Զինվորը հայրենի՞քն էր պաշտպանել, թե այն տարածքները, որը պետք է հանձնել... «Լրագիր»


Զինվորը հայրենի՞քն էր պաշտպանել, թե այն տարածքները, որը պետք է հանձնել... «Լրագիր»

  • 11-04-2016 18:58:39   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները մեծ աղմուկ են առաջացրել նույնիսկ ՀԱԿ-ում:
 
Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ը միանշանակ կողմ է խաղաղապահների տեղակայմանը եւ տարածքները փաստացի հանձնելուն:
Նա պատմել էր նաեւ, որ ապշած է մնացել, երբ այցելել է զինվորական հոսպիտալ, մասնավորապես երկու ոտքը կորցրած ծառայողի պահվածքից: «Զինվորներից մեկի համար, ում ոտքերը ամպուտացված էին, այդ տեղեկությունը որևէ կերպ համեմատելի չէր ոգու այն արտահայտության ու ժպիտի հետ, որ կար նրա դեմքին: Նա հասկանում էր, որ ինքը կատարել է իր պարտքը հայրենիքի առաջ ու դա իրեն հանգիստ ու երջանիկ էր դարձնում», ասել է Լևոն Զուրաբյանը:
Այդ զինվորը հայրենի՞քն էր պաշտպանել, թե այն տարածքները, որը պետք է հանձնել: Հիացմունքից բացի, Զուրաբյանը մարդկային խղճի խայթ չի՞ ունեցել այդ զինվորին այցելելիս, կամ այդ այցից հետո, երբ արել է իր այդ հայտարարությունը:
Լեւոն Զուրաբյանը հասկանո՞ւմ է, թե պատերազմական վիճակում նման հայտարարությունների համար ինչ որակում է տրվում եւ ինչ պատիժ է սահմանվում:
Եվ ամենակարեւոր հարցը՝ Լեւոն Զուրաբյանի մտքով կարո՞ղ է հանկարծ անցած լինել այնպիսի մի միտք, որ ինքը՝ որպես պատգամավոր, խմբակցության ղեկավար, հնարավոր է ունի մեղքի իր բաժինը, պատասխանատվության իր բաժինը այդ տղաների հանդեպ, եւ ընդհանրապես ստեղծված իրավիճակում: Եվ, ի՞նքն ինչ կերպ է պատկերացնում իր պարտքը հայրենիքի առաջ:
Հարցերը խիստ առարկայական են, ոչ հռետորական, եւ վերաբերվում են ոչ միայն Լեւոն Զուրաբյանին ու ՀԱԿ-ին, այլեւ Հայաստանի քաղաքական կոչված դասին:
Հայաստանն ու Արցախն այս օրերին մարտադաշտից հավաքում են մեր տղաների մարմինները, եւ այս հարցերը, առաջին հերթին՝ պատասխանատվության հարցը անխուսափելիորեն, խիստ առարկայական դրվելու է իշխանության ու քաղաքական դասի առջեւ:
2013-ից սկսած իշխանությունն ու քաղաքական դասը, նրանց ապոլոգետները ձեռնամուխ եղան երկրի ինքնիշխանությունը, անվտանգության համակարգը հանձնելու գործին: Նրանք միավորվեցին այն «մի քանի տասնյակ մարգինալների» դեմ, ովքեր դեռ այն ժամանակ զգուշացնում էին դրա հետեւանքների մասին: Ընդ որում՝ պարզվեց՝ զգուշացնում էին ճշգրիտ, կարելի է ասել՝ նույնիսկ ավելի մեղմ, քան այն, ինչ տեղի ունեցավ:
Մասնավորապես, հիմնավորվում էր, որ եթե Հայաստանը մտնի ռուսական «ինտեգրացիոն» կառույցներ, ապա զրկվելու է թե տնտեսության, թե անվտանգության ոլորտում արդյունավետ քայլեր անելու հնարավորությունից, եւ նոր պատերազմի դեպքում մնալու է միայնակ: Հիմնավորվում էր նաեւ, որ Հայաստանը մասնավորապես անվտանգության ու պաշտպանության ոլորտում հնարավորություն չի ունենալու վարել արդյունավետ քաղաքականություն եւ հայտնվելու է խոցելի իրավիճակում թե սպառազինության, թե արտաքին աջակցության առումով:
Ասվում էր նաեւ, որ այդպիսով կանաչ լույս է վառվելու ադրբեջանական ագրեսիայի դիմաց:
Ռուսաստանը, ինչպես արդեն պարզվեց ապրիլյան պատերազմի օրերին, ուժեղացրել է Ադրբեջանին եւ թուլացրել Հայաստանին, մասնավորապես ռազմական ոլորտում: Քայլ առ քայլ Ռուսաստանն այս քաղաքականությունը շարունակելու է, եւ Հայաստանի բանակը ավելի ու ավելի ծանր վիճակում է հայտնվելու:
Այստեղ պետք է առանձին խոսել ՀԱԿ-ի ու այն «ոչիշխանական» կուսակցությունների մասին, որոնք կատարեցին վճռորոշ դերակատարություն այդ ամենում: Նրանց պատասխանատվության հարցն առանձնահատուկ թեմա է: Բանն այն է, որ ինչպես պարզվեց հետագայում՝ այդ «բուրժուա-դեմոկրատական» խմբավորման դերն ընդամենը Հայաստանը Ռուսաստանի ու Եվրասիայի ծիրում պահելն էր, մահակի գործառույթով, որ իշխանությունը հանկարծ չշեղվի դրանից: Դրա ապացույցն այն էր, որ երբ այդ գործընթացն իրականացավ, Ռուսաստանը «ոչիշխանությանը» հռչակեց կլոուններ ու ցրեց այդ խեղկատակությունը:
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Հայաստանը մտել է պրոռուսական այդ ճահիճը: Խնդիրն այն է, որ հայ զինվորի, հերոսական ժողովրդի ֆոնին ունենք մի իշխանություն ու քաղաքական դաս՝ իրենց ապոլոգետներով, որոնք իրար հերթ չէին տալիս ինքնիշխանությունը հանձնելու հարցում: Չէի՞ն պատկերացնում, որ այսպես է լինելու: Թե՞ լավ էլ հասկանում էին, սակայն կարեւորն իրենց հարցերը լուծելն էր:
Ավելին, «ոչիշխանություն» կոչվածը հայտարարում էր, թե իրենք «այդ գործն ավելի լավ կանեն, ավելի արժանապատիվ»: Հայրենիքը հանձնելու արժանապատի՞վը որն է: Իսկ մտածե՞լ են արդյոք, որ եթե դիմադրեին երկիրը պրո-ռուսական նախագծերի մեջ խցկելու իշխանության այդ քաղաքականությանը, ինչի հնարավորությունն ունեին, թե կլոուններ չէին հռչակվի, թե Հայաստանի հանդեպ վերաբերմունքն այլ կլիներ: Մտածե՞լ են արդյոք, որ իրենք էլ 2014-ի դեկտեմբերին վավերացնելով այդ համաձայնագրերը, իրենց մասով արդեն երկիրը պարզապես չեն մտցրել պրո-ռուսական նախագծեր, այլ ջնջել են Հայաստանը որպես պետություն ու քաղաքականության սուբյեկտ, որն ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը: Այն, ինչ պետք էր Ռուսաստանին ու Ադրբեջանին՝ լիովին մեկուսացնել Հայաստանը, բոլոր առումներով դարձնել խոցելի եւ ձեռնամուխ լինել հաջորդ քայլերին, ինչը եւ հիմա կատարվում է:
Սա է ամենամեծ հանցագործությունը, որը թե քաղաքագիտության, թե օրենքի, թե բարոյականության տեսակետից բնորոշվում է մեկ եզրով: Հայ զինվորը մարտադաշտում կասեցրել է ոչ միայն թշնամու հարձակումը, այլեւ բացահայտել է այս հանցագործությունը: Եվ սահմանել դրա դիմաց պատասխանատվությունը:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play