Առաջին անգամ Երևանի երաժշտական դպրոցի սաները մեկնելու են հյուրախաղերի


Առաջին անգամ Երևանի երաժշտական դպրոցի սաները մեկնելու են հյուրախաղերի

  • 01-04-2016 18:52:48   | Հայաստան  |  Մշակույթ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետարանի ենթակայության Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի Շաքե Ասչյանի վոկալի դասարանի սաներին, ովքեր մեկամսյա հյուրախաղերով մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 
 
2015 թվականին դպրոցի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքում դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվում է Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ամերիկաբնակ Սիլվա և Կարո Կավուկչյանները, համացանցում տեսնելով օպերայի տեսագրությունը, ոգևորվում են և 2015-ի նոյեմբերին Երևան այցի ընթացքում հյուրընկալվում դպրոցում, ներկա լինում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից մեկի ժամանակ բեմադրված «Պատարագ առ Կոմիտաս» համերգ-ներկայացմանը: Այնուհետ նրանք որոշում են, որ պատանիների ելույթը պետք է դիտի նաև ամերիկահայ հանդիսատեսը: Ավելի ուշ դպրոցի սաները Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից պաշտոնական հրավեր են ստանում:
 
Դպրոցի սաները ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի հեղինակավոր  «Ալեքս» թատրոնում հանդես կգան երկու բեմադրությունով: 
 
Շնորհավորելով և հաջող ելույթներ մաղթելով երեխաներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ Երևանի երաժշտական դպրոցների պատմության մեջ սա առաջին հյուրախաղն է: «Անչափ ուրախ եմ մեր սաների հաջողության համար: Դպրոցի ջանքերը գնահատվեցին նաև հանրապետությունից դուրս մեր հայրենակիցների կողմից: Առհասարակ, նման հրավեր ստանալն ու հյուրախաղերով հանդես գալը մեծ հաջողություն է: Վստահ եմ, որ Երևանը կներկայացնեք լավագույնս և տպավորություններով լի կվերադառնաք՝ արդեն նոր բեմադրությունների մտահղացումները կյանքի կոչելու հաստատակամությամբ»,-նշել է քաղաքապետի տեղակալը:
 
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը նշել է, որ հաջողությունում մեծ է նաև հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից դպրոցում իրականացված ծրագրերի դերը: «Ամբողջությամբ վերանորոգված նոր դահլիճն արդեն տրամադրող էր՝ միջոցառումների ցանկը նոր ու հետաքրքիր ներկայացումներով համալրելու առումով: Երկու բեմադրությունները, որոնք մեզ հաջողություն բերեցին, դպրոցի երաժշտական մասի ղեկավար, կոնցերտմայստեր Քնարիկ Վարդանյանի, «Արտիստ» թատերական ստուդիայի ղեկավար Արթուր Բաբայանի և ներկայացումների բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար Գոշ Սարգսյանի ջանքերով էին, որոնց շնորհիվ էլ այս ամենն իրականություն դարձավ»,- նշել է Անահիտ Գևորգյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play