«Վտանգավոր բան է ստացվել: Բարձրագույն պաշտոններում ուրիշ պետության շահերից գործող անձինք են»


«Վտանգավոր բան է ստացվել: Բարձրագույն պաշտոններում ուրիշ պետության շահերից գործող անձինք են»

  • 08-04-2016 06:26:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

-Պարոն Սարգսյան, քառօրյա պատերազմից հետո ի՞նչ դադար է կողմերի միջեւ: Ի՞նչ բանակցություններ են հիմա եւ որքա՞ն կտեւի այն:

-Ընդամենը պայմանավորվածություն է եղել հրադադարի մասին, դա պայմանագիր չէ զինադադարի մասին: Գոյություն ունի 1994 թ.-ին ստորագրված պայմանագիր, եւ պետք է անել ամեն ինչ, որ պահպանվի դա:

Թե ինչպես եղավ դադարը, եղավ այնպես, որ Հայաստանի բանակի շտաբի պետը գնաց Մոսկվա՝ հանդիպելու իր կոլեգայի հետ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասում էր, որ պատրաստ է կրակը դադարեցնել: Ու հանկարծակի ստացվեց այս դադարը, եւ հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս եղավ կամ ինչո՞ւ, որովհետեւ խոսվում էր բոլորովին ուրիշ բանի մասին:

Հանկարծակի ուրիշ նկար ստացվեց: Երբ որ հարցեր են տվել, թե ինչու չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի շտաբի պետը, ոնց որ Ռուսաստանի չինովնիկներն են պատասխանում, ասել են, թե Ղարաբաղը չկա բանակցային պրոցեսում: Սա անհասկանալի մի բան է:

-Ստացվում է, որ Արցախին նորից դուրս են թողնում բանակցություններից: Այս դեպքում Հայաստանը կարող էր, չէ՞, հրաժարվել բանակցություններից՝ պահանջելով արցախյան կողմի անմիջական մասնակցությունը ԼՂՀ խնդրի լուծման հարցում:

Մանվել Սարգսյան

-Հավանաբար իրենց առաջ այսպիսի պայման է դրել Ռուսաստանը, իսկ իրենք գործում են Ռուսաստանի շահից: Փաստորեն չեն էլ թաքցնում, ՀՀԿ պատգամավորներից մեկն ասել է՝ ում կանչել են, նա էլ գնացել է: Իսկ հետաքրքիր է, եթե Թուրքիայից էլ կանչեին, Հայաստանը կգնա՞ր: Իմ համոզմամբ տեղի է ունեցել ահավոր բան, պետական հանցագործություն: Հայաստանի պաշտոնյաներն այս վիճակում գործել են ուրիշ պետության շահերից ելնելով:

Այդ մարդիկ պետք է պատասխան տան հայության առջեւ, որովհետեւ նման վիճակում նման քայլերի գնալ նշանակում է հարված բանակին:

-Պարոն Սարգսյան, փաստորեն երբ Հայաստանն էլ է կրավորական կեցվածքով հանդես գալիս, ինչպե՞ս կարող են ընթանալ բանակցությունները, որ ձեռնտու լինի Արցախին, հայկական կողմին:

-Կրավորական կեցվածքով չէ, ավելի վատ կեցվածքով… սա շատ ավելին է, քան Հայաստանը կրավորական կեցվածք ունի:

-Այսինքն, նշանակում է այս բանակցություններն ավելի վատ տեղ կտանե՞ն:

– Ղարաբաղի պետական սահմանը խախտված է, Սահմանադրական տարածքը գրավված է, բայց մարդիկ հայտարարում են, որ մենք դա հետ չենք վերցնելու, ովքե՞ր են այդ մարդիկ: Մի շարք մարդկանց նկատմամբ լուրջ կասկածներ կան, պետք է մտածել՝ ոնց վերաբերվել դրան, ինչ պատասխան տալ: Ես դա եմ տեսնում եւ գտնում եմ, որ վտանգավոր բան է ստացվել: Պետության բարձրագույն պաշտոններում ուրիշ պետության շահերից գործող անձինք են: Ինչը շատ վտանգավոր է, եւ պետք է քննարկվի, հասկացվի՝ ոնց պետք է դուրս գալ այդ վիճակից:

-Այս դադարից հետո ի՞նչ տեղի կունենա. կողմերը նորից կվերադառնան բանակցայի՞ն սեղան, թե՞ պատերազմի դաշտ:

-Ինչպես որ հիմա է պրոցեսը գնում, դա ինձ շատ է մտահոգում, դա ոչ մի լավ բանի չի բերի: Եթե մենք կարողանանք գծել քաղաքական այնպիսի վիճակ, որ Բաքուն հասկանա՝ թանկ է նստելու իր վրա մի քանի օրվա պատերազմը, այդ ժամանակ հազար անգամ կմտածի, նոր կգործի:

-Ինչպե՞ս պետք է վարվել. դիվանագիտակա՞ն հարթակում Հայաստանը պետք է ինչ-որ բեկումնային քայլեր կատարի, թե՞ պատերազմում:

-Երկու ճանապարհներով էլ. պետք է դրան հասնել թե դիվանագիտական ճանապարհով, թե Ադրբեջանը եթե իրեն լավ չպահի, նաեւ ռազմի դաշտում, սա է ճանապարհը: Կանենք՝ Ադրբեջանը կհասկանա ու մյուս անգամ նախահարձակ չի լինի…

-Իսկ քառօրյա այս պատերազմում Հայաստանն ինչպե՞ս դրսեւորեց իրեն:

-Այն զենքով, որը կար, նորմալ դրսեւորեց, կարծում եմ: Ես կարծում եմ այս դադարը չտալու դեպքում մերոնք ավելի մեծ հաջողություն կունենային: Ամսի չորսին արդեն ադրբեջանական բանակի փախուստ եղավ: Ադրբեջանի նախագահն այդ ժամանակ խուճապահար գոռում էր, որովհետեւ հասկանում էր, որ ինքը հարված կստանա: Թող արդեն մասնագետներն ասեն, թե իմաստ ունե՞ր դադարեցնել: Բայց մեծ մասամբ բանակը խնդիրներ չունի: Խնդիրները բոլորը դիվանագիտական, քաղաքական ոլորտում են:

-Երեկ Ս. Սարգսյանը հայտարարում էր, որ 80-ականների զենքեր են, եւ որքանո՞վ եք ճիշտ համարում նման հայտարարությունը երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից:

-Դրանք մեսիջներ էին, քանի որ ինքը խոսում էր՝ Ռուսաստանից, ԱՊՀ պետություններից զենքեր են վաճառում Ադրբեջանին: Մոտավորապես ակնարկում էր այն, որ մեզ էլ է պետք ժամանակակից զենք:

-Միջազգային հանրության պահվածքն ինչպե՞ս եք բնութագրում: Կա տպավորություն, որ Ադրբեջանն ավելի մեծ սատարում ուներ, ինչո՞ւ:

-Ինչու դուք ուրիշ բա՞ն էիք սպասում: Ի վերջո դեռ պարզ չէ, թե ինչու Ադրբեջանը սկսեց պատերազմ: Այնպես չի եղել, որ նստել-որոշել է, ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում է որոշել Ալիեւը: Ինքն ԱՄՆ-ում էր, որտեղ եւ Թուրքիայի նախագահն էր:

-Ի՞նչ եք կարծում, իսկ ԱՄՆ-ում հանդիպում Սարգսյան-Ալիեւ…

-Չեմ ուզում նշանակություն տալ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կամ ստիպված է եղել, կամ գտել է, որ կարելի է ինչ-որ մի վնաս ցույց տալ կամ բան անել, եւ մինչեւ մեր վերադառնալը երկիր գործերը վերանայել է:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play