Հայկական կողմը չպետք է ադապտացվի ստեղծված իրավիճակին.Ստյոպա Սաֆարյան


Հայկական կողմը չպետք է ադապտացվի ստեղծված իրավիճակին.Ստյոպա Սաֆարյան

  • 03-04-2016 01:24:01   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի խաղի կանոնները փոխելու ուղղությամբ, ոչ թե ադապտացվի ստեղծված իրավիճակին: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ սահմանում ստեղծված ռիսկերը նոր չեն, միշտ էլ Ադրբեջանը նման լոկալ այլանդակությունների դիմելու պատճառներ է գտել:
«Իհարկե, Ադրբեջանը միշտ էլ հասկացել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների դիմելու թույլտվություն չունի և դրա լեգիտիմացման շատ լուրջ պրոբլեմ կունենա, բայց լոկալ այսպիսի արկածախնդրություններից չափազանց մեծ ռիսկային դաշտ է ստեղծել: Ցավոք սրտի, մի կողմից Մինսկի խմբի թուլությունը, մյուս կողմից բանակցային գործընթացը վերսկսելու դժվարությունները, որի դրսևորումներից մեկը Վաշինգտոնում հանդիպման մերժումն էր և տապալումը, այս իրավիճակի պատճառ են հանդիսացել: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ Քարվաճառի ազատագրման օրն է նշվում, իսկ նրանք ամեն անգամ աշխատում են նման այլանդակությունները համապատասխանեցնել որևէ օրվա հետ՝ հայերին ու իրենց հասարակությանը ցույց տալու համար, որ չեն մոռացել»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այս անգամ ձեռնարկված գործողությունների բնույթը՝ դիվերսիոն ներթափանցման փորձ՝ ուղեկցված ծանր տեխնիկայի, հերտանու ու օդուժի համակցությամբ, ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից հստակ նպատակ է դրված եղել Քարվաճառի ազատագրման օրվա առթիվ հասնել որոշակի դիրքային առավելությունների: Մյուս կողմից, կա քաղաքական դրդապատճառը:
«Չենք կարող շրջանցել այնպիսի կարևոր հանգմանք, ինչպիսին ԱՄՆ-ում Իլհամ Ալիևի բավական սպասելի հիասթափությունն էր, որտեղ Քերին հստակ դրեց վերջնագրային տարբերակով կարգավորման, վերջնական լուծման անհրաժեշտությունը և նաև հորդորեց գնալ ու բանակցային գործընթացի շրջանակներում լծվել կարգավորման տարբերակի մշակմանը, ինչը չէր կարող Իլհամ Ալիևին ուրախացնել: Հետևաբար, ինչպես նախորդ հանդիպումների դեպքում ենք տեսել՝ կլինի Սոչի, Սանկտ Պետերբուրգ, թե Կազան, այս անգամ ևս Իլհամ Ալիևն իր հիասթափություններն արտահայտեց առաջնագծում նման լայնածավալ գործողություններով»,- ընդգծեց նա:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ մենք ականատես ենք լինում այն փաստին, որ գնալով ավելի վտանգավոր են դառնում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Եթե նախկինում զարմանում էինք ուղղակի հրատանու օգտագործման փաստով, ապա այսօր խոսքը գնում է երկու խոցված ուղղաթիռի, խոցված անօդաչու թռչող սարքի, ոչնչացված տանկերի ու դիվերսիոն խմբի մասին: Այսինքն՝ մենք ունենք իր բնույթով շատ ավելի դաժան միջադեպ, և այստեղ երկու ճանապարհ կա»,- ասաց Սաֆարյանը:
Ճանապարհներից մեկն, ըստ նրա, այն է, որ պետք է ձևերը գտնել՝ փոխելու խաղի կանոնները, իսկ մյուսն այն է, որ պետք է ադապտացվել այս իրավիճակին:
«Ես կողմ չեմ ադապտացվելու այս իրավիճակին, որովհետև սա շատ վտանգավոր է, գնալով ավելի վտանգավոր է դառնալու: Ես վախենում եմ, որ նույնիսկ օդուժի կիրառությունը կամ «Գրադ» համակարգերի կիրառությունն արդեն սովորությոն կդառնա: Հետևաբար, հայկական կողմը պետք է մտածի ոչ թե ադապտանալու, այլ խաղի կանոները փոխելու մասին: Այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play