Մարտի 17-ի դրությամբ՝ ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել


Մարտի 17-ի դրությամբ՝ ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել

  • 17-03-2016 15:31:35   | Հայաստան  |  Տնտեսություն

Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական  ջերմաստիճաններ:
 
Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6Օ, հողի մակերևույթին` -70) և Մերձավանի (-50 օդում, հողի մակերևույթին` -6Օ) օդերևութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է  Էջմիածնի  և Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից  համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում:
 
Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում և Բաղրամյանի տարածաշրջանի ներքին  հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում և Բաղրամյանի վերին հատվածում  էական վնասներ չեն նկատվել:
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:
 
Ընդհանրացնելով մարզերից ու համայնքներից ստացված տեղեկությունները` պետք է նշել, որ այսօրվա դրությամբ  դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել: Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը (համաձայն ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կանխատեսումների) Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -4... -7 աստիճան, գետնի մակերևույթին` -5... -8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար  -2... -5 և -3... -6 աստիճան ցուրտ:
 
Չնայած առաջիկայում կանխատեսվող ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ առանձին տարածաշրջաններում կարող են դիտվել ավելի թույլ ցրտահարություններ, ուստի խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play