Ղարաբաղյան հակամարտության իրական կերպարն աշխարհին ներկայացնելու հարցում մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք


Ղարաբաղյան հակամարտության իրական կերպարն աշխարհին ներկայացնելու հարցում մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք

  • 05-04-2016 09:38:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն
  
Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններից մեկը հիմնախնդրի կարգավորմանն ուղղված գործընթացում միջազգային կառույցների առանձնակի դերակատարությունն է, որոնք ունեցել և կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Այդ դերակատարությունը կարևորվել է դեռևս 1920-ական թթ.: Բավական է նշել, որ 1919թ. օգոստոսի 22-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի միջև կնքված ժամանակավոր համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը տեղափոխվել է Փարիզի Խաղաղության վեհաժողով, «որի որոշումը, ըստ պայմանագրի առաջին կետի, հավասարապես պարտադիր է երկու կողմերի համար» [1]: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումը դրսևորվել է նաև Ազգերի լիգային ՀՀ և ԱԴՀ անդամակցության գործընթացում [2, հավելված]: Ինչպես հայտնի է, 1921թ. հակամարտությունը «կարգավորվեց» ռուս-թուրքական աշխարհաքաղաքական շահերի համատեքստում, երբ Խորհրդային Ռուսաստանի կուսակցական մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձվեց Բաքվի վարչական ենթակայությանը [3, էջ 222-224]:
 
Խորհրդային Միության կազմալուծումից հետո միջազգային հանրության անունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ լիազորված է զբաղվել ԵԱՀԽ (1994-ից՝ ԵԱՀԿ) Մինսկի խումբը: Սակայն մի շարք միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ, ԵԽԽՎ և այլն) ևս, տարբեր պատրվակներով, հանդես են գալիս հակամարտության կարգավորմանն ուղղված բանաձևերով ու հայտարարություններով: Դրանք հատկապես կարևորվում են միջազգային հանրության ընկալումներում հիմնախնդրի կերպարի ձևավորման ու դիրքորոշումների փոփոխության համատեքստում: Կարևորելով այս հանգամանքը՝ Բաքուն դեռևս ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ձեռնամուխ եղավ այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական քայլերի իրագործմանը: 1992թ.՝ ՄԱԿ-ին անդամակցումից անմիջապես հետո, Ադրբեջանը դիմեց կառույցին՝ խնդրելով վերջինիս արտահայտել իր տեսակետը Հայաստանի այսպես կոչված «ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ» և «միջոցներ ձեռնարկել նման գործողությունների կանխման ուղղությամբ»: 1993թ.՝ պատերազմական գործողությունների ամենաթեժ շրջանում, ՄԱԿ ԱԽ-ը չորս բանաձև ընդունեց, որոնցում առկա ձևակերպումներն ընտրողական մեկնաբանություններով պարբերաբար օգտագործում է ադրբեջանական քարոզչամեքենան՝ միջազգային հանրությանը սեփական դիրքորոշումը որպես իրականություն մատուցելու համար: Հարկ է նշել, որ չնայած բանաձևերի ընդունման նախօրեին ՄԱԿ-ում ԱՀ և Թուրքիայի` Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու գործադրած ջանքերին, այդուհանդերձ, դա չհաջողվեց [4, էջ 21]: Բաքվի դիվանագիտական ջանքերը որոշակի հաջողության հասան 2008-ին: Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 62-րդ նստաշրջանում ընդունեց ԱՀ ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևը [5]: Միջազգային ամենահեղինակավոր կառույցի կողմից բանաձևի ընդունումը, ինչ խոսք, պետք է դասել Բաքվի դիվանագիտական հաջողությունների շարքին: Այդուհանդերձ, առկա են որոշակի քաղաքական նրբություններ, ինչից դժգոհ են մնացել ԱՀ-ում: Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեմ քվեարկեցին, իսկ հարյուրից ավելի երկրներ ձեռնպահ մնացին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը բանաձևին համապատասխան սատարելուց: Գիտակցելով այս հանգամանքը՝ ԱՀ-ը դիվանագիտական խողովակներով հարց բարձրացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատից զրկելու, նույնիսկ այն լուծարելու ընթացակարգերի ճշգրտման մասին՝ դրանով իր դժգոհությունը հայտնելով համանախագահների որդեգրած քաղաքականության դեմ: Այնուամենայնիվ, Բաքվի նպատակները որոշակիորեն բավարարված կարելի է համարել, թեկուզև միայն նրա համար, որ 2008-ին հայկական կողմերը չկարողացան Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարևոր իրադարձություններից (խոսքը, մասնավորապես, Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է) քաղաքական շահաբաժին ապահովել:
 
Հաջորդ միջազգային կառույցը, որտեղ ակտիվ դիվանագիտական գործունեություն է ծավալում Ադրբեջանի ղեկավարությունը, նպատակ ունենալով Հայաստանը ներկայացնել որպես «ագրեսոր» և հասնել եվրոպական հանրության շրջանակներում ադրբեջանամետ դիրքորոշումների ամրագրմանը, ԵԽԽՎ-ն է: Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին պայմաններ ստեղծեցին կառույցի համար տարբեր առիթներով հանդես գալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններով, բանաձևերով ու զեկույցներով: Կազմակերպությունն իր որդեգրած առաջադիմական, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով, իրո՛ք կարող է նպաստել հակամարտող կողմերի միջև համագործակցության և փոխվստահության մակարդակի բարձրացմանը: Քանի որ ցանկացած հակամարտություն, որն ինքնին սպառնալիք է մարդու` ապրելու բնական իրավունքի համար, դեմ է կառույցի որդեգրած սկզբունքներին, ապա հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պահանջը դարձավ Եվրոպայի խորհրդին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության նախապայմաններից մեկը [6]: Սակայն հաշվի առնելով, որ դրանով էլ ավելի կընդլայնվի բանակցային գործընթացին ներգրավված սուբյեկտների քանակը, դա կդանդաղեցնի հակամարտության կարգավորման դինամիկան [7, էջ 154]:
 
ԵԽԽՎ-ում ադրբեջանական դիվանագիտությունն ավելի ակտիվ բնույթ ստացավ Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո: Հանդես գալով կառույցի բարձր ամբիոնից՝ նրանք հատկապես շեշտը դնում են հակամարտության այնպիսի ասպեկտների վրա, ինչպիսիք են՝ Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի մի շարք շրջանների «օկուպացիան», երկրում մեծ թվով փախստականների առկայությունը, արցախահայությանը որպես անջատողականներ ու ահաբեկիչներ ներկայացնելը և այլն՝ առաջադրված նպատակներին հասնելու համար օգտագործելով բոլոր միջոցները: Կառույցում ԱՀ պատվիրակության ղեկավար աշխատելու սեփական փորձից ելնելով՝ Ի.Ալիևը հասկացել է, որ քառասունից ավելի պետությունների՝ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ու գաղափարներ ունեցող պատգամավորներին շատ ավելի հեշտ է «համոզել» հանդես գալ սեփական նախաձեռությունների օգտին, նույնիսկ կատարել Բաքվի հանձնարարականները, քան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Արդյունքում՝ 2005թ. հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի հիման վրա ընդունվեց «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը» անունը կրող զեկույցը [8, էջ 49-59]: Թիվ 1416 բանաձևն ու զուգահեռաբար ընդունված 1690 հանձնարարականը, ոչ առանց հիմքի, համարվեց Բաքվի դիվանագիտական հաջողությունը, որի հիման վրա հետագայում ևս ընդունվեցին հակահայկական ձևակերպումներով բանաձևեր ու հայտարարություններ: Բանաձևում առաջին անգամ արձանագրվեց Մինսկի խմբին զուգահեռ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող այլ ձևաչափի մշակման անհրաժեշտության մասին: 2010-ին այս ձևակերպումից փորձեց օգտվել ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն՝ ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու նպատակով [9]: Դրա հիման վրա կազմվեցին բուլղարացի պատգամավոր Եվգենի Կրիլովի զեկույցը և թիվ 2216 բանաձևը, որով առաջարկվում էր հայկական զորքերը դուրս բերել այսպես կոչված «գրավյալ տարածքներից» [10]: Այդ միտումների զարգացման գագաթնակետը կարելի է համարել 2015-ը: Դեռևս 2014թ. սեպտեմբերի 2-ին ԵԽԽՎ բյուրոն որոշել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկել քաղաքական հարցերով հանձնաժողով, որն էլ պետք է պատրաստեր համատեղ զեկույց։ Զեկույցներից մեկն ուներ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագիրը։ Հոկտեմբերին ԵԽԽՎ քաղաքական կոմիտեն զեկուցող նշանակեց ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Ռոբերտ Ուոլթերին:
 
Բրիտանացի պատգամավորը երկար տարիներ եղել է Միացյալ Թագավորության խորհրդարանում, հայտնի հրապարակային քաղաքական գործիչ է, ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության և միջազգային կառույցներում աշխատելու փորձ: 2010-ին Ռ.Ուոլթերը նշանակվել է ԵԽԽՎ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար: Նա 2013-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գլխավորեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը։ Բրիտանացի պատգամավորն արևմտյան այն եզակի դիտորդներից էր, ով Ադրբեջանում նախագահական ընտրությունները որակեց որպես «ազատ ու թափանցիկ»։ Բայց նույնիսկ բրիտանական հեղինակավոր պարբերական «Գարդիանը» կասկածի տակ դրեց Ուոլթերի գնահատականը՝ տեղեկացնելով, որ եվրոպացի պատվիրակների Բաքու գործուղումը «իսկական արձակուրդ էր՝ հարուստ նվերներով»: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով Ռոբերտ Ուոլթերը երկու անգամ փաստահավաք առաքելությամբ այցելել է Ադրբեջան: Հետևելով Բաքվի ցուցումներին՝ նա չէր ցանկանում ուղղակի կապի մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի հետ: Փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով Ուոլթերը դիմել էր ՀՀ իշխանություններին և ցանկանում էր մայիսին այցելել Հայաստան: Այստեղից նրան իրավացիորեն պատասխանել են, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ է դիմել ոչ թե ՀՀ, այլ ԼՂՀ իշխանություններին [11]: Հայ պատվիրակներն ի սկզբանե կոչ են արել ԵԽԽՎ-ին ընդհանրապես չանդրադառնալ հիմնախնդրին, քանի որ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, և դրանից դուրս ցանկացած քննարկում կարող է խոչընդոտել միջնորդների աշխատանքին: Սակայն հայկական կողմի այս և մյուս փաստարկները հաշվի չեն առնվել:
 
2015թ. սեպտեմբերի 22-ին՝ շուրջ 1 տարի անց, երբ զեկույցն արդեն պատրաստ էր, Ուոլթերն այնուամենայնիվ դիմեց ԼՂՀ իշխանություններին՝ այստեղ ևս փաստահավաք այցով լինելու համար։ Ղարաբաղյան կողմը, բնականաբար, մերժել է: «Կարծում ենք, որ զեկույցի վերնագիրն արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը»,- նշվել է Ուոլթերին ուղարկված պաշտոնական պատասխանում [12]: Արցախի իշխանությունների՝ կողմնակալ վերնագիր ունեցող զեկույցի պատրաստմանը չաջակցելու վերաբերյալ որոշումը միանգամայն օրինաչափ էր: Այս դեպքում նրա պատրաստած զեկույցը չէր կարող հավաստի և ամբողջական համարվել: Նման դիրքորոշում, բայց Ադրբեջանի վերաբերյալ, ժամանակին հենց նույն Ուոլթերն էր արտահայտել: Մասնավորապես, 2013թ.՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, նա կարողացել էր տապալել ԱՀ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունումը՝ պատճառաբանելով, որ դրա հեղինակ Շտրասերը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան: Միաժամանակ, գոյություն ունի ոչ հեռու անցյալի պատմական նախադեպը. նույնանման առաքելության համար 2004-ին տարածաշրջան էր եկել ոչ անհայտ Թերի Դևիսը, որը նախապես ինքն էր հրաժարվում մեկնել Արցախ՝ համարելով, որ առանց այդ էլ լավ զեկույց կպատրաստի: Ի վերջո, նա եկավ Արցախ, բայց դրանից նրա զեկույցի բովանդակությունը չփոխվեց:
 
Արժե նշել նաև, որ Ռ.Ուոլթերն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունի ջերմ հարաբերություններ, մասնավորապես՝ որոշակի բիզնես շահեր: Նրա կինը թրքուհի է, Ադրբեջանում բիզնեսներ ունի, ինչին քանիցս անդրադարձել է հենց բրիտանական մամուլը: Ուոլթերը նաև Թուրքիայի քաղաքացի է: Նրան թուրքական անձնագիր հանձնել է անձամբ Մևլութ Չավուշօղլուն, և նա հրապարակավ հայտարարել է, որ իրեն թուրք է համարում: Այս ամենը բավարար էր շահերի բախման կանոնակարգային խախտում արձանագրելու և նրան զեկուցող չնշանակելու համար: Երբ նա զեկուցող նշանակվեց, սկզբից ևեթ դրա բովանդակությունն ու նպատակները պարզ էին: Ըստ շրջանառվող տեղեկատվության, հայկական պատվիրակությունն ամեն ինչ արել է, որպեսզի կանխվի զեկույցի ներառումը 2016թ. հունվարյան նստաշրջան, որը, ցավոք, ապարդյուն է անցել: Պատճառն այն է, որ «Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը՝ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային, կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև այստեղով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական նախագծերը, որոնք Ադրբեջանը հետևողականորեն փորձում է տապալել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը: Քաղաքական հանձնաժողովի գերակշիռ մասը, դա արդեն ապացուցված փաստ է, և դրա վերաբերյալ կան տեղեկություններ տարբեր երկրների մամուլներում, ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից»,- կարծում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, և ոչ միայն [13]:
 
Այդուհանդերձ, հայ հասարակական-քաղաքական շրջանակներում Ռ.Ուոլթերի և ապա՝ Մ.Մարկովիչի պատրաստած «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» զեկույցները բուռն և բավական հակասական մեկնաբանությունների առիթ տվեցին: Ընդդիմադիրները, ոչ առանց հիմքի, կարծում են, որ դրանք խոսում են Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության, արտաքին գործերի նախարարության և սփյուռքում հայ համայնքների համակարգային աշխատանքի թերությունների մասին: Նրանց փաստարկները, մասնավորապես, հետևյալ հիմնավորումներն ունեն.
 
1. Ադրբեջանն իրոք մեծ գումարներ է ծախսում ԵԽԽՎ-ում, նրա հետևում կանգնած է Թուրքիան, բայց շուրջ մեկ տարի է՝ բոլորը գիտեն, որ նման զեկույց պետք է պատրաստվեր: Հետևաբար, հայկական կողմը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր իր համար անընդունելի զեկույցներից ու բանաձևերից, դրանցում առկա հակահայկական ձևակերպումներից զերծ մնալու համար, մանավանդ որ դրանց բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը [14]:
 
2. ԵԽԽՎ-ի կողմից նման բովանդակության զեկույցի պատրաստումն արգելակելու և այն հունվարյան օրակարգ չընդգրկելու համար կային նպաստավոր քաղաքական իրողություններ: Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի կոշտ դիրքորոշման պայմաններում, մասնավորապես՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի առաջարկը ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին` քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի պատճառով, մարդու իրավունքների ոլորտում Եվրախորհրդի հետ համագործակցության դադարեցումը և այլն... [15]:
 
3. ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը չէր կարող արդյունավետ աշխատել, քանի որ բաղկացած է բացառապես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ջատագովներից, և փորձում էր պայքարել Ուոլթերի անձի դեմ այնպիսի փաստարկներով, որ նա «Թուրքիայի քաղաքացի է» և «կաշառակեր»: Կոպիտ սխալ էր նրա հետ աշխատելուց հրաժարվելը, ինչը դատապարտվեց հենց փաստաթղթում: Դրա փոխարեն անհրաժեշտ է բանակցել բոլորի ու, առաջին հերթին, հենց այն սուբյեկտների հետ, որոնք չեն կիսում քո տեսակետները [16]: ՀՀ-ից հայտարարում են նաև, որ այնտեղ բոլորը կաշառված են նավթադոլարներով՝ առանց նշելու կոնկրետ մարդկանց: Եթե դա ԵԽԽՎ որևէ պատգամավորի հասնի, ինքն իրեն վիրավորված կզգա: Կամ արհամարհական է, երբ ամենաբարձր մակարդակներում հայտարարում են, թե ԵԽԽՎ բանաձևերն իրավական ուժ չունեն: Այդ դեպքում ո՞րն է այնտեղ աշխատանքի իմաստը [17]:
 
4. «Նման ձևակերպումներով զեկույցի ընդունումը ոչ թե դիվանագիտական պարտություն է, այլ դիվանագիտական խայտառակություն: Պետք է հասկանալ, որ սա, մինչև լիագումար նիստի կայանալը, այլևս ԵԽԽՎ փաստաթուղթ է, որը փաստացի արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան: Նման փաստաթղթի ընդունումից հետո անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի դիվանագիտական կորպուսի պատասխանատվության հարցը» [18]:
 
Իշխանական ներկայացուցիչների քննադատության հիմնական թիրախ դարձան ադրբեջանական նավթը, խավիարն ու եվրոպական կառույցների արժեհամակարգային փոփոխությունները, որոնք ճանապարհ հարթեցին նման վերնագրերով ու բովանդակությամբ խիստ միակողմանի և իրականությանը չհամապատասխանող զեկույցների՝ ԵԽԽՎ-ում հայտնվելու համար: Միաժամանակ, հնչեցին տեսակետներ, թե այդ զեկույցների ընդունման դեպքում էլ դրանք որևէ նշանակություն և ազդեցություն չեն կարող ունենալ, և պարզապես կմնան որպես թղթի կտորներ: Հարկ է նշել, որ ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձևաչափն է, որի նպատակը տարածաշրջանի երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության, երկխոսության հարթակ ծառայելն է: Հակամարտությունների կարգավորումն ընդհանրապես չի ներառվում ԵԽԽՎ առաքելության մեջ: ԵԽԽՎ-ն չի ներկայացնում նաև իր անդամ երկրների պաշտոնական դիրքորոշումները. այստեղ ներառված են պատգամավորներ, որոնք ունեն տարբեր հայացքներ, տարբեր շահեր և քվեարկում են իրենց անձնական մոտեցումներից ելնելով:
 
Եվ այսպես, 2015թ. նոյեմբերի 4-ին՝ իր փաստահավաք առաքելության ժամկետը լրանալուց երեք օր առաջ, Ուոլթերը կարողացավ հասնել այն բանին, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 26 «կողմ», 10 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայնով հավանության արժանացրեց զեկույցը, և այն մտավ 2016թ. հունվարյան նստաշրջանի օրակարգ: Զեկույցում, բացի բազմաթիվ հակահայկական ձևակերպումներից, առաջին իսկ կետով «Խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է 2014թ. ամռանից շարունակվող բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի այլ տարածքների և Ադրբեջանի մնացյալ տարածքների միջև առկա շփման գծի ողջ երկայնքով», և գլխավոր մեսիջը՝ 14.3 կետում կոչ է անում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը» [19]: Այլևս անհնար էր կասեցնել զեկույցի քննարկումը կամ էլ մինչև քննարկումը հասնել որոշակի փոփոխությունների: Դրա իրավասությունը չունեին ո՛չ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ո՛չ էլ ԵԽԽՎ նախագահը: Հայաստանին մնում էր անհատական աշխատանք տանել ինչպես առանձին պատգամավորների, այնպես էլ գործընկեր պետությունների հետ: Այդ նպատակով Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվեցին տարբեր երկրներ՝ լոբբինգ անելու և կանխելու բանաձևերի ընդունումը:
 
Քվեարկությանը նախորդող շրջանում իրադարձությունները հայկական կողմի համար նպաստավոր ուղղությամբ ընթացան: Նախ՝ նոյեմբերի 6-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում փոքրիկ գրառում կատարեց. «ԵԽԽՎ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները մինչ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր կամ զեկույցներ հրապարակելը պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ» [20]: Բաքվի համար այս հայտարարությունն ուղղակի սառը ցնցուղի դեր կատարեց: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մեղադրելով Ջ.Ուորլիքին Հայաստանի շահերի սպասարկման համար, հայտարարեց. «...Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իրավունք ու հիմքեր չունի կարգավորման շուրջ մյուս կազմակերպություններին խորհուրդ տալու։ Ցայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավասար է զրոյի։ Միջազգային մյուս կառույցները, որոնք ձգտում են ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում, կարիք չունեն խորհրդակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը զբաղվում է անիմաստ գործունեությամբ» [21]: Ըստ էության, դրանով Ուորլիքը հակադրվեց հակամարտության կարգավորումն ադրբեջանանպաստ նոտաներով այլ հարթակներում շահարկելու ալիևյան քաղաքականությանը: Ջ.Ուորլիքի հայտարարությունը թույլ տվեց նաև ենթադրելու, որ փաստաթուղթը, բացի հակահայկական լինելուց, շահեկան չէ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ բանակցային գործընթացի համար, ինչն էլ պայմանավորեց Ուորլիքի խիստ և շուտափույթ արձագանքը [22]: ԱՄՆ մոտեցումներն այս հարցում կիսեց նաև պաշտոնական Լոնդոնը, ինչի վկայությունն էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հայտարարությունը՝ բրիտանական ԱԳՆ-ին հղումով [23]: Այդ օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշակիորեն պայքար էր տանում ընդդեմ Ադրբեջանի ձգտումների` տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների կազմակերպումը: Նույնիսկ ՌԴ արտգործնախարարն, այդ օրերին գտնվելով Երևանում, քննադատեց նշյալ զեկույցը` շեշտելով, թե Մինսկի խմբի համանախագահող երկրները դեմ են, որ Ղարաբաղյան հարցը տեղափոխվի այլ հարթակներ [24]: Քվեարկությունից օրեր առաջ՝ հունվարի 22-ին, պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. «Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը» [25]: Այդ օրերին ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո ընդունված հայտարարությունում Եվրախորհրդարանը նույնպես ԵԽԽՎ-ին կոչ արեց իր բանաձևերում համահունչ լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին [26]: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից զերծ մնալու՝ ԵԽԽՎ-ին ուղղված կոչով հանդես եկան ԼՂՀ ԱԺ բոլոր պատգամավորական խմբակցությունները [27], ՀՀ և ԼՂՀ հասարակական կազմակերպությունները, Սփյուռքում նախաձեռնվեց ստորագրահավաք, իսկ «Հանուն օրենքի» շարժման մասնակիցները բրիտանական դեսպանատան առջև պահանջեցին չեղյալ հայտարարել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված երկու հակահայ զեկույցները:
 
Հայ հասարակական-քաղաքական շրջանակներում այդ օրերին յուրօրինակ համազգային միասնություն էր տիրում: Կարծես թե բոլորը փորձում էին ինչ-որ բան անել կողմնակալ այդ զեկույցի ընդունումը կանխելու համար:
 
Հունվարի 26-ին Ստրասբուրգում Երևանի ժամանակով 13:00-ին մեկնարկեց ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառված զեկույցների քննարկումը: Բավական յուրօրինակ էր զեկույցին կողմ և դեմ քվեարկած պատվիրակների խճանկարը: Ուոլթերի զեկույցի ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Արդյունքում՝ այն մերժվեց ձայների՝ դեմ 70, կողմ՝ 66 և ձեռնպահ՝ 45 հարաբերակցությամբ, իսկ «Ադրբեջանի տարածքների ջրազրկումը Լեռնային Ղարաբաղի կողմից» բանաձևի նախագիծը, կողմ՝ 98, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 40 ձայներով, ընդունվեց (սա քննարկման առանձին թեմա է): Ճիշտ է, գրանցված 40-ից ավելի պատգամավորներից ոչ բոլորը կարողացան ելույթ ունենալ, սակայն նրանց խոսքից պարզ դարձավ երկու կարևոր հանգամանք՝ պատվիրակներն այնքան էլ լավ պատկերացում չեն ունեցել խնդրո առարկա հարցերի մասին, և դեմ քվեարկելու հիմնավորումները պայմանավորված էին նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտությամբ:
 
Քվեարկության արդյունքները կապելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ և դժգոհելով նրանց գործունեությունից՝ ԱՀ ԱԳ նախարար Է.Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանի սուվերեն իրավունքն է ցանկացած հարց միջազգային հարթակներում ներկայացնելու, և ոչ մեկը իրավունք չունի խառնվելու այդ սուվերեն գործին [28]: Ավելի ուշ Ի.Ալիևը կոշտ մեղադրեց նրանց Ուոլթերի զեկույցի հարցով բանաձևի ընդունման ձախողման մեջ՝ միջնորդների գործունեությունն անվանելով սադրիչ: «Հարց է ծագում. ինչի՞ տեղ են դրել իրենց: Այսինք՝, ճնշում են գործադրելու միջազգային բոլոր կազմակերպությունների վրա՞»,- դիվանագիտական էթիկայի նորմերը խախտելով՝ հայտարարեց Ալիևը, Ադրբեջանի նկատմամբ իրականացվող «երկակի չափորոշիչները» պայմանավորելով կրոնական պատկանելությամբ [29]: Երկրի հասարակական-քաղաքական շրջանակներում հնչեցին նաև բավական հետաքրքիր գնահատականներ, որոնց մի մասի հետ դժվար է չհամաձայնել: Այսպես, haqqin.az-ը անում է հետևյալ հարցադրումը. «Ընդհանրապես Ղարաբաղի վերաբերյալ նոր բանաձևի կարիք կա՞ր»՝ հիշեցնելով, որ 2005թ. ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով քննադատում էր «Ադրբեջանի տարածքի օկուպացիան» և պահանջում վերականգնել վերջինիս տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, նման անհրաժեշտություն չկար: «Սովորաբար, երբ առանց պատճառների միջազգային կառույցների օրակարգ է մտցվում նույն թեման, խնդիրը կորցնում է արդիականությունը: Երևում է, մեր պատվիրակությունից մեկը որոշել է առանձնանալ, սակայն իր հաշվարկներում սխալվել է և պետությանը արջի ծառայություն մատուցել»,- կարծում է «Восток-Запад» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: Պատգամավոր Զախիդ Օրուջն էլ վստահ է, որ ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի տապալումը ԵԽԽՎ պատասխանն էր Բաքվի այն հայտարարությանը, թե Բեռնում կայացած Սարգսյան-Ալիև վերջին բանակցություններն ուղղակի ձևական բնույթ էին կրում, և Ադրբեջանը մտադիր է շարունակել Հայաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը: «Երևի ԵԽԽՎ-ն որոշել է չօժանդակել Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը»,- կարծում է պատգամավորը [30]: Հատկանշական է, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները կարծում են, թե ԵԽԽՎ-ում ունեցած ձախողումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մեղավորությունն է, քանի որ «այն պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը»: «Կրկին ստիպված ենք հիշեցնել, որ մենք գործ ունենք խորամանկ և ուժեղ հակառակորդի հետ»,- գրում է vesti.az-ը [31]:
 
Հայաստանի իշխանական և հասարակական-քաղաքական շրջանակներում տրված գնահատականները, որոշակի հակասականությամբ հանդերձ, հիմնականում դրական գնահատեցին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի. «Ադրբեջանական մամուլը նայելիս հասկանալի է, որ իրենց մոտ դժգոհությունը երեկվա քվերակությունից ավելի մեծ է: Կար քաղաքական հավասարակշռության խնդիր՝ մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, համեմատաբար սեգմենտար խնդրում հաղթեց պրոադրբեջանական քվերակությունը» [32]։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ակտիվ գնահատելով հայկական պատվիրակության և դիվանագիտական ճակատում իրականացված աշխատանքները, այնուամենայնիվ, կարծում է, որ ԵԽԽՎ-ն որոշեց հավասարակշռություն խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև [33]։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի կարծիքով, Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության գործիքները նույնպես բարեփոխումների կարիք ունեն, և դա անհատների խնդիր չէ, այլ ավելի ինստիտուցիոնալ [34]: Հնչեցին նաև կարծիքներ, և ոչ միայն Հայաստանից, որոնք քվեարկության արդյունքները պայմանավորում են ոչ միայն Հայաստանի ակտիվ քաղաքականությամբ, արտաքին քաղաքական գործոններով, որոնք նույնպես գոյության իրավունք ունեն [35]:
 
Այսպիսով, վերլուծելով ԵԽԽՎ լիագումար նիստում ներկայացված հակահայկական զեկույցների, մասնավորապես՝ բրիտանացի պատգամավոր Ռ.Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի շուրջ ծավալված իրադարձությունները՝ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները.
 
1. Զեկույցը կազմվել է հակամարտության կողմերից մեկի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունեցող, Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական շահերով կապված, իրեն թուրք համարող անձի կողմից, ինչով էլ պայմանավորված էին նրա կանխակալ վերնագիրն ու հակահայկական բովանդակությունը: Ադրբեջանն իր քարոզչամեքենայի միջոցով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել հակամարտության բուն էությունից՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակից, խնդիրը հանգեցնելով գրավված տարածքների ազատագրմանը և փախստականների վերադարձին: Օգտագործելով ԵԽԽՎ ամբիոնը՝ Բաքուն փորձում է ՀՀ-ն ներկայացնել որպես ագրեսոր, իր համար ստեղծել ագրեսիայի զոհի տպավորություն և ձգտում է ավելի ընկալելի դառնալ միջազգային հանրության համար: Նման փաստաթղթերը ժամանակի ընթացքում ԱՀ-ի համար կարող են նաև փաստաթղթային ու քաղաքական հենարան ստեղծել ՆԱՏՕ վեհաժողովում, միջազգային այլ կառույցներում, ընդհուպ ՄԱԿ ԱԽ-ում սեփական ցանկություններին համապատասխան բանաձևեր ընդունելու համար:
 
2. Այո՛, միջազգային որևէ ատյանի բանաձև ուղղակի կիրառման ուժ չի կարող ունենալ՝ բացի ՄԱԿ ԱԽ բանաձևերից: Բայց միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև ԵԽԽՎ ընդունած փաստաթղթերը ստեղծում են որոշակի քաղաքական մթնոլորտ և միտում՝ հարվածելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ու Արցախի Հանրապետության կերպարին և հետագա միջազգային ճանաչմանը: ԵԽԽՎ-ն եվրոպական առաջին խորհրդարանական ֆորումն է և, թերևս, այսօր նման ձևաչափով գործող կառույցներից առավել հեղինակավորը: Այն Նախարարների կոմիտեի հետ միասին Եվրոպայի խորհրդի գլխավոր երկու մարմիններից մեկն է: Նրա ընդունած փաստաթղթերը գործողությունների յուրովի ուղեցույց են Նախարարների կոմիտեի, անդամ երկրների կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական կուսակցությունների համար: Հետևաբար, միջազգային կառույցներում հակահայկական բանաձևերի ընդունումը հղի է ՀՀ իշխանությունների վրա Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդավորված ճնշում իրականացնելու վտանգով, որի նախադեպերն արդեն ունեցել ենք (ԵԱՀԿ՝ 1996թ., Լիսաբոն, ԵԽԽՎ՝ 2005թ. Ստրասբուրգ):
 
3. Չնայած ԵԽԽՎ բանաձևերի նախագծերից մեր դժգոհությանը՝ հարկավոր է հիշել, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, որը մեծ դերակատարում է ունեցել ՀՀ ժողովրդավարացման, մարդու իրավունքների ոլորտի զարգացման գործընթացում, և մենք նրա լիարժեք մասն ենք: Մաժամանակ, ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը քաղաքական հարաբերությունների գնահատականի արդյունքն էր: Հետևաբար, պետք է շարունակենք ավել սերտ համագործակցել Եվրամիության և եվրոպական բոլոր կառույցների, այդ թվում ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի հետ, խորացնենք և զարգացնենք երկկողմ և բազմակողմ կապերը կառույցի անդամ այլ երկրների պատվիրակների հետ և ամրապնդենք մեր դիրքերը կառույցում: Փորձը ցույց է տալիս, որ մեր ջանքերը համատեղելու և արդյունավետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել առաջադրված նպատակին:
 
4. ԵԽԽՎ լիագումար նիստում և դրան նախորդած իրադարձությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և մյուս հայտարարությունները ցույց տվեցին, որ միջազգային հանրության համար անընդունելի են հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, դրանք կրկին վեր հանեցին մեր երկրի արտաքին քաղաքականության և, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ունեցած բացթողումները: Հայաստանի ազգային անվտանգության առանցքում գտնվող հարցի, մեր երկրի թիվ մեկ խնդրի վերաբերյալ պետք է համարժեք մոտեցում ցուցաբերել: Սակայն 1988-ից 28 տարի անց էլ ո՛չ ՀՀ-ում, ո՛չ ԼՂՀ-ում և ո՛չ էլ Սփյուռքում մենք հակամարտությունը գիտական հենքի վրա դնելու և համապատասխան մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլեր չենք կատարում: Եվ դա մտահոգվելու տեղիք է տալիս: Եթե Արցախյան շարժման և մեր պետականության ակունքներում կանգնած, թերևս, հիմնախնդրին տիրապետող սերունդն իրականությունը միջազգային հարթակներում ներկայացնելու խոչընդոտների է հանդիպում, ապա նրանց հաջորդները շատ ավելի բարդ խնդիրների առաջ են կանգնելու: Հետևաբար, Ղարաբաղյան հակամարտության իրական կերպարն աշխարհին ներկայացնելու հարցում մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք:
 
 
Հրայր Փաշայան 
քաղաքական գիտությունների թեկնածու 
Լիանա Բալայան 
Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Մարտ, 2016թ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play