ՖԱՖ-ը շարունակում է պահանջել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը


ՖԱՖ-ը շարունակում է պահանջել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը

  • 21-03-2016 20:03:06   | Հայաստան  |  Սպորտ

Հայկական առաջին ճակատ (FAF) ֆուտբոլային ֆան շարժման անդամները շարունակում են պահանջել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը: Այս մասին հայտարարեց ՖԱՖ ֆուտբոլային ֆան շարժման անդամ Արսեն Պետրոսյանը: Ըստ նրա, ՖԱՖ-ը անձերի հետ ոչ մի խնդիր չունի, պարզապես երկրպագուները ցանկանում են այն մարդու հրաժարականը, ով հայկական ֆուտբոլը չի կարողանում դուրս բերել այս անմխիթար վիճակից:
 
Անդրադառնալով իրենց կողմից ներկայացրած երեք պահանջներին, ՖԱՖ-ի հիմնադիր խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանը նշեց, որ ֆան շարժման անդամները ցանկանում էին արտերկրից հրավիրված մարզիչ ունենալ, ով կհրավիրեր բոլոր արժանի, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներին և հավաքականում առողջ մթնոլորտ կստեղծվեր:
«Սակայն այսօրվա դրությամբ մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որտեղ փորձ է արվում Հայաստանի ազգային հավաքականից կտրել ըմբոստ, պահանջատեր, ազատամիտ ֆուտբոլիստներին, երկրպագուներին և լրագրողներին»,- նշեց նա` հավելելով, որ  իրենք դեռ դեկտեմբերից  տեղեկություն ունեին, որ հավաքական չեն հրավիրվելու Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյան, Գևորգ Կասպարով, Գևորգ Ղազարյան, որն հենց այդպես էլ եղավ:
Ըստ նրա, անթույլատրելի է այն, որ Հայաստանի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղին չեն լինելու հավաքականի առաջադար ֆուտբոլիստները: «Եթե անգամ այդ ֆուտբոլիստները հրաժարվել էին մասնակցել խաղին պետք էր որևէ կերպ նրանց համոզել, խնդրել որ գոնե պահեստային նստարաններին նստած ներկա լինեին Ռ. Բերեզովսկու հրաժեշտի խաղին»,- նշեց Ս. Ջանջոյանը հայտնելով, որ իրենց միակ ցանկությունն է տեսնել Հայաստանի ազգային հավաքականին 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերին:
Բանախոսը տեղեկացրեց նաև, որ իրենց կողմից անցկացվող ակցիաները շարունակական բնույթ են կրելու: «Կամ հաջող մրցելույթներ կամ ՀՖՖ նախագահի հիաժարականը. հրաժարականի պահանջը կարող է մարել միայն այն ժամանակ, երբ մեր հավաքականը ցույց կտա լավ արդյունքներ և մեր ֆուտբոլում զարգացում կգրանցվի»: 
 
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան տապան»
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play