Ռազմական հաղթանակից հետո ժամանակն է տանել դիվանագիտական հաղթանակ. դիվանագետ (տեսանյութ)


Ռազմական հաղթանակից հետո ժամանակն է տանել դիվանագիտական հաղթանակ. դիվանագետ (տեսանյութ)

  • 07-04-2016 17:41:06   | Հայաստան  |  Հասարակություն



«Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ Հայաստանն այսօր միասնական բռունցք է, որը կարող է պատժիչ լինել բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել հայկական հողերի նկատմամբ. Մենք ունեցանք ռազմական հաղթանակ, ժամանակն է հաղթանակ տանել նաև դիվանագիտական հարթությունում »,- ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշում է դիվանագետ, արաբագետ, «Առաքյալներ» ՀԿ նախագահ Խաժակ Թոմոյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության գոտում ծավալված վերջին իրադարձություններին և դրանց միջազգային արձագանքներին։ 
 
Ըստ նրա` Ադրբեջանի վայրագությունների մասին պետք է փաստերով բարձրաձայնել միջազգային բոլոր կառույցներում, այդ թվում նաև Հագայի միջազգային քրեական դատարան` պահանջելով այդ երկրին զրկել ամեն տեսակ գործընթացներից: 
«Մենք դիվանագիտական մեր քայլերը պետք է կատարենք այնպես, որ միջազգային հանրության առջև տպավորություն չստեղծվի, թե մենք մուրում ենք Ադրբեջանին պատժելը, այլ հակառակը` պահանջում ենք կանխեն այդ երկրի սանձարձակությունները, թե չէ ինքներս ադրբեջանցիների հարցերը կլուծենք»,- ասաց Խ. Թոմոյանը` հավելելով, որ արյունն արյունով են լվանում, ուստի պետք է գնահատել զոհված յուրաքանչյուր հայ զինծառայողների արյունը: 
Վերջինիս փոխանցմամբ` «Առաքյալներ» ՀԿ-ն բողոք-նամակ է գրել ուղղված ամբողջ աշխարհին, որն ուղղակիորեն հասցեագրված է նաև Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարներին: 
«Առաքյալներ» ՀԿ-ի բողոք-նամակում, մասնավորապես, գրված է. «Քսաներկու տարի է անցել զինադադարի կնքման օրվանից, սակայն ադրբեջանի սանձարձակ ու ուխտադրուժ գործողությունները մշտապես վկայել են նրանց վայրագության, անմարդկայնության և արցախյան հակամարտության` խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման միջազգային կառույցների հորդորներին թքած լինելու մասին: Իսկ դա ունի իր նախապատմությունն ու դրդապատճառը.
Բուդապեշտում քնած հայ զինվորին կացնահարած ադրբեջանցի տականքին իր երկիր վերադարձնելու փաստը և ադրբեջանի կողմից նրա հերոսացումը հանդուրժելով՝ դուք անցաք մարդասիրության բոլոր սահմանները, որը ոգևորիչ խթան հանդիսացավ ադրբեջանի կողմից պարբերաբար նախաձեռնվող բարբարոսությունների համար:
Դրան հաջորդած ադրբեջանական զինված դիվերսիոն խմբերի ներթափանցումները մեր դիրքեր, խաղաղ բնակչության պարբերաբար ռմբակոծումն ու հրետանակոծումը՝ մարդկային կորուստներով, դիպուկահարների կողմից իր ժողովրդի խաղաղ կյանքն ու հրադադարը պահպանող հայ զինվորների գնդակոծումը դարձյալ մնացին անպատիժ՝ բավարարվելով միայն սևով սպիտակի վրա գրված կեղծ հուզական ցավակցություններով կամ էլ խաղաղ բանակցությունների անցնելու անիմաստ կոչերով: Մինչդեռ՝ պատժել էր պետք ու շատ խիստ:
Հանցագործության անպատժելիությունը ենթադրում է դրա խրախուսում: Հենց այս տրամաբանությամբ էլ Ադրբեջանը, անպատժելի լինելու փաստով ոգևորված, ձեռնամուխ եղավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողությունների: Թեև ջաղջախվելով ետ շպրտվեցին ու պիտի շպրտվեն, սակայն ունեցանք անցանկալին: Արդյունքում զոհվեցին հայկական բնակավայրերի խաղաղ բնակիչներ, անասնական դաժանությամբ բարբարոսաբար սպանվեցին և դիախոշտանգվեցին անմեղ ծերեր, դպրոցի ճանապարհին սպանվեց տասներկուամյա հայ երեխա: Միթե սա էլ պետք է մնա անպատիժ, թե ձեզ համար արդեն ամեն ինչ, ինչ կատարվում է մեր ժողովրդի հետ, միևնույն է՝ միայն թե ձեր բանկային հաշիվները կուշտ լինեն ալիևյան փողերով, իսկ ձեր ռունգերը հանկարծ ադրբեջանական նավթի հոտի պակաս չզգան… Իսկ եթե նույնը պատահեր ձեր երեխայի հետ, ձեր ծնողի հետ…»:
Խ. Թոմոյանի խոսքերով` պետք է պահանջել անմիջապես կիրառել գործնական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, մասնավորապես, դադարեցնել այդ երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունները, ռազմամթերքի վաճառքը, սառեցնել բոլոր այն միջազգային բանկային հաշիվները, որոնցով սնվում և իր ոճրոգործությունների համար միջոցներ է ձեռք բերում, հեռացնել Ադրբեջանին միջազգային կառույցներին անդամակցությունից, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ից և անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play