Ռուս-ադրբեջանական նոր «բիզնեսը» Հայաստանի անվտանգության հաշվին. Մեկնաբան


Ռուս-ադրբեջանական նոր «բիզնեսը» Հայաստանի անվտանգության հաշվին. Մեկնաբան

  • 18-03-2016 16:38:55   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հարցազրույց է տվել ռուսական Կոմերսանտին, որտեղ անդրադառնալով ՌԴ ռազմաարդյունաբերության համար պատասխանատու փոխվարչապետ Ռոգոզինի Բաքու կատարած անակնկալ այցին, արել է բավական ուշագրավ հայտարարություն:
 
Մամեդյարովը ասել է, թե խնդիրը եղել է ոչ թե Ադրբեջանի անվճարունակությունը, ինչպես գրել էր ռուսական մամուլը, այլ այն, որ Բաքուն դիտողություններ է ունեցել կապված մատակարարվող տեխնիկայի վիճակի, տեխնիկական հագեցածության հետ: Մամեդյարովն ասում է, թե Ռոգոզինին Բաքվում հանգամանալից բացատրել են դա, եւ որեւէ հարց չի մնացել:
Բաքու այցի արդյունքում Ռոգոզինն էլ գրել էր, որ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը որեւէ խնդիր չունի:
Այդպիսով, Ադրբեջանի արտգործնախարարը Կոմերսանտին տված հարցազրուցում շոշափում է էական, Հայաստանի համար թերեւս տագնապալի մի խնդիր: Ինչ է նշանակում մատակարարված սպառազինության տեխնիկական պարամետրերի վերանայում, որի վերաբերյալ Բաքուն դիմել է Ռոգոզինին:
Այստեղ հարկ է հիշել, թե ինչ էր տեղի ունեցել Ռոգոզինի Բաքու այցից առաջ: Բաքու այցից առաջ տեղի էր ունեցել այն, որ ռուսական մամուլը հրապարակել էր Հայաստանին 200 միլիոն դոլար արտահանման վարկի տեսքով վաճառված սպառազինության ցանկը: Դրան էլ հաջորդել էր Բաքվի բողոքի նոտան Մոսկվային, ու երաշխիքի պահանջը, որ այդ սպառազինությունը չի կիրառվի իր դեմ:
Ի դեպ, Մոսկվան, որ դրանից մեկ-երկու օր առաջ արագ արձագանքել էր Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե Ռուսաստանը օգնում է Հայաստանին «խախտել» Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, եւ շտապել հանգստացնել Բաքվին եւ հայտարարել, որ հնարավոր չէ խախտել ռուս-ադրբեջանական բարեկամությունը,- չգիտես ինչու մի քանի օր շարունակ որեւէ կերպ չէր արձագանքում Հայաստանին սպառազինության տրամադրման Բաքվի բողոքին:
Մոսկվան արձագանքեց այն ժամանակ, երբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Պուտինի եւ Ալիեւի հետ, դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ն գործնականում, դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» մեղայական ենթադրող տոնով «հույս հայտնեց», որ Բաքուն ըմբռնումով կմոտենա Հայաստանին զենքի վաճառքին, քանի որ ՌԴ-ն Հայաստանի հանդեպ ունի պարտավորություններ, բայց որեւէ սպառազինություն մատակարարում է հավասարակշռությունը հաշվի առնելով: Ահա դրանից հետո Ռոգոզինը մեկնեց Բաքու: Ռուսական մամուլը տարածեց, թե մեկնում է Բաքվի չվճարած փողը ստանալու:
Ինչպես Մամեդյարովն է այժմ ասում, խոսքը ոչ թե չվճարած փողի, այլ մատակարարված սպառազինության տեխնիկական պարամետրերի վերանայման մասին է: Եթե Մոսկվան պաշտոնապես չհերքի Մամեդյարովի այդ հայտարարությունը եւ չպնդի, որ խոսքը չվճարման մասին էր, ոչ թե պարամետրերի վերանայման, ապա կնշանակի, որ իրավացին Մամեդյարովն է:
Իսկ ինչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ տեղեկանալով Հայաստանին մատակարարված սպառազինության ցանկի մասին, Ռուսաստանի ԱԳՆ մակարդակով ստանալով երաշխիքներ, Ադրբեջանն այդուհանդերձ պնդել է երաշխիքների գործնական, առարկայական բնույթի հարցում եւ Ռուսաստանից պահանջել այնպիսի տեխնիկական հատկանիշներով սպառազինություն, որը կչեզոքացնի Հայաստանին մատակարարված 200 միլիոն դոլարի սպառազինության էֆեկտը:
Այդպիսով, ինչպես ենթադրել էի Հայաստանին սպառազինության մատակարարման ցանկի հրապարակումից հետո, Ռուսաստանի այդ քայլի նպատակն ընդամենը Ադրբեջանի «ախորժակը» գրգռելն ու նոր ռազմական պատվերներ ստանալն էր: Դրա համար հրապարակվեց Հայաստանին մատակարարված սպառազինության ցանկը, եւ Բաքուն փաստորեն անմիջապես դիմեց իր պատվիրած սպառազինության տեխնիկական պարամետրերի, ամենայն հավանականությամբ զինատեսակների վերանայման համար:
Այլ կերպ ասած, Ռուսաստանը հերթական բիզնես ծրագիրն իրականացրեց Հայաստանի շահի ու անվտանգության հաշվին: Շատ նման իրավիճակին, որ կար հայտնի ֆիլմում՝ «Մի տխրիր» խորհրդանշական վերնագրով: Երկու անվճարունակ ռեստորանում նստած այլեւս չունեն գինի պատվիրելու փող, սակայն նրանցից մեկը երկու շիշ է ուզում եւ ուղարկում այն սեղանին, որտեղ խմում է մի հոգեւորական: Երբ ընկերը դժգոհում է, թե առանց այդ էլ գինին պարտքով են վերցնում, ուր է ուղարկում ուրիշի սեղան, առաջինը պատասխանում է՝ մենք հոգեւորականին ուղարկում ենք երկու շիշ, նա մեզ չորս շիշ հետ կուղարկի:
Այդպիսով, Ռուսաստանը Հայաստանին տալիս է 200 միլիոն դոլարի սպառազինություն, դրանով Ադրբեջանին մղելով նոր եւ անհամեմատ ավելի մեծածավալ պատվերների: Տվյալ դեպքում սակայն գործ ունենք ոչ թե ֆիլմի, այլ իրականության, եւ արդեն ոչ թե չտխրելու, այլ տխուր իրականության հետ, քանի որ խոսքը ռեստորանի մասին չէ, այլ թեժ տարածաշրջանի, եւ սեղանին ոչ թե գինի է, այլ միլիարդավոր դոլարների սպառազինություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play