Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության հետ կապ չունեն. Մեկնաբան


Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության հետ կապ չունեն. Մեկնաբան

  • 11-03-2016 13:47:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Մոսկվայում հյուրընկալելով Սերժ Սարգսյանին, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերության վերաբերյալ կարիք չկա կիրառել միջպետական բնորոշումը, քանի որ իրականում այդ հարաբերությունը ռազմավարական գործընկերների հարաբերություն է:
 
Հայաստանն ու Ռուսաստանը կարծես թե դաշնակիցներ են, ունեն դրա վերաբերյալ պայմանագիր, որ կնքել են 1997 թվականին: Մի բան է ռազմավարական գործընկերը, այլ բան է ռազմավարական դաշնակիցը: Օրինակ, երբ Թուրքիան դեռ չէր գցել ռուսական օդանավը, Պուտինը թուրքերի հետ հարաբերությունն էր ռազմավարական գործընկերություն համարում: 2004 թվականից սկսած ռուսական իշխանությունը ռազմավարական տերմինը կիրառում է Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Արդյոք Պուտինը մոռացել է, որ Հայաստանի հետ ոչ թե գործընկեր են, այլ դաշնակից, թե՞ Ռուսաստանը հրաժարվում է դաշնակցությունից: Այստեղ հետաքրքրություն է ներկայացնում ՌԴ նախագահի մեկ այլ արտահայտություն, արդեն ՀԱՊԿ վերաբերյալ: «Ես հույս ունեմ, որ կհաջողվի Ձեզ հետ զրուցել որպես այդ միջազգային կառույցի ղեկավարի, որովհետև հենց նա է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այն բանի համար, որ մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի», ասում է Պուտինը Սարգսյանին:
Կրկին, նա փաստորեն մոռանում է հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի մասին, որը ներառում է նաեւ անվտանգության բաղադրիչներ: Այսինքն, անվտանգության հարցում Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ՀԱՊԿ կարիքը, նրանց միջեւ կա դաշնակցության եւ փոխօգնության պայմանագիր: Բայց Պուտինն անվտանգության բաղադրիչը փաստացի տեղափոխում է ՀԱՊԿ հարթակ, այսինքն հանում պատասխանատվությունը ՌԴ վրայից: Իսկ թե ինչ է կատարվում ՀԱՊԿ հարթակում, հայտնի է բոլորին, եւ այդ մասին բավական պերճախոս ելույթ է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը՝ 2015 թվականի դեկտեմբերին այդ կառույցի մոսկովյան Վեհաժոովում: Այն ժամանակ Սարգսյանը բոլոր անդամներին մեղադրեց անգամ հեռախոսը չվերցնելու եւ Հայաստանի խնդիրների մասին տեղեկանալու փորձ չանելու համար:
Դրանից հետո ՀԱՊԿ դիրքորոշումը որեւէ կերպ չի փոխվել, ՀԱՊԿ-ն որեւէ կերպ չի «ուղղվել», ՀԱՊԿ անդամները շարունակել են հեռախոս չվերցնելու գիծը, իսկ Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինություն վաճառելուց հետո, շտապել է Բաքու՝ Ադրբեջանին հավաստիացնելու, որ հավատարիմ է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության ոգուն եւ տառին:
Եվ այժմ Պուտինը անվտանգության հարցում հղում է անում այդ կառույցին, որը Հայաստանի անվտանգությանն առնչվում է այնքանով, որքանով Սինգապուրի անվտանգությանը:
Թեեւ, այդ առումով իհարկե բավական հստակ էր նաեւ մի քանի ամիս առաջ նույն այդ կառույցի գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը, թե Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանը չունի թուրքական վտանգի դեմ կանգնելու խնդիր, այն ուղղակի լուծում է տարածաշրջանային հավասարակշռության խնդիր: Այսինքն, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հստակ ձեւակերպել էր այն, ինչի մասին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ակնարկել էր Պուտինը:
Թեեւ, արդեն մի քանի տարի է ուղղակի գործողություններով բավական հստակ է, որ թե Ռուսաստանը, թե ՀԱՊԿ չունեն Հայաստանի անվտանգության հետ կապ: Հակառակը, դրանք Հայաստանի անվտանգության դեմ գործողություններ իրականացնող սուբյեկտներ են, որոնց գործունեությունը ներկայում պարզապես խափանվել է ռուս-թուրքական հակադրության եւ լարվածության հետեւանքով:
Դա կոտրել է հակահայ, Հայաստանի շահին ու անվտանգությանը հակասող գործողությունների թափը, բայց բոլորովին չի բերել Հայաստանի շահի ու անվտանգության սպասարկման գործընթացի: Թեեւ, ստեղծված իրավիճակում միայն այն, որ թափը կոտրվել է, Հայաստանի համար ստեղծում է քիչ թե շատ նպաստավոր իրադրություն, եթե Երեւանը կարողանա օգտագործել այն:
Սերժ Սարգսյանը Մոսկվայում ուրախություն է հայտնել, որ հարաբերությունները «շատ լավ են զարգանում»: Իսկապես, եթե համեմատենք ռուս-թուրքական բարեկամության եւ գործակցության շրջանի հետ, ներկայում իրադարձությունները Հայաստանի համար իրապես անհամեմատ ավելի լավ են զարգանում եւ տալիս են հնարավորություն որոշակի քայլեր կատարել արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, որպեսզի ռուս-թուրքական հաջորդ հաշտեցումը Հայաստանի համար չլինի կորստաբեր եւ աղետաբեր՝ նախորդների նման:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play