ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ․ Պուտինը բացահայտել է Ղարաբաղի խնդրի լուծումը


ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ․ Պուտինը բացահայտել է Ղարաբաղի խնդրի լուծումը

  • 15-04-2016 16:17:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծում գտնի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դա շատ զգայուն թեմա է, մենք պետք է դրան վերաբերվենք հայտնի բժշկական սկզբունքով՝ մի վնասիր»: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական մեթոդներով, երկկողմ զիջումներով:
 
Իր հերթին, ՌԴ վարչապետ Մեդվեդեւը Բաքվում հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդրի լուծման երկու տարբերակ է տեսնում՝ պատերազմ, կամ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, այսինքն՝ ներկայիս ստատուս-քվոն:
Ավելի վաղ, Երեւանում Մինսկի խմբի համանախագահների ասուլիսում ռուս համանախագահ Պոպովը փաստացի հայտարարել էր, որ նոր առաջարկներ չկան: Նա հիմնականում խոսել էր նախկին առաջարկների մասին, մասնավորապես՝ Մադրիդի սկզբունքների ու Կազանի փաստաթղթի մասին, ավելացնելով նաեւ, որ կարգավորման այսպես ասած «Լավրովի պլան» գոյություն չունի:
 
Այդ ասուլիսը հետաքրքիր էր այլ տեսանկյունից: Մինչ ռուս համանախագահը խոսում էր կարգավորման քաղաքական կողմի մասին, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն ավելի շատ խոսում էին խնդրի մարդասիրական կողմի, իրավունքների մասին: Կարծես թե ուրվագծվում է աշխատանքի որոշակի բաժանում, եւ ապրիլյան ռազմական գործողություններից հետո կարգավորման քաղաքական նախաձեռնությունը տրվել է Ռուսաստանին:
Ընդ որում, այդ օրերին ուրվագծվեց եւս մեկ ուշագրավ հանգամանք: Մինչ Ռուսաստանը խոսում էր կարգավորման տարբերակներից, Արեւմուտքը տարբեր մակարդակներով բարձրացնում է Արցախի սուբյեկտության, անկախության ճանաչման խնդիրը: Օրինակ, Եվրոպական խորհրդարանի նիստում բազմաթիվ պատգամավորներ հայտարարում էին ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին, իսկ CNN-ի հայտնի ռեպորտաժում հակամարտության կողմեր էին ներկայացվել Ադրբեջանն ու ԼՂՀ-ն:
Եվ ահա, այս ֆոնին Մոսկվան հայտարարում է, թե նոր առաջարկներ չկան, եւ պետք է գործել «մի վնասիր» սկզբունքով: Ինչ վերաբերվում է երկկողմ զիջումներին, ապա դա բավական խմդրահարույց է: Եվ կա երկու ճանապարհ՝ կամ պատերազմ, կամ ստատուս-քվոյի պահպանում:
 
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սա կարծես թե նոր երեւույթ է, երբ կողմերին առաջարկվում է ոչ թե որեւէ փաստաթուղթ, այլ երկու ճանապարհ: Այսինքն, գործի է դրվել երկու զուգահեռ գործընթաց, եւ Հայաստանի իշխանությունը կարծես թե ընդունել է այն:
Ըստ էության, խնդիրը «վերադարձնելով» Մոսկվայի իրավասությանը, Արեւմուտքը նրան է վերապահել «սեւ գործը», ինչպես վերջին շրջանի միջազգային այլ կարեւոր գործերում: Իսկ իրեն պահել է ԼՂՀ սուբյեկտության, հակամարտության գոտում հետաքննությունների մեխանիզմի ներդրման, այսինքն՝ ստատուս-քվոյի ճանաչման հարցերը:
 
Ռուսաստանը փաստացի դեռ տատանվում է՝ ստատուս-քվոյի ճանաչո՞ւմ, թե պատերազմ: Թվում է, թե ամեն ինչ դարձել է ի շրջանս յուր, սակայն ապրիլյան պատերազմը կտրուկ փոխել է թե բանակցության, թե բանակցության առարկաների տրամաբանությունը:
 
Բարդ իրավիճակ է, եւ պահանջվում է մի կողմից համարժեքություն, նյուս կողմից՝ վճռականություն: Հնարավոր է՝ հանգուցալուծման համար եւս մեկ ռազմական գործողությունների փուլ «պահանջվի», երբ փորձ կարվի փոխել ստատուս քվոն, եւ ըստ այդ գործողությունների արդյունքի կկայացվի որոշումը:
 
Հայկական բանակը պատրա՞ստ է այդ փուլում չկատարել գրոհը կասեցնելու քաղաքական իշխանության հրամանը, եթե այդպիսին լինի:
 
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play