Ադրբեջանի իշխանությունները կրճատում են ռազմական ծախսերը. Փորձագետ


Ադրբեջանի իշխանությունները կրճատում են ռազմական ծախսերը. Փորձագետ

  • 17-03-2016 12:19:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Մանաթի դեկտեմբերյան փլուզումից հետո վերանայվել է Ադրբեջանի 2016թ. բյուջեն։ Փոփոխությունների արդյունքում բյուջեի եկամտային մասն ավելացել է 2 մլրդ մանաթով՝ հասնելով 16.5 մլրդ-ի, ծախսայինը՝ 2.1 մլրդ մանաթով, հասնելով 18,3 մլրդ-ի, դեֆիցիտը կազմում է 1.7 մլրդ, որը կփակվի անցած տարվա բյուջետային 1.4 մլրդ մնացորդի, պետական պարտատոմսերի, սեփականաշնորհումից ստացվող գումարների և արտաքին գրանտների հաշվին: Վերանայված բյուջեում նավթի բազային գինը սահմանվել է մեկ բարելի համար $25՝ նախկին $50-ի փոխարեն:
 
ԱՄՆ դոլարով արտահայտված ԱՀ 2016թ. բյուջեն: Բյուջեի հաստատման պահին (2015թ. դեկտեմբեր, մինչև մանաթի փլուզումը) Ադրբեջանի ազգային արժույթը հավասար էր $1,05-ի, այսինքն՝ եկամտային մասը կազմել է $13,8 մլրդ, իսկ ծախսային մասը՝ $15.7 մլրդ: Այժմ մանաթը հավասար է մոտ $1,59-ի, այսինքն՝ 2016թ. վերանայված բյուջեի եկամտային մասը կազմում է $10,38 մլրդ, իսկ ծախսայինը՝ $11,5 մլրդ:
 
ԱՀ 2015թ. բյուջեն հաստատման պահին ունեցել է մոտ $25 մլրդ եկամտային և $27 մլրդ ծախսային մաս:
 
Այսպիսով, մանաթի դեկտեմբերյան փլուզման և բյուջեի վերանայման արդյունքում, 2016թ. սկզբնական բյուջեի համեմատ, եկամուտները պակասել են $3,42 մլրդ-ով, իսկ ծախսերը՝ $4,2 մլրդ-ով: Անհամեմատ մեծ են կրճատումները 2015թ. բյուջեի համեմատ. եկամտայինը՝ $14,62 մլրդ (43.3%-ով), ծախսայինը՝ $15,5 մլրդ (57,4%-ով):
 
Այս իրավիճակում ԱՀ իշխանությունները ստիպված գնացել են նաև ռազմական ծախսերը մոտ 40%-ով կրճատելուն, որի մասին է վկայում ԱՀ ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվությունը: Հիմնական ծախսերը նույնիսկ ավելացել են 3.3%-ով, սակայն վերացել է «հատուկ նախագծեր և գործունեություն» բաժինը, որը 2011-ից կազմել է Ադրբեջանի ռազմական ծախսերի անբաժան մասն ու կազմել դրա մոտ 40%-ը:
 
Ըստ ռուսական «Взгляд» պարբերականի մեկնաբան Ե.Կրուտիկովի, բյուջետային կրճատումները հիմնականում կազդեն ռազմատեխնիկայի գնումների և տեղական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա, մասնավորապես, կարող են օդում կախված մնալ 2013թ. Իսրայելի հետ կնքված հավակնոտ համաձայնագիրը «Железный купол» ՀՕՊ համակարգերի գնման մասին և հետաձգվել իսրայելական «Նամեր« զրահամեքենաների համատեղ արտադրության մասին բանակցությունները: Այսինքն՝ կրճատվում են ռազմական այն ծախսերը, որոնք պետք է իրականացվեն բացառապես արտարժույթով:
 
Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով իրականացվող տնտեսական բարեփոխումների ֆինանսավորման համար ԱՀ կառավարությունը $ 3մլրդ և $1 մլրդ վարկի խնդրանքով դիմել է համապատասխանաբար Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և Համաշխարհային բանկին (ՀԲ): Միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցություններում ԱՀ իշխանություններին ներկայացվել է հինգ պահանջ. լայն սեփականաշնորհում, պետական ապարատի կրճատում, դատական համակարգի իրական բարեփոխումներ, աշխատավարձերի, թոշակների և պետական ծախսերի սառեցում, անդամակցում Համաշխարհային առևտրային կազմակերպությանը: ԱՀ իշխանությունները պատրաստ են եղել ընդունել միայն առաջին երկու պահանջները, ինչի պատճառով բանակցություններն ավարտվել են անարդյունք: Ադրբեջանին վարկ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Զարգացման իսլամական բանկը՝ նշելով, որ վարկը կարող է ծախսվել ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության ոլորտներում և սոցիալական նախագծերում:
 
Նավթի գների անկումն իր ազդեցությունն է թողել նաև արդյունաբերական ռազմավարական ծրագրերում, մասնավորապես՝ SOCAR ընկերությունը դադարեցրել է նավթաքիմիական համալիրի կառուցման հավակնոտ նախագիծը և պատրաստվում է $1.3 մլրդ ներդրում կատարելով արդիականացնել նավթավերամշակման և քիմիական գործող օբյեկտները: Ըստ ընկերության փոխնախագահ Թ.Ղահրամանովի, համալիրի գործարկման ծրագրերին հնարավոր կլինի վերադառնալ միայն նավթի գների վերականգնման դեպքում:
 
Տարվա սկզբին Ադրբեջանի տարադրամի ներքին շուկայում ստեղծված քաոսային իրավիճակն իր արտացոլումն է ստանում նաև քրեական քրոնիկոնում: Օգտվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ առաջացած մեծ պահանջարկից և «սև շուկայի» ծաղկման համար ստեղծված նպաստավոր պայմաններից՝ շրջանառության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ԱՄՆ դոլարի կեղծ թղթադրամներ: Փետրվարին առգրավվել է 796 հատ $100-անոց այդպիսի թղթադրամ, որոնց ներկրման և իրացման մեջ մեղադրվում են ԱՀ և Վրաստանի քաղաքացիներ:
 
Տարադրամի արտահոսքը կանխելու նպատակով հունվարին ԱՀ Միլի մեջլիսի կողմից ընդունված օրենքը նախատեսում էր գանձել երկրից որոշակի նպատակներով դուրս հանվող արտարժույթի 20%-ը, սակայն Ի.Ալիևն այն հետ է վերադարձրել խորհրդարան։
 
2016թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ արտաքին պարտքը կազմել է $6,9 մլրդ, որը ՀՆԱ 19,8%-ն է: Միաժամանակ, շարունակում են բարձր գնահատվել ԱՀ արտարժութային ռազմավարական պահուստները. դրանք 2015թ. արդյունքներով կազմում են $35.85 մլրդ, ինչը ԱՀ ՀՆԱ-ն գերազանցում է 5.2 անգամ:
 
Շարունակվում է տնտեսական ճգնաժամի արդյունքում արտերկրյա խոշոր ընկերությունների արտահոսքն Ադրբեջանից։ Փետրվարին Արբեջանում իր դուստր ձեռնարկության փակման մասին է հայտարարել Exxon Corporation-ի կազմի մեջ մտնող Exxon South Caspian Limited ընկերությունը։ Exxon South Caspian Limited ընկերությունը 1999թ. ձեռք էր բերել «Արազ-Ալով-Շարգ» նավթահանքի 15%-ը1։
 
ԱՀ նախագահին կից Գիտության զարգացման հիմնադրամի տեղեկատվության համաձայն, ստեղծվել է ԱՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականների և փորձագետների էլեկտրոնային բանկ, որտեղ ներառված են տեղեկություններ նրանց կենսագրական տվյալների, գիտական գործունեության և գիտական աստիճանի մասին։ Սկսված են արտերկրում աշխատող ադրբեջանցի երիտասարդ գիտնականների վերաբերյալ նմանատիպ բազայի ստեղծման աշխատանքները։
 
ԱՀ դատախազությունը հայտնել է, որ ԱՀ ՆԳՆ և Պետական անվտանգության ծառայության կողմից Նարդարանի շիա աստվածաբան Թալե Բաղիրզադեի և իրավաբանորեն չգրանցված «Մուսուլմանների միություն» կազմակերպության նկատմամբ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թ.Բաղիրզադեն և ևս 68 հոգի: Ըստ ադրբեջանական իրավապահ մարմինների, հետաքննության ընթացքում պարզվել է, որ Թ.Բաղիրզադեի կողմից ղեկավարվող «հանցավոր խմբավորումը»՝ կազմված 57 անդամից, հանցավոր գործունեությամբ է զբաղվել Բաքվում և ԱՀ այլ շրջաններում: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում խմբավորման անդամներից առգրավվել են մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, ծայրահեղական բնույթի կրոնական գրականություն:
 
Առավելապես թաթերով բնակեցված Նարդարան ավանում երկար տարիներ արմատավորվել էր շիականությունը, ինչը պանթուրքական պետական քարոզչություն իրականացնող իշխանությունների համար սկզբունքորեն անընդունելի էր: Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով, բախումներ սադրելով տեղի բնակիչների և իրավապահների միջև, անհամաչափ ուժի կիրառմամբ ճնշվեց կրոնական այլախոհության այս օջախը, և օրենսդրական խստացումներով փորձ է արվում ավանի կրոնական կյանքը վերահսկել կառավարելի կրոնական սպասավորների միջոցով:
 
ԱՀ դատախազության մեկ այլ հաղորդագրության համաձայն, ԱՀ Ազգային անվտանգության նախարարության 2 ստորաբաժանումների կողմից գործարարությամբ զբաղվող սուբյեկտների գործունեությանն անօրինական միջամտության, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրական պահանջների խախտումներով իրականացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների և այլ անօրինական գործողությունների փաստով հարուցված քրեական գործում ներգրավված է 22 անձ, տուժող է ճանաչվել 65-ը: Այս իրավիճակում ուշագրավ է այն հանգամանքը, որ դեռևս ազատության մեջ է գտնվում նախկին նախարար Է.Մահմուդովը, որի անվան հետ են կապվում վերը նշված գրեթե բոլոր տիպի հանցավոր գործողությունները: Ինչպես արդեն նշել ենք նախկինում, դա հետապնդում է յուրացված ահռելի չափի գումարները վերադարձնելու նպատակ:
 
1 Exxon Corporation-ն ամերիկյան ընկերություն է՝ հիմնադրված 1870թ. Ջ.Ռոքֆելերի կողմից։ Աշխարհի խոշորագույն նավթային մասնավոր ընկերությունն է։
 
2 Նշված կառույցը սկանդալային քրեական հանցագործությունների մասին բացահայտումներից հետո լուծարվեց՝ վերակազմավորվելով ԱՀ պետական անվտանգության ծառայության և ԱՀ արտաքին հետախուզական ծառայության։
 
 
Անուշավան Բարսեղյան 
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play