ԻՊ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ արտահայտված է թե խոսքերով, թե կոնկրետ գործողություններով. կրոնագետ (տեսանյութ)


ԻՊ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ արտահայտված է թե խոսքերով, թե կոնկրետ գործողություններով. կրոնագետ (տեսանյութ)

  • 29-03-2016 17:04:05   | Հայաստան  |  Հասարակություն



«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պարզորոշ դրսևորված է ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ գործողություններով. Ասվածի վկայությունը պետականության օրը Դեյր Զորում հայկական եկեղեցու պայթեցումն էր, որն ըստ էության փայլուն կերպով կատարված պատվեր էր: Նման տեսակետ մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
 
Ըստ նրա` Հայաստանն անկախ իր կամքից հայտնվել է թուրքալեզու իսլամական խալիֆայության ձևավորման ճանապարհին որպես յուրօրինակ խոչընդոտ, հետևաբար ՀՀ-ն պետք է պատրաստ լինի պայքարելու այդ անկասելի ուժի առջև: 
Վ. Խաչատրյանի խոսքերով` ժամանակն է շրջաբերման մեջ դնել Թուրքիայի կարգավիճակի խնդիրը, քանի որ վերջինս գաղտնիք չէ, որ հանդիսանում է ահաբեկչական խմբավորումների հիմնական բազիսը, իսկ միջազգային հանրությունը դեռևս ի վիճակի չէ ընդունելու այս փաստը: 
«Թուրքիայի դերակատարությունը խիստ հետաքրքրական է հատկապես ահաբեկչական ակտերի տեսանկյունից, որովհետև տեռորի անկասելիությունը, որակական բարձր մակարդակը, թափանցելիությունը մինչև նպատակը հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ ահաբեկչական գործողությունները կազմակերպվում են պետական հիմքի վրա, այսինքն` սա նշանակում է և դիվերսիկացված ուժերի ձևավորում, և տեռորիստական խմբերի ուսուցում, և պետական հնարավորություններ»,- ընդգծեց կրոնագետը` հավելելով, որ  այս ամենն ապահովում է Թուրքիան:
Վերջինիս համոզմամբ`  պատերազմի դաշտում պարտություն կրող ջիհադիստները հիմնականում ապաստան են գտնում Թուրքիայում և մի օր կարող են Նախիջևանով, նաև Վրաստանով ներթափանցել Հայաստան: 
«Հայերի նկատմամբ թուրքական քաղաքականության իրականացումը շատ լավ երևում է Սիրիայի հայաբնակ վայրերում, որոնք բնակեցվել են ույգուռներով, այսինքն` Թուրքիայի կողմից հարյուրավոր տարիներով վարվող էթնիկ զտման քաղաքականությունն այսօր ևս շարունակվում է և բոլոր հաշվեհարդարները տեղավորվում են հայկական մեծ գենոցիդի խճանկարում»,- նշեց Վ. Խաչատրյանը:
Անդրադառնալով աշխարհում կատարվող վերջին ահաբեկչական գործողություններին` կրոնագետը նշեց, որ անհասցե բռնությունները և ահաբեկչությունները զանգվածային բնույթ են սկսել կրել այն պարզ պատճառով, որ ըստ էության հանդիսանում են արևմտյան զինուժին պատասխանելու ահաբեկիչների եզակի հնարավորությունը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play