Ռուս-թուրքական դավադրություն հայկական պետության դեմ. Ազատ Արշակյան


Ռուս-թուրքական դավադրություն հայկական պետության դեմ. Ազատ Արշակյան

  • 11-04-2016 17:22:01   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, այս օրերին բավական շատ են քննարկումները խաղաղապահ զորքերի տեղակայման մասին։ Ձեր կարծիքով՝ արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, թե մեր բանակը կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել։

 

Մեր բանակը կարողանում է պահպանել մեր սահմանների անձեռնմխելիությունը, բայց եթե լինեն խառը ժամանակներ, որոնք պարբերաբար լինում են, և մեր դեմ աշխատի ինտերնացիոնալը, օրինակ՝ համաթուրքական կամ համամահմեդական, և հարձակում մեր պետության վրա, մեր ուժերից վեր է, մենք չենք կարող դիմակայել հակաքաղաքակրթական գրոհի։ Դրա համար գուցե այդ իմաստով, պետք է խաղաղապահ ուժ լինի ոչ թե մեր և ինչ-որ պետության միջև, այլ պետք է լինի անվտանգության համակարգի խաղաղապահ ուժ։ Այսինքն՝ ես պայմանական եմ ասում խաղաղապահ, դա պետք է լինի անվտանգությունն ապահովող ռազմական ուժ։ Դրա անունը եթե դնենք, թող լինի խաղաղապահ, իսկ եթե անունը դնում ենք դաշնակցային բանակ, թող լինի դաշնակցային բանակ։ Եթե դրա անունը դնենք քաղաքակրթության սահմանապահ բանակ, ես համաձայն եմ նաև դրան։ Ինձ հետաքրքրում է ոչ թե ժամանակավոր պահպանող ստատուս քվոն և հետո մեզնից անկախ, մեր կամքին հակառակ գա ու իր ուզած ժամանակ հեռանա, այլ անվտանգությունն ապահովող ուժ։ Եթե կա մի ուժ, որն ապահովում է հայկական պետության անվտանգությունը, դա պետք է լինի դաշնակիցը, իսկ մեր կողմից չհրավիրված, մեզ պարտադրված որևէ ուժ ես համարում եմ վտանգավոր։

 

Դուք այն քչերից էիք, որ ԵՏՄ անդամակցության ժամանակ կտրուկ և բուռն դեմ արտահայտվեցիք՝ նշելով, որ այդտեղ լուրջ մտահոգություններ եք տեսնում։ Հիմա, երբ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանելու որևէ քայլ չարեց, այդ թվում ռազմական, ավելին՝ Մոսկվայի կողմից հարվածը հարվածի հետևից ենք ստանում, կարո՞ղ ենք ասել, որ սա ինչ-որ առումով կբացի հայ ժողովրդի աչքերը, որ ռազմավարական դաշնակցի վերաբերյալ միֆերը հօդս ցնդեցին։

 

Կարծում եմ՝ մենք ավելի պարզ վերաբերմունք պետք է ունենանք այն անձանց նկատմամբ, որոնք մեր հայրենիքը զրկեցին տնտեսական ազատությունից։ Նրանք անուն առ անուն հայտնի են, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մի շանս ունեն նրանք՝ ներողություն խնդրելու և սխալն ուղղելու կամ ավելի ճիշտ սխալը մեղմացնելու։ Հենց հիմա նրանք պետք է հայտարարեն, որ քաղաքական սխալ են թույլ տվել, գործել են հայկական պետության շահերի դեմ. կամ իրենք «օգտակար իդիոտ» են եղել հակառակորդի խաղի մեջ, կամ պարզապես դիտավորյալ, չարամտորեն մեր երկրին վնաս են տվել։ Վնասարարներ են նրանք։ Կամ պետք է նրանց ճակատին խարանվի «օգտակար իդիոտ», կամ նրանք պարզապես վնասարար են և պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ հիմա թող փորձեն մեղմացնել այդ պատասխանատվությունն իրենց վարքագծով։ Այսինքն՝ պայքարեն, միանան մեզ և կանգնեն երկրորդ շարքում։

 

Պարոն Արշակյան «նրանց» ասելով ո՞ւմ նկատի ունեք։

 

Մեր քաղաքական գործիչներին նկատի ունեմ։ Իսկ Ռուսաստանը վաղ թե ուշ, ինչպես ժամանակին հրաժարվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից, ճիշտ այնպես, ինչպես ճանաչեց Կատինում իր կատարած հանցագործությունը լեհ սպայական հրամկազմի դեմ, այնպես էլ պետք է ճանաչի իր կատարած հանցագործությունը Հայաստան պետության և հայ ժողովրդի դեմ 1921 թվականին ռուս-թուրքական եղբայրության և համագործակցության դաշինքով։ Խոսքը 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի մասին է։ Դա հանցագործություն է եղել, և ռուս ժողովուրդը, Ռուսաստանի պետությունը պետք է զղջան, ներողություն խնդրեն և փոխհատուցում տան։ Դա դավադրություն է եղել հայ ժողովրդի և Հայաստան պետության դեմ։ Կարծում եմ՝ նրանք ինչ-որ ժամանակ, լավ կլինի շուտ, ուղղեն իրենց սխալը։ Անկեղծ ասած, իմ կարծիքով, Ղարաբաղի բաց կարգավիճակը, Մինսկի խմբի գոյությունը հենց այդ կոնֆերանսի, այդ դաշինքի դրույթներից մեկի վերանայումն է հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի, որովհետև 1921 թվականի պակտով դա վիճելի տարածք չէ։ Ըստ այդ երկու գիշատիչների՝ դա հայկական տարածք չէ։ Հիմա քանի որ նրանք դա համարում են վիճելի, քննարկման առարկա, դա թեթևակի, մասնակիորեն զղջում է, մասնակիորեն սխալի ուղղման փորձ է։ Հետևաբար, այդ իմաստով կարծում եմ, որ և ելցինյան Ռուսաստանը, և, ինչու չէ, պուտինյան Ռուսաստանը զղջման ճանապարհը բռնել են։ Ես ցանկանում եմ, որ շատ ավելի համարձակ ու շիտակ ձևով հրաժարվեն այդ պակտից և ջանք գործադրեն, որ հայ ժողովուրդը վերականգնի իր իրավունքները իր տարածքների, իր հայրենիքի նկատմամբ, և օգնեն, որպեսզի Հայաստանի անվտանգությունն ապահովվի։ Ես հույս ունեմ, որ ժողովրդավարական, ազատ Ռուսաստանը դա կանի։ Ապագայում ժողովրդավարական Ռուսաստանի ազատագրված ռուս ժողովուրդը անպայման այդ սխալը կուղղի, ես դրա հույսն ունեմ։

 

Իսկ Ձեզ համար անակնկա՞լ էր Բեռլինում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մենք կռվում ենք 1980-ականների զենքերով։

 

Դա վկայում է այն մասին, որ արդեն տեղ չունենք, նույնիսկ նրանք, որոնք դա չեն ուզում նկատել, այլևս չեն կարողանում չնկատել։ Երկրորդ՝ դա ցույց է տալիս, որ «մատուշկա» Ռուսաստանը չի կարող պատժել Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը որպես հաշվարկ անող, լուրջ հաշվարկ անող քաղաքական գործիչ, հասկանում է, որ այլևս Ռուսաստանը չի կարող իրեն պատժել։ Այսինքն, իր համարձակությունը հիմքեր ունի։ Նա գիտի, որ Ռուսաստանը չկարողացավ մեզ պատժել։ Այսօրվա ողջ կոմբինացիան ես համարում եմ ռուս-թուրքական դավադրություն հայկական պետության դեմ։ Այսինքն նրանք ձախողվել են։ Սերժ Սարգսյանն այդ խաղացողներից մեկն է, ու տեսավ, որ ռուսները չեն կարողանում մեզ հաղթել։ Ռուսաստանը չի կարողանում իր պարտականությունը կատարել այդ ռուս-թուրքական դաշինքի համաձայն։ Ռուսաստանը չի կարողանում մեզ պատժել։ Ես չեմ ասում, թե Ռուսաստանը միջուկային զենք չունի, չի կարող այն մեր հայրենիքի վրա գցել, այդպես չէ։ Իրականությունն ավելի բարդ է, այդ խաղի կանոններով Ռուսաստանը պետք է գար ու ևս մեկ անգամ մեզ փրկեր և մեզ ծնկի բերելով՝ մեր հավերժական հովանավորը դառնար։ Մենք պետք է ծնկի գայինք, բայց դա չի ստացվել։ Սերժ Սարգսյանը դա տեսնում է, գուցե մեզնից էլ լավ, և նրա համարձակությունը դրանով է պայմանավորված։ Սերժ Սարգսյանը հաճույքով կատարում է դա, նրան դուր է գալիս ըմբոստանալը։

 

Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանի համաձակությունը պայմանավորված է նաև նրանով, որ 200 տարի է Ռուսաստանը հայտարարում է, որ հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը, ընդհանրապես Կովկասի անվտանգության երաշխավորը, հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը կամ չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը, կամ չի ուզում ապահովել:

 

Ո՞րն է ավելի հավանական:

 

Ես չգիտեմ, ենթադրում եմ, որ ավելի շատ ուժը չի պատում: Սերժ Սարգսյանի համար երկուսն էլ վտանգավոր են և դատապարտելի:

 

Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ սա կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի։

 

Քանի որ խելագարության կանխավարկածը պետք չի այս պարագայում անտեսել, հնարավոր է։ Հնարավոր է՝ չարագործը գնա ինքնասպանության, սա Ադրբեջանի համար ինքնասպանություն է և ընդհանրապես, այդ այսպես կոչված Լենին-Աթաթուրք, ինչու չէ, նաև Տրոցկի պրոյեկտը կարող է ձախողվում է և կարող է փլվել։ Այսինքն, ոչ թե հանգիստ էռոզիայի ենթարկվել, քայքայվել, այլ փլուզում տեղի ունենա, և նրանք կարող են լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Նրանք պատերազմ սկսում են ոչ միայն Հայաստանի դեմ, այլև ԵԱՀԿ-ի դեմ։ Ես համարում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Վիեննայի հայտարարությունն հենց այն մասին էր, որ նրանք ճանաչում և հարգում են ստատուս քվոն։ Նրանք չեն գա մեր փոխարեն կռվելու, նրանք զինվորներ չեն ուղարկի այստեղ զոհվելու, բայց նրանք մեր պայքարը, մեր իրավունքները կհարգեն։ Ես, անկեղծ ասած, հույս ունեմ, որ մեր բանակը, ողջ հայ ժողովուրդը, 10 մլն սվին, կկարողանանք հակահարված տալ ու հաղթել պատերազմում, իսկ աշխարհը կճանաչի մեր հաղթանակը։ Այսօր մերը թղթի շերեփ չի, մեր շերեփը հիմա պողպատից է։ Մերը հիմա ընդհանրապես շերեփ չի, սվին է։ Այդ իրավունքն աշխարհը ճանաչում է։ Մեր բանակն է, որ մեզ իրավունք է տալիս, հնարավորություն է տալիս աշխարհին հայտարարելու, որ  ստատուս քվոն չի կարելի փոխել, միայն բանակցությունների միջոցով։ Սա մեր հաղթանակն է և մեզ ուղղված քաղաքական ու քաղաքակրթական աջակցությունը։ Վիեննայում Մինսկի խմբի հայտարարությունը քաղաքական և քաղաքակրթական աջակցություն է հայ ժողովրդին։ Մենք պետք է դրանից օգտվենք։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play