Լեհաստանի «Հայկական երիտասարդական» միությունը կոչ է արել ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային ճանաչել ԼՂՀ անկախությունը


Լեհաստանի «Հայկական երիտասարդական» միությունը կոչ է արել ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային ճանաչել ԼՂՀ անկախությունը

  • 08-04-2016 19:22:52   | Լեհաստան  |  Հասարակություն

Երեկ Վարշավայում Լեհաստանի «Հայկական երիտասարդական միությունը» հավաք էր կազմակերպել Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև. Պահանջը մեկն է`  ԵԱՀԿ Մինսկի Խմբի վերոհիշյալ համանախագահ երկրները պետք ճանաչեն Ադրբեջանը` որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն նրան վերջին օրերին Արցախում կատարած անմարդկային հանցագործությունների համար:
 
Հնչած ելույթներից հետո Երիտասարդական Միությունը նամակ փոխանցեց ՌԴ դեսպանությանը,  որում ՌԴ-ին կոչ էր արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը, դատապարտել Ադրբեջանին ագրեսիվ կեցվածքի համար և հստակ ու հասցեական քաղաքական գնահատականներ հնչեցնել:
ՌԴ դեսպանատան առջևից հավաքված բազմությունը երթով շարժվեց Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, և նմանատիպ բովանդակությամբ նամակ հանձնեց ամերիկյան կողմին ևս: Միացյալ Նահանգների դեսպանատան առջև հնչած ելույթներում խստիվ դատապարտվեց երկակի ստանդարտների քաղաքականությունը ԼՂՀ ժողովրդի հանդեպ:
Նույնատիպ մի նամակ էլ Ֆրանսիայի դեսպանությանը հանձնելուց հետո ներկաները՝ Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի առաջնորդությամբ, շարժվեցին Վարշավայի Հայկական պուրակ, որտեղ տեղադրված Խաչքարի առջև Հայր Սուրբի ձեռամբ մատուցվեց աղոթք՝ Հայաստանի և Արցախի անսասանության, Մայր Հայրենիքի հզորության, հայոց բանակի անպարտելիության ու հաղթանակի և մեր նահատակված հերոս զինվորների հոգիների հանգստության համար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play