Հայաստանին ինչ հարված է հասցրել այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը. Մեկնաբան


Հայաստանին ինչ հարված է հասցրել այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը. Մեկնաբան

  • 07-04-2016 18:16:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է եւ ցավ ենք զգում, երբ նա սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Իհարկե, այդ բառերն արտասանող Սերժ Սարգսյանի դեմքին ցավ կարծես թե այդքան էլ նկատելի չէր, իսկ ահա թեթեւ ժպիտ նշմարվում էր: Մյուս կողմից, դա իհարկե կարող է լինել նյարդային ժպիտ:
 
Ոչ ոք նրանից լավ չի կարող պատկերացնել, թե Հայաստանին ինչ հարված է հասցրել այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը:
Թեեւ, Սերժ Սարգսյանի առաքելությունն այդ պարագայում ոչ թե ցավ ապրելն է, այլ այդ հարվածը կանխարգելելը, հետ մղելը, ինչը նա կամ չի արել, կամ իրականացրել է շատ վատ եւ անարդյունավետ: Միեւնույն ժամանակ, իհարկե անկասկած է, որ բոլոր նրանք, ովքեր կարող էին հետ մղել կամ գոնե դիմադրել այդ հարվածին, նույնպես չեն արել ոչինչ, առնվազն չեն արել այն, ինչ գոնե կարող էին: Դա վերաբերում է թե պաշտոնյաներին, թե այսպես կոչված քաղաքական դասին:
Երբ Ռուսաստանը պատերազմի շանտաժով ու սպառնալիքով Հայաստանը զրկում էր միջազգային սուբյեկտությունից, փորձում հեղինակազրկել Հայաստանը միջազգային հանրության առաջ եւ այդպիսով զրկել հնարավոր որեւէ գործնական աջակցությունից, ցույց տալով, որ աջակցել Հայաստանին՝ նշանակում է աջակցել Ռուսաստանին, Հայաստանում այդ ժամանակ օրվա գլխավոր ընդդիմությունը ոչ թե փորձում էր դիմագրավել այդ շանտաժին ու սպառնալիքին, այլ օգտագործում էր այն իր քաղաքական նպատակների եւ նկատառումների համար՝ իշխանության հարց լուծելու համատեքստում:
Երբ մի քանի օր առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, քաղաքական գործնականում բոլոր ուժերը հայտարարեցին համախմբվելու մասին, ասելով, որ քանի դեռ երկրի հանդեպ արտաքին ագրեսիա է, իրենք մի կողմ կդնեն ներքաղաքական տարաձայնությունն իշխանության հետ: Դա առողջ դիրքորոշում էր, պետական մտածողությանը հարիր եւ բնորոշ:
Բայց, ինչու՞ է քաղաքական ուժերի մոտ պատկերացում, թե արտաքին ագրեսիան լինում է միայն սպառազինությամբ, տանկերով, հրանոթներով, հրանետներով, իսկ ահա պատերազմի շանտաժն ու սպառնալիքը ագրեսիա չէ:
Ինչու՞ այդ քաղաքական ուժերի մի զգալի մասը, որ մի քանի տարի առաջ օրվա ընդդիմություն էր, նույն կերպ չհամախմբվեց Հայաստանի եւ Արցախի հանդեպ պատերազմի ռուսական շանտաժի ու սպառնալիքի դեմ, որով Մոսկվան փորձում էր լուծել Հայաստանի ինքնիշխանությունը վերջնականապես չեզոքացնելու հարցը եւ փաստացի լուծեց մինչեւ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորն ու հրամանատարը:
Ինչու՞ էր այդ ագրեսիան թվում «անշրջելի», եւ արդյոք այդ ուժերը զգում են պատասխանատվություն այն բանի համար, որ դրանով փաստացի «անշրջելի» դարձրին Ադրբեջանի գրոհը Արցախի վրա, որը ոչ այլ ինչ էր, քան վերջին երկու-երեք տարիների ռուսական քաղաքականության տրամաբանական հետեւանք:
Հայաստանի իշխանությունը նյութապաշտների իշխանություն է, որոնց համար ամենից վերը անձնական տնտեսական եւ իշխանական շահն ու անվտանգությունն է: Այստեղ քննարկելու տեղ այլեւս չկա շատ վաղուց: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի ընդդիմությունը, որն ինքնիշխանությունը հանձնելու հարցում իշխանության հետ փաստացի հանցակցությունը կոծկում էր իբր Հայաստանի անվտանգության մասին մտահոգությամբ, որ պետք է ապահովվեր «ռուսական դաշնակցի» միջոցով:
Իրականում, ռուսական դաշնակցի միջոցով ապահովվեց Հայաստանի ու Արցախի դեմ գրոհի նախապատրաստումը, եւ եթե իշխանությունը դրա դեմ գործնականում ոչինչ չարեց իշխանության համար, ինչի՞ համար դրա դեմ ոչինչ չարեց այսպես կոչված ընդդիմությունը կամ ոչիշխանությունը: Բայց, հանցավոր անգործությունը գուցե լիներ պահվածքի ամենամեղմ տարբերակը: Բանն այն է, որ ցուցաբերվել է հանցավոր գործընկերություն Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը՝ պատերազմի շանտաժին ու սպառնալիքին գործնական մասնակցություն ցուցաբերելու համար:
Իսկ նրանք, ովքեր նախազգուշացնում էին դրա հետեւանքով մոտեցող, հասունացող, բոլոր արգելակներից հանվող սպառնալիքի մասին, հռչակվում էին «մի քանի տասնյակ մարգինալներ»:
Հիմա կա մի քանի տասնյակ զոհ, այն արհավիրքի հետեւանքով, որի մասին զգուշացնում էին «մի քանի տասնյակ մարգինալները» եւ փորձում թույլ չտալ Հայաստանի ինքնիշխանության դեմ անարյուն ագրեսիան՝ դրա արյունոտ շարունակությունը կանխելու համար: Չստացվեց, որովհետեւ կրկին տեղի էր ունեցել «ներպետական մեծ համախմբում», բայց ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի դեմ:
Այն, որ իշխանության պատասխանատվությունն է առաջնայինն ու գլխավորը, անհերքելի է: Բայց, վերջին երկու-երեք տարիների զարգացումը հատկապես վկայեց, որ Հայաստանում պետք է ձեւավորվի նաեւ ընդդիմության պատասխանատվության ինստիտուտ, հակառակ դեպքում անվտանգության դռներից մեկը միշտ բաց է լինելու:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play