Ո՞վ է հաղթող կողմը...


Ո՞վ է հաղթող կողմը...

  • 07-04-2016 18:19:31   | Հայաստան  |  Վերլուծություն
Զինադադարի պայմանավորվածությունը լուրջ քննարկումների առիթ է դարձել Հայաստանում:
 
Հարց է բարձրացվում, թե ինչո՞ւ դրան չի մասնակցել ԼՂՀ-ն, ինչպես 1994 թ.: ԼՂՀ իշխանությունը, որն առիթ-անառիթ կրկնում է, թե Ղարաբաղը պետք է լինի բանակցության կողմ, մեկնաբանել է, թե Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը չափազանց յուրահատուկ մեկնաբանություն է տվել. «Հակամարտության կողմերը երկուսն են` ԼՂՀ-ն և Ադրբեջանը, Հայաստանը ներքաշված է այս հակամարտության մեջ: Ադրբեջանի ոչ կառուցողականության պատճառով ԼՂՀ-ն այժմ ոչ լիարժեք կողմ է, սակայն համանախագահները գալիս են Արցախ, բանակցություններ վարում ԼՂՀ ղեկավարության հետ»:
Ահա այսպես՝ Ադրբեջանի պատճառով Ղարաբաղը ոչ լիարժեք կողմ է: Այդ ո՞ր օրվանից է Ադրբեջանը սկսել Հայաստանին ու Ղարաբաղին պայմաններ թելադրել, արդյոք միշտ այդպե՞ս է եղել: Ո՞վ է հաղթող կողմը: Այս մեկնաբանությունը բացահայտում է ԼՂՀ ներկայիս ղեկավարության անօգնական, անգործունակ բնույթը, ամենամեղմ բնորոշման դեպքում:
Ռազմական վերջին գործողությունները հայկական կողմերին բացառիկ քաղաքական շանս են ընձեռել փոխել բանակցության ձեւաչափը: Հայ զինվորն իր կյանքի գնով քաղաքական եւ ռազմական ղեկավարության համար բացել է այդ հնարավորությունը: Հայկական երկու պետությունների քաղաքական ղեկավարությունը գոնե խոսքով փորձեց օգտվել այդ հնարավորությունից՝ հայտարարելով բանակցությանը ԼՂՀ ներգրավելու անհրաժեշտության մասին:
Բայց ինչ է ստացվում՝ կրկի՞ն ամեն ինչ դառնում է ի շրջանս յուր: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Մոսկվայում տեղի ունեցած այդ իրադարձությունը:
Նախ, այդ համաձայնությունը կնքվում է մի քաղաքում՝ Մոսկվայում, որտեղ 1921 թ. կնքվել է ռուս-թուրքական հակահայկական խայտառակ, միջազգային իրավունքի տեսակետից անօրինական պայմանագիրը, որի հետեւանքն էլ հենց այսօր ստեղծված իրավիճակն է: Այս քաղաքում կնքված ցանկացած պայմանագիր կամ ձեռք բերված պայմանավորվածություն ենթակա է հենց 1921 թ. այդ պայմանագրի տրամաբանությանը:
Բացի այդ, զինադադարի պայմանավորվածության կողմ է դարձել Հայաստանը, որը մինչ այժմ որեւէ իրավական պայմանագիր չունի ԼՂՀ հետ, չի ճանաչել այն: Սերժ Սարգյանը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը խոսել է նման հնարավորության մասին, սակայն նման պայմանագրեր առայժմ չկան:
Հաջորդ վտանգավոր պահն այն է, որ այս համաձայնությունը նոր իրավիճակում կրկին ԼՂՀ-ն բանակցության ձեւաչափից դուրս թողնելու առաջին քայլն է, չնայած հայկական կողմին ընձեռնված հնարավորությանը, այդ թվում արտաքին շահագրգիռ կողմերի քաղաքական համաձայնության պայմաններում:
Փաստացի, այդպիսով Ադրբեջանը կրկին հասնում է իր նպատակին, խեղաթյուրելով Ղարաբաղյան խնդրի էությունը, այն պահելով Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի եւ Ռուսաստանի հովանու ձեւաչափում, այդպիսով խնդիրը պահելով տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում եւ նոր դիվերսիաների ու ռազմական ագրեսիայի «լեգիտիմ» հնարավորություն ստանալով:
Ստացվում է, որ ապրիլյան պատերազմում ահռելի կորուստներ կրելով՝ Ալիեւն ինքն է խնդրել հաշտություն, բայց հիմա իր պայմաննե՞րն է թելադրում: Ինչպե՞ս կարելի է նման բացառիկ շանսը չօգտագործել: Ո՞ւր է նայում զինվորական հրամանատարությունը, մի՞թե այսքան զոհերը, կորուստները քիչ են: Սեյրան Օհանյանն ասում է, թե «ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտ է: Միայն այն պայմաններում կարող ենք վստահ լինել, որ հրադադարը չի խախտվի»: Ի՞նչ եղավ այդ վստահությունը, այդ դեպքում ինչո՞ւ է կանգնեցվել ռազմական գործողությունը, թողնելով «500 քմ հող»:
Միջազգային հանրությունը, դրա առաջատար ԱՄՆ-ն, մյուս շահագրգիռ կողմերը ակնարկել են, որ պատրաստ են աջակցել նոր իրողություններում Հայաստանի ու Արցախի կոնկրետ ու գործնական նախաձեռնությանը: Այս ամենը քի՞չ է թվացել ռուս-ադրբեջանական հնացած պահանջների դիմաց:
Հայտնի է, թե ինչ է լինում, երբ չի օգտագործվում նման շանսը, երկրորդ անգամ այն արդեն չի լինելու: Ըստ այդմ, նրանք, ովքեր ի վիճակի չեն օգտագործել այս հնարավորությունը, պետք է թողնեն ասպարեզը, թե քաղաքական, թե ռազմական ղեկիավարության թվից: Քանի դեռ ուշ չէ եւ տեղի չի ունեցել անդառնալին:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play