի առաջ, եւ այս անգամ նաեւ Իլհամ Ալիեւին:
Հավանական է, որ ԱՄՆ կփորձի կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, կամ նվազագույնը՝ անմիջականորեն խոսել Ալիեւի հետ եւ բացատրել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրմանը դիմադրելու անհեռանկարությունը: Ըստ ամենայնի, Ալիեւին կանչում են «առերեսման»:
Հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի վերաբերյալ դրական չի արտահայտվում երեք առանցքային պետություն, որ ուղղակի թե անուղղակի ներգրավված է գործընթացում՝ Ադրբեջան, որը մերժում է, Թուրքիա եւ Ռուսաստան, որոնք լռում են, ինչը գործնականում հավասարազոր է մերժման:
Բանն այն է, որ մեխանիզմը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում էապես նվազեցնում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հեգեմոն դերը եւ ապակայունացման սպառնալիքի հնարավորությունը: Իսկ դա հանդիսացել է երկու երկրների կովկասյան ռազմավարության առանցքային գործոնը:
Թե Ռուսաստանը, թե Թուրքիան տարածաշրջանային դիրքը պահելու հարցում հիմնվել են ապակայունացման շանտաժի վրա, ընդ որում՝ այդ հարցում փոխադարձաբար օգտագործելով միմյանց, ինչը գործնականում այդ ռազմավարության հնարավորությունը պահպանում է նրանց թե հաշտության, թե գժտության դեպքում:
Արցախում հրադադարի միջազգային մեխանիզմի ներդրումը ամբողջությամբ փոխում է իրերի դրվածքն ու զարգացումների տրամաբանությունը, ճանապարհ բացելով տարածաշրջանային մրցակցության եւ զարգացման առավել ստեղծագործական հոսքերի համար:
Վաշինգտոնում միջուկային համաժողովն այդ հարցում կարող է լինել կարեւոր հանգրվան, եւ Բաքուն ըստ երեւույթին պատրաստվում է դրան, ավելացնելով շփման գծի լարվածությունը եւ թերեւս փորձելով ստեղծել մի վիճակ, երբ Վաշինգտոնում «կզիջի» միայն լարվածության թուլացման լոկալ խնդրում, հաջողելով հերթական անգամ հետաձգել հրադադարի պահպանման համակարգային մեխազնիմի հարցում զիջումը: -
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play