Հովիկ Աբրահամյանը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է. Մեկնաբան


Հովիկ Աբրահամյանը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է. Մեկնաբան

  • 12-04-2016 18:32:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեք նախագահների որոշումը վարչապետի վերաբերյալ
 
Ապրիլի 10-ին փաստացի հայտնի դարձավ քառօրյա պատերազմից հետո Հայաստանում եւ դրա շուրջ ստեղծված նոր իրավիճակի առաջին զոհը՝ քաղաքական զոհը: Դա Հովիկ Աբրահամյանն է: Այդ բանն ակնհայտ է դարձել Մոսկվա ԵՏՄ վարչապետների ժողովին մեկնելու որոշումից: Հովիկ Աբրահամյանը մեկնում է մասնակցելու այդ նիստին, որը պետք է ապրիլի 8-ին տեղի ունենար Երեւանում, բայց Ադրբեջանին դուրս գալու համար Մինսկը, Մոսկվան ու Աստանան որոշեցին անել այն Մոսկվայում:
Որեւէ նշանակություն չունի, թե ով է կայացրել Մոսկվա մեկնելու որոշումը՝ Հովիկ Աբրահամյանն ինքը, թե՞ Սերժ Սարգսյանը: Ամենայն հավանականությամբ որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը, բայց գնացողը Հովիկ Աբրահամյանն է: Նրան ձենաշղթաներով չեն տանելու Մոսկվա, նա իր ոտքով գնալու է օդանավ եւ ուղեւորվելու է Ռուսաստանի մայրաքաղաք: Հովիկ Աբրահամյանը եթե անգամ ինքն էլ չէ այդ ուղեւորության նախաձեռնողը եւ ամենաշահագրգռվածը, ապա միեւնույն է՝ նա կարող էր ընդդիմանալ եւ հրաժարական տալ:
Նրան երեւի թե թվացել է, թե այդպես կորցնելու է: Բայց նա այդպես շահելու էր, Հայաստանում նա այդպես միանգամից դառնալու էր իշխանություն: Եվ միգուցե լավ է, որ Հովիկ Աբրահամյանը գնալու է Մոսկվա, որովհետեւ կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Հովիկ Աբրահամյանը դառնա իշխանություն: Լավ է, որ նա հրաժարական չի տվել ու գնում է Մոսկվա:
Իհարկե, Հովիկ Աբրահամյանին վերջնականապես քաղաքական զոհաբերության մատնելու համար Սերժ Սարգսյանը փաստորեն զոհաբերում է Հայաստանի պետական շահն ու արժանապատվությունն էլ: Բայց դա արդեն մեծ հաշվով ավանդական իրավիճակ է Հայաստանի համար: Հայաստանի իշխանությունում վաղուց արդեն հարցերն այլ կերպ չեն լուծվում:
Աբրահամյանը գնում է Մոսկվա, բայց փաստացի իր խնամու հետքով՝ Գագիկ Ծառուկյանի, որը հրավիրվեց քաղաքականությունից դուրս, բավական կոշտ բնորոշումներով: Հովիկ Աբրահամյանին քաղաքականությունից դուրս հրավիրելու բնորոշումները Սերժ Սարգսյանը փաստորեն թողեց հասարակությանը: Աբրահամյանը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է՝ բիզնես: Մոսկվայում նա անկասկած լուծելու է իր ագրոբիզնեսի խնդիրները:
Քաղաքականության մեջ նա այդպես էլ չդիմեց խելքի օգնությանը, ինչպես եւ հայտարարել էր ԱԺ նախագահի պաշտոնում: Այլապես, գոնե Գագիկ Ծառուկյանի օրինակից հետո Աբրահամյանը կաներ անհրաժեշտ հետեւություն: Բայց նա հետեւում է Ծառուկյանին, ոչ թե անում հետեւություն:
Գագիկ Ծառուկյանը դարձավ Հայաստանի երեք նախագահների համատեղ քաղաքական զոհաբերությունը: Նույնը դառնում է Հովիկ Աբրահամյանը: Պատահական չէ, որ նրա Մոսկվա մեկնելու քաղաքական որոշումը կայացվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո: Այդ հանդիպումը Հայաստանում կարծես թե սկզբնավորում է քաղաքական նոր ինտրիգ, ու կրկին երեք նախագահների շուրջ, բայց արդեն առանց նախագահական պաշտոնի: Սա իսկապես հետաքրքիր վիճակ է եւ հանգամանք, որը երեք նախագահներին ստիպում է արդեն աշխատել բոլորովին նոր տրամաբանությամբ, հատկապես, որ դա է ստիպում նաեւ քառօրյա պատերազմից հետո ստեղծված վիճակը:
Այդ մոդելում Հովիկ Աբրահամյանը դառնում է նկատելի ավելորդ դետալ, ինչն էլ առաջ է բերում քաղաքականությունից հեռացնելու խնդիրը:
Հովիկ Աբրահամյանն իհարկե կարող է դիմադրել դրան, հրաժարական տալով կամ մինչեւ Մոսկվա մեկնելը, կամ Մոսկվայում, որեւէ աղմկոտ հայտարարությամբ: Բայց դա արդեն այնքան ձգված քայլ է, որ պարունակում է չափազանց մեծ ռիսկ: Հետեւաբար առավել ճիշտ կլինի, եթե նա հրաժարական ներկայացնի Մոսկվայից վերադարձից հետո եւ ավելի հանգիստ խղճով ու գլխով ձեռնամուխ լինի այցի ընթացքում ձեռք բերած բիզնես պայմանավորվածությունների իրականացմանը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play