Անին և Մասիսը պետք է հետ վերադարձնել Հայաստանին. թուրք և քուրդ մտավորականներ (տեսանյութ)


Անին և Մասիսը պետք է հետ վերադարձնել Հայաստանին. թուրք և քուրդ մտավորականներ (տեսանյութ)

  • 15-04-2016 16:15:39   | Հայաստան  |  Հասարակություն



Առաջին անգամ եվրոպական երկու երկրների` Գերմանիայի և Հոլանդիայի չորս քաղաքներում անցկացվել է «1 թուրք, 1 քուրդ, 1 հայ խոսում են 1915–ի մասին» խորագրով կոնֆերանսների շարք, որոնց հաջորդել են Կոմիտաս վարդապետին նվիրված համերգներ: Ինչպես ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կոնֆերանսների անմիջական  մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, Բեռլինում, Համբուրգում, Ֆրանկֆուրտում, Ալմելոյում ապրիլի 2-ից 12-ն անցկացված միջոցառումներն աննախադեպ քայլ էին ժողովրդական դիվանագիտության ոլորտում: 
 
Ըստ նրա`  կոնֆերանսների շրջանակներում առաջին անգամ հայը, քուրդը և թուրքը յուրաքանչյուրը 20 րոպեում բացառիկ հնարավորություն են ունեցել խոսելու նույն թեմայի շուրջ. Այն է` 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: 
Ս. Հացպանյանի փոխանցմամբ` կոնֆերանսի հիմնական զեկուցողներն են եղել հանրահայտ թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն, քրդական ազատագրական շարժման ռահվիրաներից, քուրդ գրող–հրապարակախոս՝ Ռեջեփ Մարաշլըն և ինքը: 
«Գերմանիայում նման կոնֆերանսների անցկացումը պայմանավորված էր նրանով, որ հենց միայն Գերմանիայում բնակվում է 3 մլն թուրք և այն համարվում է ժողովրդավար երկիր, որտեղ բոլորը` անկախ իրենց ազգային պատկանելիությունից, կարող են խոսել հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Ս. Հացպանյանը` հավելելով, որ կոնֆերանսներին մասնակցել են բազմաթիվ թուրք բարձրաստիճան պաշտոնայներ, քրդեր, արաբներ, զազաներ: 
Փորձագետի համոզմամբ` նմանատիպ կոնֆերանսների կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք հրաշալի հնարավորություն են առանց երրորդ կողմի, անմիջականորեն խոսել հայերի ցեղասպանությունն իրականացրած թուրքերի և քրդերի հետնորդների հետ:  
«Մեզ տրված 20 րոպեում յուրքանչյուրս փորձել ենք փոխանցել մեր ուղերձը, ցանկությունները հենց դիմացինին. Սկզբում խոսել են թուրքն ու քուրդը, հետո միայն ես, քանի որ ինձ համար շատ կարևոր էր սկզբում լսել նրանց կարծիքն ու դրա հիման վրա կառուցել իմ զեկույցը»,- նշեց Ս. Հացպանյանը:
Վերջինիս խոսքերով` թե թուրք, թե քուրդ մտավորակնների զեկույցներն ապշեցուցիչ են եղել այն իմաստով, որ դրանք հայ ժողովրդին ուղղված բացառիկ ուղերձներ են:
Ըստ նրա, մասնավորապես, թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն, նշել է. «Որպեսզի աշխարհասփյուռ հայությունը մեզ` թուրքերին և քրդերին, մարդու տեղ դնի և մի սեղանի շուրջ նստի, ապա մենք երկու կարևոր քայլ պետք է անենք` հայերին պետք է վարադրաձնել իրենց խորհրդանիշները` Անին և Մասիսը»:   
Թուրք մտավորականն անթույլատրելի և անմոթալի է համարել այն, որ հայը դարերով իրեն պատկանող մայրաքաղաք Անին տեսնելու համար ստիպված է սահման անցնել և հեռվից դիտել, նույնը նաև թուրքերի կողմից բռնազավթված Մասիսի դեպքում:  
Վերջինս կոչ է արել բոլոր թուրքերին, հատկապես նաև Թուրքիայի կառավարությանն ու ղեկավարներին անմիջապես Հայաստանին հետ վերադարձնել այդ երկու կարևոր տարածքները: Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ կատարվածը հանցագործություն է ամբողջ մարդկության դեմ, որն անժամանցելի է և ներում չունի:  
Քուրդ գրող–հրապարակախոս` Ռեջեփ Մարաշլընն էլ իր հերթին ընդգծել է, որ մշտապես ամաչել է հայերից զավթած հողատարածքների վրա ապրելու և այն Քուրդիստան կոչելու համար: Նրա կարծիքով` ոչ մի տարբերություն չկա, թե ով է հայերից գողացել իր հողատարածքները, մինչդեռ թուրքերը և քրդերը պնդում են, որ Արևմտյան Հայաստանի հողերն իրենցն են: Վերջինս պնդել է , որ Արևմտյան Հայաստանի լիիրավ տերը հայերն են, այդ մասին նա անգամ գիրք է գրել` հրապարակայնորեն ներողություն խնդրելով իր նախնիների փոխարեն:  
Ս. Հացպանյանի փոխանցմամբ` վերոնշյալ երկու մտավորականների նման դիրքորոշումը չի կարող անտարբեր թողնել թուրք և քուրդ լայն զանգվածներին, քանի որ երկուսն էլ Թուրքիայում և Թուրքիայից դուրս տպագրվող պարբերականների սյունակագիրներ են, ովքեր հանրային կարծիք են ձևավորում և լայն ճանաչում ունեն: 
«1 թուրք, 1 քուրդ, 1 հայ խոսում են 1915–ի մասին» խորագրով կոնֆերանսների շարքում հայկական կողմը ներկայացրած Ս. Հացպանյանը հորդորել է հետ բերել հայկական պատմամշակութային արժեքները: 
Դուդուկահար Սուրեն Ասատրյանի խոսքերով` կոնֆերանսներին հաջորդած համերգի առաջին հատվածը նվիրվել է Կոմիտաս վարդապետին, և իրենց կատարմամբ հնչած երաժշտությունն ամբողջությամբ փոխլրացրել և հաստատել է կոնֆերանսների շրջանակներում եղած զեկույցների ճշմարտացիությունը: 
  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play