Տեղի է ունեցել Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգը


Տեղի է ունեցել Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգը

  • 11-04-2016 13:05:53   | Հայաստան  |  Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում ապրիլի 10-ին տեղի ունեցավ Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգը: Մեկ տարի գործունեություն ծավալող դուետի կազմում հանդես են գալիս Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր): Երաժիշտները համերգային երեկոյի ընթացքում կատարեցին Կամիլ Սեն-Սանսի Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, Ֆրենսիս Պուլենկի Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, Իգոր Ստրավինսկու ՙԶինվորի պատմությունը՚ կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին գործի կատարման ընթացքում դուետին միացավ նաև Էրիկ Մանուկյանը (ջութակ):
 
ՙՄեր դուետը կրում է մեծ երաժիշտ, հայտնի կլարնետահար Աբգար Մուրադյանի անունը: Ցավոք, դուետով հաճախակի չենք կարողանում բեմ բարձրանալ: Կցանկանայինք ավելի շատ ելույթներով հանդես գալ, սակայն ժամանակի սղությունը թույլ չի տալիս, իսկ մենք շատ լուրջ ենք վերաբերում մեր ելույթներին, ծրագրի ընտրությանը: Սա մեր երկրորդ համերգն էր՚,-նշեց կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը: Նա տեղեկացրեց, որ երաժիշտները պլանավորում են գոնե ամեն տարի ելույթով հանդես գալ Աբգար Մուրադյանի ծննդյան օրը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստում է, որ Աբգար Մուրադյանն այն երաժիշտներից էր, ովքեր կանգնած էին երիտասարդական նվագախմբի ստեղծման ակունքներում: ՙԴուետի անդամները փայլուն երաժիշտներ են: Առաջին իսկ օրվանից նրանք նվագախմբի կազմում են՚,-ընդգծեց նա:
Համերգին ներկա էին նաև Մուրադյան ընտանիքի անդամները: Աբգար Մուրադյանի որդին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին ելույթի համար` նշելով, որ իր համար առանձնահատուկ է մասնակցել իր հոր անունը կրող դուետի ելույթին: Արմեն Մուրադյանը հավելեց, որ Դավիթ Գյուլամիրյանն իր հոր լավագույն ուսանողներից էր: 
Հավելենք, որ Աբգար Մուրադյանի անվան դուետն առաջին անգամ հանրությանն է ներկայացել նախորդ տարի: 2015-ի ապրիլի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նրանց անդանիկ համերգը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play