Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը


Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

  • 15-03-2016 11:44:02   | Հայաստան  |  Տնտեսություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 14-ին  ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:  
 
Նախարարը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստանում են գտնվում Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի  հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով:
 
Դավիթ Լոքյանը ողջունել է Իրանի պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու նախաձեռնությունը:  Նախարարը  նշել է, որ Իրանի և Հայաստանի մարզերի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա և  հույս հայտնել, որ  Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև կծավալվի  փոխշահավետ համագործակցություն: 
 
Մոհամմադալի Նաջաֆին շնորհակալություն   է հայտնել նախարարին Հայաստան այցի հրավերի ու ջերմ  ընդունելության  համար: Ներկայացնելով նահանգի  տնտեսական ներուժը՝  նահանգապետը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության,  ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում: Նահանգապետը տեղեկացրել է, որ այսօր  պատվիրակությունը, որի կազմում են նաև  մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ,  կայցելի Արարատի մարզ և տեղում կծանոթանա մարզում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան և խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:  
 
Նախարարությունից հայտնում են՝ հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելուն վերաբերող այլ հարցեր: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play