Հայաստան-Վրաստան. համագործակցության ներուժ


Հայաստան-Վրաստան. համագործակցության ներուժ

  • 30-03-2016 13:04:54   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Մարտի 24-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Հայաստան-Վրաստան. համագործակցության ներուժ» թեմայով, որին մասնակցեցին և ելույթ ունեցան ինչպես հիմնադրամի, այնպես էլ պետական տարբեր կառույցներից և կազմակերպություններից հրավիրյալ փորձագետներ։
 
Միջոցառմանը մասնակցում էին նաև քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ և ուսանողներ, որոնց հետաքրքրում էր հայ-վրացական թեմատիկան։
 
Բացման խոսքով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով հայ-վրացական հարաբերությունների և երկու ժողովուրդների միջև բարոյամշակութային հիմքերի խորացման կարևորության մասին իր տեսլականը։
 
Առաջինը զեկուցմամբ («Վրաստանի և հարևանների միջև տնտեսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները») հանդես եկավ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որը ներկայացրեց Վրաստանի և հարևան երկրների (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան) միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ վիճակը։ Իր ելույթում զեկուցողն անդրադարձավ նաև վրաց-իրանական փոխհարաբերություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ պատժամիջոցների չեղարկման համատեքստում։
 
Իր «Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համագործակցության հեռանկարները» զեկուցման մեջ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, էներգետիկ աշխարհաքաղաքականության ու անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանն անդրադարձավ էներգետիկ անվտանգության տարածաշրջանային համակարգերի գործառնության հարցերին, Կովկաս-կասպյան տարածաշրջանում էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ մեծ տերությունների դերին, ինչպես նաև էներգետիկ տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին՝ ընդհանրապես և Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությանը՝ մասնավորապես։ Փորձագետն անդրադարձավ նաև այն նոր իրողություններին, որոնք նկատվում են էներգետիկայի և անվտանգության ոլորտներում՝ Հարավային Կովկասում Իրանի ակտիվացման համատեքստում։
 
Վրաստանի արտաքին քաղաքականության ձևավորման և զարգացման հարցերն իր զեկուցման մեջ («Վրաստանի արտաքին քաղաքականությունը և նրա ներքաղաքական չափումը») քննարկեց «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։ Փորձագետը ներկայացրեց Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը՝ եվրատլանտյան ինտեգրացիան՝ վերլուծելով Վրաստանի գլխավոր հայեցակարգային փաստաթղթերն ու կառավարող կուսակցությունների քաղաքական ծրագրերը։ Բանախոսը զուգահեռներ անցկացրեց արտաքին քաղաքական գաղափարախոսության և ներքաղաքական գործընթացների միջև, ինչպես նաև ներկայացրեց դրանց հարաբերակցությունը։ Վերլուծաբանն անդրադարձավ պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությանը հարևան երկրների հանդեպ և երկրի ներսում դրա նկատմամբ առկա արձագանքին ներքաղաքական գործընթացների ակտորների կողմից։
 
Զեկուցմամբ հանդես եկավ նաև «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական Անուշավան Բարսեղյանը, որն իր «Ադրբեջանի փափուկ ուժը Վրաստանում. ձևավորումը և հիմնական նպատակները» զեկուցման մեջ անդրադարձավ վրաց-ադրբեջանական փոխհարաբերությունների ներկա վիճակին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի համագործակցությանը եռակողմ ձևաչափով։ Իր զեկուցման մեջ փորձագետն անդրադարձավ նաև Վրաստանում Ադրբեջանի «փափուկ ուժի» ձևավորման հարցերին, դրա իրագործման մեխանիզմներին և հիմնական նպատակներին, որոնց շարքում նշեց Վրաստանում հայերի և հայկական կազմակերպությունների գործունեության դերի նվազեցումը։
 
Հրավիրյալ փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ Ռոման Կարապետյանն իր զեկուցման մեջ («Տարածաշրջանային հակամարտությունները և փոխադարձ չեզոքության պահպանման հարցերը հայ-վրացական երկխոսության օրակարգում») անդրադարձավ երկու երկրների դիրքորոշմանը տարածաշրջանային հակամարտությունների հարցում, դիրքորոշումներում առկա տարբերություններին և հակասական այն գործողություններին, որոնք դրսևորվում են միջազգային ասպարեզում։ Նա նշեց նաև այն մասին, որ անհրաժեշտ է փոխադարձ չեզոքություն պահպանել տարածաշրջանում առկա հակամարտությունների հանդեպ և որպես առաջնային հարց՝ քննարկել երկու կողմի մասնակցությունն առկա հակամարտությունների կարգավորման հարցերին։
 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Վերանյանն իր զեկուցման մեջ («Վրաստանի վարկանիշը գիտակրթական ոլորտում. համեմատական վերլուծություն») ներկայացրեց վիճակագրական տվյալներ Վրաստանի գիտության և գիտահետազոտական գործունեության ոլորտի վերաբերյալ, նշեց վարկանիշային տվյալներ, որոնք դիտարկվում են հարևան երկրների և Հարավային Կովկասի պետությունների նույն տվյալների համեմատության մեջ։
 
Վերջին զեկուցմամբ հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ Վահրամ Հովյանը։ Նա իր «Հայկական և վրացական համայնքներն արտերկրում. համեմատական վերլուծություն և համագործակցության հեռանկարներ» թեմայով զեկուցման մեջ անդրադարձավ արտասահմանում հայկական և վրացական համայնքների առանձնահատկություններին, ներկայացրեց դրանց սկզբունքային տարբերություններն ու երկու երկրների կառավարությունների մոտեցումները, հատկապես սփյուռքի նախարարությունների համագործակցության վերաբերյալ քաղաքականությունը։ Փորձագետը նշեց նաև նրանց համագործակցության հնարավոր ոլորտները Եվրոպայի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում։
 
Վերջում տեղի ունեցավ ակտիվ բանավեճ, կարծիքներ փոխանակվեցին այն բոլոր հարցերի շուրջ, որոնք քննարկվեցին զեկուցողների կողմից։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play